ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ամանորից հաշված օրեր առաջ Սպառողների միությունը հավաքել էր «Հայջրմուղկոյուղու», կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, Երեւանի Ջրմուղ-կոյուղու ներկայացուցիչներին եւ կրկին փորձում էր փորփրել Արաբկիր եւ Կենտրոն համայնքներում ջրի աղտոտման պատմությունը։ Միության նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ, ինչպես ջրամատակարարման, այնպես էլ սպասարկման, կոմունալ ծառայությունների ու մյուս ասպարեզներում սպառողների պաշտպանվածությունը շարունակում է մնալ կասկածելի մակարդակի վրա։ Ինչպես ջրի աղտոտման օրերին, այնպես էլ հիմա իշխանությունները չեն շտապում պարզաբանումներ ներկայացնել կատարվածի պատճառների ու դրանում մեղքի բաժին ունեցողների վերաբերյալ։ Այս մասին միության պարբերական հարցումներին միօրինակ պատասխան է տրվումՙ դատախազությունն զբաղվում է գործի բացահայտմամբ։
Իսկ մինչ այդ միայն միություն դիմած տուժողների թիվը հասել է 5 տասնյակի։ Այս ընթացքում միայն մի դատական նիստ է կայացել, թեեւ 10 հայցեր արդեն դատարանում են։ Հոգնելով անվերջ քաշքշուկներից, հայցվորներից մեկը հետ է վերցրել դիմումը։ Առ այսօր միությանը չի հաջողվել պարզել նաեւ, թե ինչ հիմքերով են կատարվում փոխհատուցումների հաշվարկները։
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ առեւտրային տնօրեն Գագիկ Մարգարյանը վթարի պատճառները դարձյալ բացատրեց բազմիցս կրկնված փաստարկներովՙ ցանցն ահավոր վիճակում է, 40-50 տարի ներդրումներ չեն եղել, վթարների հավանականություն այսօր էլ կա եւ կլինի։ Իսկ թե կոնկրետ որ հատվածում եւ ինչ պատճառով է ջրի զանգվածային աղտոտումը եղել, վթարից 2 ամիս անց էլ հայտնի չէ։ Ընդամենը շարունակում են վարկածներ շրջանառվել։ Ջրմուղը չի կարողացել ժամանակին ու օպերատիվ արձագանքել, որովհետեւ պատահարն արտակարգ է եղել եւ իրենք չեն կողմնորոշվել։ Իսկ փոխհատուցումների հետեւյալ մեխանիզմն է կիրառվելՙ աղտոտված ջրի համար գանձումներ չեն կատարվել, իսկ այդ ընթացքում մատուցված ջրի արժեքի կրկնակի չափով տուգանք է վճարվել քաղաքացիներին։ Ի դեպ, այդ գումարն էլ հատուցվել է սպառողների պարտքերի հաշվին։ Իսկ որ վթարի ընթացքում բնակիչները հոսանքի, մաքուր ջուր գնելու, հիվանդանոցում կամ տանը բուժվելու համար հսկայական գումարներ կամ պարզապես նյարդեր ու ժամանակ են ծախսել, այդ մասին չեն էլ մտածելՙ այս դեպքում արդեն ճշգրիտ հաշվարկներ անելով սպառողների համբերության ու զիջողամտության վրա։ Բնակիչները սրանից հետո էլ հրեշտակային նույն համբերությամբ կվճարեն նաեւ թանկացած սակագինըՙ 56-ի փոխարեն 120 դրամը, թեեւ վթարի կրկնության վերաբերյալ իշխանությունները ոչ մի երաշխիք չեն ներկայացնում իրենց։