Մինչեւ 2004 ապրիլի 1-ը Երեւանը հրաժեշտ կտա փողոցային առեւտրին
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը տարեվերջյան ավանդույթի համաձայն ամփոփեց 2003 թվականի Երեւանըՙ քաղաքային հիմնախնդիրների համապատկերում։ Միայն թե անցած տարի եզրափակիչ այդ հաշվետվությանը մասնակցում էր նաեւ ՀՀ նախագահը։ Իր վեցամսյա քաղաքապետության ընթացքում Երվանդ Զախարյանը թերեւս ավելի շատ կարեւորում է հողի հարկի ու գույքահարկի գանձումների փոխանցումը թաղապետարաններին։ Նա գոհունակությամբ հիշեցրեց, որ ռեֆորմը գործարկելուց ի վեր հարկային մուտքերն աճել են 30-40 տոկոսով։ Եվ հույս կա, որ դրանց աճի ցուցանիշները գալիք տարում չեն փոփոխվի։ 2004 թ. իբրեւ հարկային բարեփոխման հաջորդ քայլ, կհաշվառվի ե՛ւ իրավաբանական, ե՛ւ ֆիզիկական անձանց գույքը եւս։ Այդ բազան խառնիխուռն վիճակում է, եւ հարկային դաշտի այս կտրվածքով հստակեցումը լրացուցիչ ֆինանսական միջոցներ կբերի Երեւանին։
«Մայթերին կից եւ կանաչ տարածքներում նոր կառուցապատումները դադարեցվել են», սա քաղաքապետի գնահատմամբ մյուս կարեւոր իրողությունն է 2003-ի Երեւանի կյանքում։ Եթե կառուցապատումներ էլ լինում են, ապա դրանք պիտի համապատասխանեն նոր սահմանված չափորոշիչների պահանջներին։
Արդեն պատրաստ են 2004-2007 թթ. մայրաքաղաքի զարգացման հիմնադրույթները, որոնք արդեն ներկայացվել են կառավարության քննարկմանը։ Դրանք կոնկրետ աշխատանքային ծրագրեր ենՙ հիմնականում քաղաքաշինության, ջրամատակարարման ու ջեռուցման համակարգերի, Հրազդանի կիրճի եւ կանաչ տարածքների վերականգնման վերաբերյալ։
Նոր քաղաքապետի պաշտոնավարման օրոք Երեւանը զրկվեց կենտրոնական ջեռուցումից։ Դա, իհարկե, Ե. Զախարյանի մեղքը չէ։ «Հայռուսգազարդին» բնակչության պարտքը 4 մլրդ դրամ է, «Հայգազարդին»ՙ 2,5 մլրդ դրամ։ Կենտրոնացված ջեռուցումն այլեւս աննպատակահարմար դարձավ ոչ միայն համակարգի մաշվածության, այլեւ մեծ կորուստների պատճառով։ Որպես կանոն, բազմահարկ շենքերում բնակիչների 10-15 տոկոսը չկա։ Այնպես որ, ապագան լոկալ ջեռուցմանն է։ Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Նոր Նորք համայնքներում արդեն մի քանի շենքեր անցել են ջեռուցման այդ տարբերակին։
Անցնող տարում Երեւանի վթարային շենքերը հաշվառվել ու հետազոտվել են։ Այսպիսի ուսումնասիրություն եղել է մեկ էլ 1995 թ.-ին։ Ըստ քաղաքապետի, 2004 թ.-ին դրանց մեծ մասը կամրացվի ու փոխհատուցումներ կտրվեն տանտերերին։ Ըստ հաշվարկների, 7-8 տարում վթարային շենքերի խնդրի լուծմանը կտրամադրվի 4 մլրդ դրամ։
Խարխուլ բնակֆոնդից ազատվելու միջոցառումներ կձեռնարկվեն Կոնդում, Մաշտոցի աջ եւ ձախ հատվածներում, Սուրբ Սարգիս եկեղեցուն հարող տարածքում։ Երվանդ Զախարյանը հիշատակեց, որ Երեւանն ազատվելու է նաեւ հայտնի ֆիրդուսնոցից։
Հիշեցնենք, որ այս մասին բազմիցս հավաստիացրել են նաեւ նախկին պաշտոնատարները, բայց արեւելյան խայտաճամուկ այդ «բազարն» այդպես էլ անվրդով շարունակել է գոյությունըՙ արհամարհելով քաղաքակիրթ առեւտրի տարրական պահանջները, մշտապես անպաշտպան մնալով հրդեհների, մանր ու մեծ գողությունների ու գրպանահատության հանդեպ։
2004 թ. վերջին նախատեսվում է ավարտել իրացման աշխատանքները Հյուսիսային պողոտայում, որից անմիջապես հետո կմեկնարկի շինարարությունը։ Հյուսիսային պողոտան ավարտուն տեսք կունենա 2006 թ.։ Այս ձեռնարկը, քաղաքապետի կարծիքով, անցնող տարվա ամենանշանակալից ու հաջողված իրադարձությունն է, որ առանցքային դեր ունեցավ եւ կունենա ընդհանրապես Երեւանի քաղաքաշինության համար։
Գալիք տարում քաղաքապետարանը եւ թաղապետարաններըՙ ամեն մեկն իր մասնաբաժնով (քաղաքապետարանը 800 մլն դրամ, համայնքներըՙ 500 մլն) կշարունակեն «Լինսի» ծրագրով սկսվածՙ Երեւանի փողոցների նորոգումները։ Ներդրումներ կիրականացվեն ոչ կենտրոնական, աչքից ու ուշադրությունից դուրս մնացած փողոցներում։
Երվանդ Զախարյանը կրկին հիշեցրեց, որ մինչեւ գալիք տարվա ապրիլի 1-ը, ինչպես եւ խոստացել է, Երեւանը հրաժեշտ կտա փողոցային առեւտրին։ Մինչ այդ փողոցային առք ու վաճառքը կենտրոնացնող վաճառակետեր կստեղծվեն բոլոր համայնքներում։ Առայժմ դժվարություններ առկա են միայն «Շրջանայինում», ուր առեւտրի այս տարբերակը զանգվածային բնույթ է կրում։ Եվ դեռ անորոշ է, թե որտեղ են հավաքվելու այստեղի փողոցային առեւտրականները։ Այս հիմնախնդիրը եւս, ինչպես հանրահայտ ֆիրդուսնոցը, Կոնդի խարխուլ տներն իրենց բնակիչների հետ, օրեցօր ավելացող վթարային շենքերը, կանաչի շարունակական բռնազավթումները, շարունակում են մնալ մայրաքաղաքային իրականության խոցելի բնորոշիչները։ Քաղաքապետը հավատացնում է, որ իր 6-ամսյա պաշտոնավարման ընթացքում որեւէ մեկի կողմից որեւէ ճնշում ու արգելք չի եղել որեւէ հարցի լուծման ընթացքում։
Գուցե նրան հաջողվի նաեւ մարմին տալ մշտապես խոստումների կերպարով ներկայացող քաղաքային հիմնահարցերի գոնե մի մասին։