«Ազգը» դեկտեմբերի 4-ի համարում «Թուրքերն ամենաբացասական կարծիքն ունեն Հայաստանի նկատմամբ» վերնագրով տեղեկացրել էր Թուրքիայի 12 քաղաքներում անցկացված հասարակական կարծիքի ուսումնասիրման մասին։ Թուրքական «Ռադիկալ» թերթում հրապարակված արդյունքներն «Ազգին» հաղորդել էր Թուրք-հայկական գործարարության զարգացման խորհուրդը։
Ուսումնասիրությունն անցկացրել էին մի խումբ գիտնականներ, ըստ որի, թուրքական հասարակական կարծիքն ամենաբացասական վերաբերմունքն ունի Հայաստանի նկատմամբՙ 71 տոկոս, թուրքերի 44,7 տոկոսը գտնում է, որ հարկավոր է Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնել, իսկ 43,5 տոկոսը դեմ է։ Ուսումնասիրության թերեւս ամենաուշագրավ տվյալն այն է, որ թուրքերի 61 տոկոսն ընդունելի է համարում Հայոց ցեղասպանության «պնդումների» ազատորեն քննարկումը երկրում։
Վերոհիշյալ ուսումնասիրմանը դեկտեմբերի 5-ին անդրադարձել է Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթը, միաժամանակ տեղեկացնելով, որ դա անցկացվել է «Թուրքական արտաքին քաղաքականություն» խորագրի տակ։ Նույն թերթի դեկտեմբերի 12-ի համարում վերլուծականով համանման ուսումնասիրությանն անդրադառնում է նաեւ Թաներ Աքչամը։ «Արժեքների ուսումնասիրությունը Թուրքիայում» ընդհանուր խորագիրը կրող այս աշխատանքը կատարվել է դոկտոր պրոֆ. Յըլմազ Էսմերի ղեկավարությամբ։ Ուսումնասիրության «հանդուրժողականություն» հատվածի առաջին մասը «Ռադիկալը» հրապարակել էր նոյեմբերի 16-ինՙ Իսմեթ Բերքան ստորագրությամբ, իսկ երկրորդըՙ նոյեմբերի 30-ին, որի հեղինակն էլ դոկտ. Ադնան Գյումուշն է։
Բերքանի հրապարակման մեջ նշվում են հարցախույզի ենթականերիՙ կուզենայի՞ն քրիստոնյա հարեւան ունենալ հարցի պատասխանները։ 1990-ին հարցին բացասական է պատասխանել թուրքերի 59 տոկոսը։ 1996-ինՙ 61 տոկոսը, 2000-ինՙ 45, իսկ 2001-ինՙ 51 տոկոսը։ Մինչդեռ մահմեդական հարեւաններին դեմ են ֆրանսիացիների 16 տոկոսը, անգլիացիներիՙ 14, գերմանացիներիՙ 11, իտալացիներիՙ 17, իսպանացիներիՙ 11, հույներիՙ 31, բուլղարներիՙ 27 եւ ռուսների 14 տոկոսը։ Ընդ որում միասեռական հարեւանից խուսափող թուրքերը կազմում են 90 տոկոս։ Թուրքերի 62 տոկոսը հրեա հարեւան չի ցանկանում, իսկ 72 տոկոսըՙ գնչու։
Ինչ վերաբերում է Գյումուշի հրապարակմանը, ապա այստեղ երեւան են հանվում հայերի եւ հրեաների նկատմամբ թուրքերի բացասական վերաբերմունքն արտահայտող տվյալներ։ Ըստ որոնց, Ադանա քաղաքի 22 լիցեյներում եւ համալսարանի 6 ֆակուլտետներում 1631 աշակերտների եւ ուսանողների շրջանում կատարված հարցախույզից հետեւյալ արդյունքն է ստացվել. «Որպես մահմեդական պարտավոր են մերժել հրեաներին»։
Ցավոք, Գյումուշի հոդվածը ձեռքի տակ չունենք։ Դրա բովանդակությանը Աքչամի շնորհիվ ենք ծանոթանում։ Բայց եւ այնպես, հենց Աքչամի հոդվածից էլ պարզ է դառնում, որ հարցախույզի մասնակիցների 70-90 տոկոսի կարծիքով «հայերն ու հրեաները շատ չարագործություններ են կատարել եւ լավ կլիներ, որ նրանք լքեն Թուրքիայի տարածքը»։ Ընդ որում մասնակիցները դպրոցականներ են եւ համալսարանի ուսանողներ։ Աքչամը մատնանշելով այս փաստը ընդգծում է, որ թուրք հասարակության մեջ հակասեմականությունը ծավալվում է։ Նա միաժամանակ խոստանում է, որ կշարունակի թեման։ Թվում է, թե հաջորդ հոդվածն էլ նվիրված կլինի թուրք հասարակության մեջ առկա հակահայկականությանը։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ