Նելլի Լալայան. մի կյանքի պատմություն
Մարդկային ճակատագրերը խիստ տարբեր են։ Երբեմն դրանցում կարեւոր դերակատարում են ունենում այնպիսի գործոններ եւ հանգամանքներ, որ կարծես թե երկրորդական պիտի լինեին։ Թեեւ տարօրինակ չէ, որ մարդու ազգությունը կարող է նշանակություն ունենալ, ասենք, որեւէ երկիր այցելելու դեպքում, բայց սովորական չէ նաեւ, որ կրթություն ստանալիս գլխավոր նշանակություն ունենան ծննդավայրում։
Ղազախստանի Կուստանայի մարզում հայերը մեծ մասամբ զբաղվում են ստեղծագործ աշխատանքով։ Նրանց զգալի մասը դասախոսում է մարզի տարբեր բուհերում, ղեկավարում ֆակուլտետներ, համալսարաններ։
Այդպիսի մի անձնավորությանՙ Նելլի Լալայանի հետ ծանոթացա Կուստանայում։ Տկն Լալայանին այնտեղ բոլորը ճանաչում են որպես «շախինայի»։ Տեղացիների համար շախինա բառը համարժեք է տնօրեն, այսպես ասածՙ շեֆ բառին, եթե վերջինս կին է։
Նելլի Լալայանին շախինա են կոչում, քանի որ նա, լինելով Կուստանայի սոցիալական ակադեմիայի մանկավարժական ֆակուլտետի դեկանը եւ ունենալով զգալի կշիռ մարզի գործիչների մեջ, օգնում է իրեն դիմող բոլոր հայերին։ Օգնում է ինչով կարողանում է։ Հատկապես եթե հարցերը վերաբերում են կրթությանը, կրթական համակարգին, տկն Լալայանի օժանդակությունն անփոխարինելի է դառնում։
Հենց այս կտրվածքով էլ թերեւս հետաքրքրական է այն հանգամանքը, թե Նելլի Լալայանն ինչպես է ժամանակին հեռացել Հայաստանից։
«Ծնվել եմ Կիրովաբադում, գերազանց ավարտել եմ միջնակարգ դպրոցը։ Լավ էի սովորում եւ ցանկանում էի անպայման ստանալ բարձրագույն կրթություն։ Ծնողներս ամեն հարցում ինձ նյութապես օգնում էին, քանի որ տան կրտսերն էի», իր կենսագրությունը պատմելիս այսպես սկսեց տկն Լալայանը։
«Եթե հիմա մենք խոսում ենք կոռուպցիայի մասին, որ դարձել է մեծ չարիք, ապա ժամանակինՙ 70-ականներին էլ պետք էր «ճարպոտ թաթ» ունենալ։ Կիրովաբադի երկու բուհերում էլ ես ընդունվելու հավանականություն չունեի, քանի որ հայ էի։ Դրա համար էլ գնացի Երեւան։ Երեք տարի դիմեցի, հանձնեցի քննություններ, սակայն ամեն անգամ մի հիմնական խոչընդոտ մնում էր անհաղթահարելի. ես հայ էի, որ եկել էր Ադրբեջանից»։
Պարզվում է, հայաստանցի-ղարաբաղցի, հայաստանցի¬«Ադրբեջանի հայ» խնդիրը մերօրյա նորություն չէ եւ, դժբախտաբար, պատմություն ունի։ Շախինայի պատմության շարունակությունը դրա վկայությունն է։ «Մեր ազգականներն անգամ Հայաստանում մեզ ասում էին «շուռ տված հայեր»։ Այդ արտահայտությունը ես երբեք չեմ մոռանա։ Դա վիրավորանք է, որ մինչեւ այսօր լսում եմ։ Ասում ենՙ ժամանակի հետ ամեն ինչ մոռացվում է, բայց այս վիրավորանքը ես չեմ մոռացել։ Չնայած սրան, երեք տարի շարունակ փորձում էի բուհ ընդունվել։ Երրորդ տարին արդեն անգիր գիտեի, թե քիմիա առարկայի որ հարցի պատասխանը որ էջի վրա է գրված։ Առաջին տարին դիմել էի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիայի բաժին, չընդունվեցի։ Երկրորդ եւ երրորդ տարիներին դիմեցի ԵՊՀ քիմիայի եւ կենսաբանության բաժին։ Դարձյալ նույն արդյունքը»։
Հասկանալի է, որ մի քանի անգամ ընդունելության քննություն հանձնելու եւ անարդարացիորեն մերժվելու դեպքում դժվար թե բուհ ընդունվելու ցանկություն մնար։ Բայց տկն Լալայանիՙ բարձրագույն կրթություն ստանալու ցանկությունն իսկապես մեծ է եղել։ «Երբ հասկացա, որ ես Երեւանում ոչնչի չեմ հասնի, քանի որ Ադրբեջանից եմ եկել, ամեն ինչ թողեցի ու... գնացի Ղազախստան, հյուսիսային մայրաքաղաքՙ Ցելինոգրադ (ներկայումս Աստանա)։ Առաջին իսկ փորձով ընդունվեցի բժշկական ինստիտուտ։ Բայց երկու ամիս անց դադարեցրի ինստիտուտ հաճախելը, քանի որ չդիմացա անատոմիկումում անցկացվող պարապմունքներին։ Հաջորդ տարի եկա Կուստանայ, ընդունվեցի մանկավարժական ինստիտուտի քիմիայի եւ կենսաբանության բաժին, ինչը եւ ցանկանում էի։ Ընդունվեցի եւ ավարտեցի գերազանց»։
Մի քանի տարվա անհաջող փորձերից հետո, ինչպես պատմեց Նելլի Լալայանը, իր երազանքը դարձավ իրականություն։ Նա ստացավ անհրաժեշտ բարձրագույն կրթությունը, եւ քանի որ աչքի էր ընկել գերազանցությամբ, տկն Լալայանին պահեցին ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետում։ Հետո եկան դասախոսական տարիները, ասպիրանտուրան։ Եկատերինբուրգի էկոլոգիայի ինստիտուտի գեոբոտանիկայի լաբորատորիայում Նելլի Լալայանն իր համար թեմա ընտրեց, որ վերաբերում էր Ղազախստանի բուսականությանը։ Ի դեպ, հենց ասպիրանտական տարիների եւ ատենախոսության թեմայի արդյունքում 80-ական թթ. Ղազախստանում առաջին անգամ տկն Լալայանի գիտական աշխատանքի նյութերով մշակվեց ազգային պարկի ծրագիր։ Որոշ ժամանակ անց ստեղծվեց այդ ազգային պարկը։
Ներկայումս Նելլի Լալայանը սոցիալական ակադեմիայի պրոֆեսոր է, 9 մասնագիտություն ներառող մանկավարժական ֆակուլտետի դեկան։ Եվ այս ամենին նա հասել է օտար երկրում եւ ոչ Հայաստանում։
«Ես շատ պարտական եմ Ղազախստանին եւ ոչ Հայաստանին, քանի որ Հայաստանում ես ոչ մի կերպ չկարողացա բուհ ընդունվել։ Իսկ Ղազախստանում առանց որեւէ մեկին ճանաչելու, գերազանց հանձնեցի բոլոր քննությունները եւ բարձրագույն կրթություն ստացա։ Ես երախտապարտ եմ Ղազախստանին նաեւ, որ այստեղ է ծնվել որդիս, ստացել բժշկական բարձրագույն կրթություն։ Ի վերջո, իմ երազանքներն իրականացել են, քանի որ սպիտակ խալաթ է հագնում իմ տղան։ Ես Հայաստանում բժշկական ինստիտուտ փորձ իսկ չեմ արել, քանի որ այդ ժամանակ արդեն դա հնարավոր չէր։ Իսկ եթե ընդունվեի էլ, Հայաստանում որեւէ բուհ, ասպիրանտուրայի հարցը եւ հետագա զարգացումներն այնպես չէին լինի, ինչպես Ղազախստանում։ Այսպես է, որ ես իմ եւ որդուս համար երախտապարտ եմ Ղազախստանին»։
Երախտապարտությունն իր հերթին, բայց այս ամենով հանդերձ Նելլի Լալայանը Կուստանայի մարզում շախինա է, ում բոլոր հայերը կարիքի դեպքում դիմում են եւ օգնություն ստանում։ Պարզապես գնահատելի է, որ ընդհանուր առմամբ իր հայրենիքից, եթե կարելի է այդպես ասել, նեղանալու փոխարեն տկն Լալայանն օգնում է ոչ միայն հայերին, այլեւ Հայաստանին, մասնակցում Կուստանայի մարզի հայ համայնքի բոլոր խնդիրներին։
Այս պատմության մեջ ափսոսանքն այն է, որ Նելլի Լալայանի նման էլի շատերն ինչ-որ մարդկանց, հանգամանքների, գործոնների սուբյեկտիվ ազդեցության պատճառով իրենց գործունեությունը ծավալում են Հայաստանից դուրս։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Կուստանայ-Երեւան