Սաՙ ըստ ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանի
Տիգրան Նաղդալյանի սպանության գործով երեկ շարունակվեց վերաքննությունը։ Դատական նիստը սկսվեց ամբաստանյալ Ջոն Հարությունյանի հարցաքննությամբ։ Ջոնը հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքներիցՙ պնդելով, որ այդ ցուցմունքներն ինքը չի գրել։ Ամբաստանյալն իր ցուցմունքը համարեց միայն այն, ինչ տեսագրվել է նախաքննության ժամանակ։ Հրաժարվելով նախաքննական ցուցմունքներից, Հարությունյանն, այնուամենայնիվ, պնդեց իր առաջին ատյանի դատարանում տված ցուցմունքները, որից հետո դատարանն անցավ հարցաքննության։
Ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանիՙ Ջոն Հարությունյանին ուղղված հարցերն ավելի շուտ զավեշտալի վիճակ ստեղծելու նպատակ ունեին։ Ֆելիքս Առուստամյանը բարկացած էր, որ Ջոնի ցուցմունքներով ինքն օժանդակել է սպանությանը, մինչդեռ, ըստ իրեն, չի մասնակցել։
Ամբաստանյալ Արմեն Սարգսյանի հարցին ի պատասխան Ջոնը նշեց, որ Տիգրան Նաղդալյանի սպանության պատվերը տրվել էր դեռեւս նոյեմբերին։ Մինչդեռ, Արմեն Սարգսյանի խոսքերով, իր դատավճռում նշվել է, որ պատվեր տրվել է դեկտեմբերի 19-ին։ Այնուհետեւ Արմեն Սարգսյան-Ջոն Հարությունյան հարցուպատասխանից պարզ դարձավ նաեւ, որ ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանը (Ապեր) իսկապես առաջին ատյանի դատարանում դատաքննության ժամանակ ինչ-որ ցուցմունք է պատրաստել, որ, սակայն, չի հրապարակվել։
Ըստ Ջոն Հարությունյանի, Հովհաննես Հարությունյանիՙ իրենց ներկայությամբ նշված ցուցմունքի ընթերցումից ինքը հասկացել էր, որ Ապերին թույլ չեն տալիս սպանության պատվիրատուի մեղքը վերցնել իր վրա։ Արմեն Սարգսյանի այն հարցին, թե արդյոք նախաքննության ժամանակ Ջոն Հարությունյանին առաջարկել կամ ստիպե՞լ են տալ որոշ անուններ, Ջոնը պատասխանեց, թե ինքը միայն սպանության պատվերի առումով խոսել է Գեղամ Շահբազյանի հետ։ Բայց Ջոնին, այնուամենայնիվ, որպես հարց տրվել են Արմեն եւ Արամ Սարգսյանների անունները։ Հարցուպատասխանի վերջում Ջոն Հարությունյանը պնդեց, որ, այո, սպանության պատվերն իրեն տրվել է նոյեմբերին եւ ոչ դեկտեմբերին։
Երբ հարց տալու իրավունք խնդրեց ամբաստանյալ Գրիգոր Պետրոսյանը, Ջոն Հարությունյանը նշեց, որ Պետրոսյանը որեւէ մեղք չունի այս գործում։ Իսկ դատավորի հարցին, թե Ջոնի պատիժը մեղմացնելու համար ինչ հանգամանքներ կարող են հաշվի առնվել, ամբաստանյալ Հարությունյանը հիշեցրեց իր խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաների մասին։ Հարությունյանը նաեւ ավելացրեց, որ հաշվի չառնվելու դեպքում էլ ինքը պատրաստ է կրելու իր պատիժը։
Այնուհետեւ հետեւեցին տարբեր հերթականությամբ հարցեր։ Դատավոր Արշակ Խաչատրյանն էլ բարկացավ, թե «10 կրուգ հո չե՞նք ֆռալու»։ Հարցերը դրանով սահմանափակվեցին։ Եվ քանի որ Ջոն Հարությունյանը հրաժարվել էր ցուցմունք տալուց, մեղադրող կողմը միջնորդեց հրապարակել Ջոնի նախաքննական ցուցմունքներից։ Ամբաստանյալը բարկացավ, թե դրանք չեն գրվել իր ձեռքով, կարիք չկա հրապարակելու։
Ինչեւէ, դատարանը բավարարեց մեղադրողների միջնորդությունըՙ գտնելով, որ դատաքննական եւ նախաքննական ցուցմունքների մեջ կան տարբերություններ։ Այս որոշման կապակցությամբ դահլիճում նստածներից Արմեն Սարգսյանի կողմնակիցները ցուցադրաբար լքեցին դահլիճը։
Դատարանը երեկ սկսեց նաեւ ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանի հարցաքննությունը։ Առուստամյանի ասածներից հետաքրքրական էր այն, որ, ըստ ամբաստանյալի, առաջին ատյանի դատարանը դատավճիռ կայացնելիս հաշվի չի առել սպանությունը կատարելուց կամավոր հրաժարվելու փաստը։ Ավելինՙ Առուստամյանը Ջոն Հարությունյանին եւս թույլ չէր տա կատարել սպանությունը, եթե Գեղամ Շահբազյանն ուշադիր չհետեւեր։
Դատական նիստի ընթացքում Ֆելիքս Առուստամյանը թերեւս նորություն հանդիսացող մի հայտարարություն արեց։ Ըստ այդմ Տիգրան Նաղդալյանին հետեւելու ժամանակ իրենք նկատել են, թե ինչպես «Նիվա» եւ «ԳԱԶ-24» մեքենաներով էլի ինչ-որ մարդիկ հետեւել են Նաղդալյանին։ Ընդ որում, առաջին ենթադրությունը, թե գուցե դա Տիգրան Նաղդալյանի թիկնազորն է, չի հիմնավորվել։ Ընդհակառակըՙ տպավորություն են ստացել, թե հետեւում են իրենց նման, եւ դա տեւել է մի քանի օր։
Հարցաքննության ընթացքում Ֆելիքս Առուստամյանն իրեն վատ զգաց։ Նիստն ընդմիջվեց, ապա վերսկսելուց հետո ավարտվեց Առուստամյանի հարցաքննությունը։ Այսօր դատական նիստը կշարունակվի ամբաստանյալ Գրիգոր Պետրոսյանի հարցաքննությամբ։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ