Անցնող տարի եւս Հայաստանում տնտեսական աճի բարձր տեմպեր արձանագրվեցին։ Պաշտոնական տվյալներ դեռեւս չեն հաղորդվել, բայց մասնավոր խոսակցությունների ժամանակ նշվում է 15 տոկոս աճի ցուցանիշը։ Իրակա՞ն է այդ թիվը. հարցին պատասխանելը դժվար չէ։ Տնտեսական աճն անժխտելի իրողություն է։ Խնդիրն այլ է։ Ինչի՞ շնորհիվ է ձեռք բերվել այս աճը եւ ինչպես է արտացոլվում բնակչության վրա։
Գաղտնիք չէ, որ առավել նշանակալի աճ արձանագրած ոլորտներն են շինարարությունն ու առեւտուրը։ Այս տարի ավարտվեց մեր հիրավի մեծ հայրենակից Քըրք Քըրքորյանի կողմից ֆինանսավորվող «Լինսի» հիմնադրամի ծրագիրը։ Մոտ 150 մլն դոլար արժողությամբ այդ ծրագրի մեծ մասն իրագործվեց այս տարի։ Կատարած աշխատանքների միայն թվարկումը թույլ է տալիս պատկերացում կազմել, թե ինչ ծավալներ են դրանք ընդգրկում։ Հազարավոր կիլոմետրեր կազմող Հայաստանի հիմնական ավտոճանապարհների, մշակույթի 40 օբյեկտների, Երեւանի 14 կենտրոնական փողոցների կապիտալ նորոգում, աղետի գոտում հազարավոր ընտանիքների համար բնակարանների շինարարություն։ Արժե նշել, որ նման ներդրումներ կապիտալ շինարարության ոլորտում Հայաստանի պետական բյուջեից չէին արվել ոչ միայն անկախության շրջանում, այլեւ խորհրդային վերջին տարիներին միասին։ Այսինքն, կարող ենք արձանագրել, որ տնտեսական աճի նման ցուցանիշ ունենալու համար նախեւառաջ պարտական ենք «Լինսի» հիմնադրամին, որն ամենանշանակալի ազդեցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա անցնող տարվա ընթացքում։ Հետեւաբար, «Լինսի» հիմնադրամի գործունեությունը մեր տնտեսության համար առավել կարեւոր նշանակություն ունեցող իրադարձությունը կարելի է համարել։
Այդուհանդերձ, չնայած դրան եւ ընդհանրապես տնտեսական աճին, բնակչության մեծ մասի վիճակն էական փոփոխություններ չկրեց։ Կենսաթոշակների եւ բյուջետային ոլորտի աշխատավարձերի որոշակի բարձրացումները չէին կարող բարելավել այդ մարդկանց սոցիալական վիճակը, եթե անգամ զերծ մնայինք տարեվերջին արձանագրված համընդհանուր թանկացումներից։ Փոխարենը, այս տարի, ի կատարումն Ազգային Ժողովի ընդունած որոշման, զգալիորեն բարձրացան ապահով խավիՙ բարձրաստիճան պաշտոնյաների, դատավորների, հարկային եւ մաքսային համակարգերի աշխատակիցների, պետական վարչակազմի աշխատակիցների աշխատավարձերը։ Այն ակնկալիքները, թե եկող տարվա հունվարից ուսուցիչների աշխատավարձերի եւ կենսաթոշակների նախկինի համեմատ էական բարձրացումները փոքր-ինչ կբարելավեն նրանց սոցիալական կացությունը, ի չիք դարձան հացի գների այս տարվա բարձրացման եւ հանրային ծառայությունների սակագների եկող տարվա սպասվող բարձրացման պատճառով։
Ակնհայտ է, որ գազի սակագների բարձրացումն անխուսափելի է։ Այս օրերին սպասվում է բնական մենաշնորհների հանձնաժողովի կողմից այդ հարցի քննարկումը, որտեղ թեկուզ մասնակիորեն կբավարարվի «Հայռուսգազարդի» դիմումը։ Անցնող տարվա այս եզրափակիչ ակորդն իր ազդեցությունը կգործի նաեւ էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա։ Թեեւ երկրի ղեկավարները հավաստիացնում են, որ էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանա, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ղեկավարությունը նշում, որ սակագների բարձրացումն իրենց ձեռնտու չէ, որովհետեւ դժվարացնում է վարձավճարների հավաքումը, որեւէ երաշխիք չկա, որ դա տեղի չի ունենա։ Ընդհակառակը, ինչպես «Հայռուսգազարդի», այնպես էլ Հայաստանի ատոմակայանիՙ սակագների բարձրացման հայտերը, էներգիա արտադրող հզորությունների մի զգալի մասի փոխանցումը ռուսական կողմին եւ դրանց սպասվող արդիականացումը լուրջ նախադրյալներ են ստեղծում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման համար։
2003 թ.-ի տնտեսական կարեւոր իրադարձությունների մասին խոսելիս չենք կարող շրջանցել «Արմենտել»-կառավարություն հակամարտությունը։ Հեռահաղորդակցության սեփականատեր ընկերության գերիշխող դիրքի պարբերական չարաշահումները, կապի չբարելավվող որակը վերջապես հարկադրեցին Հայաստանի կառավարությանը քայլեր ձեռնարկել։ Հրավիրվեց բաց ժողով, որտեղ «Արմենտելին» ներկայացվեցին նրա պարտավորությունների չկատարման փաստերն ու ապացույցները։ Արդյունքում կառավարությունը որոշեց ընկերությանը բացառիկ իրավունքով տրված երկու ծառայությունները վերափոխել որպես ոչ բացառիկ ծառայությունների։ Այսինքն որոշվեց վերացնել մենաշնորհը բջջային կապի եւ տվյալների փոխանակման (միջազգային ելք) ծառայությունների գծով։ Ճիշտ է, «Հեռահաղորդակցության մասին» նոր օրենքն առայժմ ընդունվել է առաջին ընթերցմամբ, բայց որեւէ կասկած չկա դրա վերջնական ընդունման վերաբերյալ, որտեղ ամրագրված է բացառիկ իրավունքների եւ արտոնությունների արգելումն այս ոլորտում։ Այս դեպքում էլ փաստորեն նախադրյալներ են ստեղծվում եկող տարի կապի ոլորտում մրցակցության ստեղծման եւ առաջընթացի համար։
Այսպիսով, Նոր տարվա նախօրեին, գնահատելով անցնող տնտեսական տարին, պետք է փաստել հետեւյալը։ 2003 թ.-ին աննախադեպ կարեւորության քայլեր կատարվեցին ի դեմս «Լինսի» հիմնադրամի ավարտված ծրագրի եւ կապի բնագավառում առաջընթացի հնարավորությունների հիմքերի ստեղծման։ Միաժամանակ այս տարի եւս տնտեսական աճի արդյունքները բնակչության գերակշիռ մասը չզգաց։ Ավելին, նախ հացի գների բարձրացումը, ապա հանրային ծառայությունների սակագների ակնկալվող բարձրացումն ու դրա շուրջ ստեղծված իրարանցումը հանգեցրին գների համընդհանուր թանկացմանՙ էլ ավելի ծանր կացություն ստեղծելով բնակչության վերոնշյալ հատվածի համար։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ