31-ամյա տաքսու վարորդըՙ Հայկը, Արմավիրի գյուղերից էՙ բարձրագույն կրթությամբ, հաճելի զրուցակից է։ Երեւանում բնակարան չունի. երկու օրը մեկ գնում է տուն, վերադառնում։ Շփումները ամենատարբեր տարիքի մասնագիտության ու բնավորության տեր մարդկանց հետ են, աշխատում է շուրջօրյա։ Գիշերային այցելուների հետ կապված անակնկալներն ավելի շատ են, հաճախՙ վտանգավոր, երբեմնՙ արտառոց։ Գիշերային վարձի մեջ տարբերություն չկա։ «Խիղճ ասած բանը հիմա չկա, վերացական հասկացություն է, ասում է։ Հիմա ամենավերեւում փողն է. ընկերություն, հարգանք, պատիվ փողի զորությամբ են գործում։ Փող կաՙ պատիվ, հարգանք կա։ Բայց ինչպիսին են մարդկային հարաբերությունները հիմա։ Գազան են դարձել, իրար կոկորդ են կրծում, մեկը մյուսին փողի համար ինչ ասես կանի»։
Ինչ է տեսնում այս երիտասարդն իր ամենօրյա շփումներում, ինչ արժեքներ են շրջապատում նրան, եւ ինչպես է ապրում իրեն օտար հոգեբանական մթնոլորտում։ Պարզապես օրվա ապրուստն է հոգումՙ անվստահության եւ փոխադարձ անհանդուրժողականության միջավայրում։ Կյանքը սպանող մի հանգամանք, որից ծայր են առնում ձանձրույթն ու անտարբերությունը։
«Կյանք, որտե՞ղ է կյանքը, ասում է, մի 10 տոկոսի համար ամեն ինչ լավ է, փողը ունեն, մեքենան ունեն, օբյեկտն ունեն։ Մնացած 80-90 տոկոսը մեզ նման է ապրում։ Աշխատանքից հոգնած գնում ես տուն, մի քիչ հանգստանում, նորից վերադառնում ղեկին»։
«Իսկ գյուղացիք ինչո՞վ են զբաղվում», հարցնում եմ։ «Մինչեւ ձմեռ հողագործությամբ են զբաղված, աշնանը մթերքը վաճառելուց հետո, մի երկու կոպեկ հետ են գցում, շարունակում սպասել գարնանը։ Հիմա զբաղմունք չկա. կամ հավաքվում են սրա-նրա տանը, կամ գյուղամիջում կանգնում, զրուցում։ Գիշերային ժամերինՙ 1-6-ը, հոսանքն անջատում են։ Ցերեկներն էլ պատահում է, որ անջատեն, 1992-93 թթ. հովհարային օրերն ասես հետ են դարձել։ Ջահելների համար զբաղմունք չկա, ապրուստը սուղ է։ 15 օր մի տեղ աշխատեցի, փակվեց, տանը նստած գժվում էի։ Ի՞նչ են ուզում երիտասարդներըՙ աշխատանք։ Եղբայրս էլ, ես էլ ավարտել ենք, բարձրագույն կրթության դիպլոմ ունենք, ի՞նչ ենք անում. նա հող է մշակում, ես տաքսի եմ քշում»։
«Ամուսնացա՞ծ ես», հարցնում եմ։ «Ինչո՞ւ ամուսնանամ։ Պետք է կարողանամ ընտանիքս պահել։ Ասենքՙ տուն վարձեցի, օրական 2 հազար դրամով ո՞նց եմ ընտանիք պահելու։ Ծնողներս ինչի՞ տեր են, որ օգնեն։ Ավարտեցինք, գնացինք բանակ, վերադարձանք, ուզեցինք ընտանիք կազմել, տեսանքՙ կյանքն իմաստ չունի։ Գոյության պայքար է ընդամենըՙ օրվա հացի համար ամեն ինչի պատրաստ։ Մարդկանց մեջ մարդկություն չկա, ում համար շարունակես կյանքը, ինչու ընտանիք կազմես, կամ երեխա ունենաս»։ «Շատե՞րն են այդպես մտածում»։ «Իմ միջավայրում գրեթե բոլորը»։ «Լավ, ուրիշ զբաղմունք, հետաքրքրություն, աշխատանքից բացի, չունե՞ս»։ «Ինչո՞վ զբաղվես, ազատ մի օր է հանգստանում եմ, մի հաղորդում անգամ չկա, որ ուզենաս նայել։ Եթե մի կարգին բան էլ կա, էնքան գովազդ են մեջը գցում, զզվում, անջատում ես։ Բա՜ լոտոները։ Երդվել եմՙ չառնել, ոնց են խաբում ժողովրդին»։ «Նոր տարի է գալիս, ինչպե՞ս եք դիմավորելու»։ «Չգիտե՞ք հայերին, մեկը մյուսին նայելով սեղան է դնում։ Վա՜յ, էս առա, էն մնաց, ո՜նց կլինի։ Էդ օրերի վազքից հոգնում, հաջորդ օրերին էլ տանը ստիպված նստում, սպասում են, թե այսինչը պիտի գա շնորհավորելու, կամ էլ սրա-նրա տուն են գնումՙ պարտականություն կատարելու պես։ Ինձ մնա, սրտակից, մոտ ընկերներիս հետ էդ գիշեր կհավաքվենք, կուրախանանք, մնացած օրերին էլ կքնեմ»։
Ժպտում է...շարունակելու է գիշերային աշխատանքըՙ Երեւանի լուսավոր ու անլույս փողոցներում։ Տեսնես գիշերն ի՞նչ անակնկալ է պատրաստել կյանքից այսքան շուտ հոգնած երիտասարդի համար։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ