Հայաստանի բանկերում շահութաբերությունն այս տարի կկազմի 10-15 տոկոս, իսկ 7 բանկերումՙ 30 տոկոս եւ ավելի։ Այս մասին երեկ հայտնեց Հայաստանի բանկերի ասոցիացիայի գործադիր տնօրեն Վլադիմիր Բադալյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ ակտիվներն աճել են 20-25 տոկոսով, ֆիզիկական անձանց ավանդներըՙ 18-20 տոկոսով։ Հայաստանի բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 20-25 տոկոսը, ինչը սակայն չի կարող լավ ցուցանիշ համարվել, քանի որ զարգացած երկրներում մի քանի անգամ ավելի բարձր է։ Գործադիր տնօրենն անդրադառնալով «Արդշինինվեստբանկի» եւ «Հայագրոբանկի» միավորմանը, դրական համարեց այդ գործընթացը, որովհետեւ լավ նախադեպ է, երբ խոշոր բանկերը լուծարվում են, բայց ավանդատուները չեն տուժում։
«Արդշինինվեստբանկն» առաջընթաց է գրանցել
«Հայագրոբանկի» ակտիվների եւ պարտավորությունների մասնակի ձեռքբերումից «Արդշինինվեստբանկը» մի շարք ցուցանիշներով առաջընթաց է ունեցել։ Ինչպես նշեց բանկի վարչության նախագահ Արամ Անդրեասյանը, անցած 7 ամիսներին ակտիվներն ավելացել են 93 տոկոսով, վարկային ներդրումներըՙ 178 տոկոսով, ֆիզիկական անձանց տրված վարկերըՙ 263 տոկոսով, ավանդներըՙ 55 տոկոսով։ Բանկի շահույթը կազմել է 453 մլն դրամ։ Ներկայումս «Արդշինինվեստբանկը» ունի 61 մասնաճյուղ, որից 35-ը «Հայագրոբանկի» մասնաճյուղերն էին։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ