Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Ռեգնում» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ավելի ստույգՙ հարցազրույցի Վրաստանին վերաբերող հատվածում արել է մեկնաբանություններ, որոնք այլ կերպ հնարավոր չէ բնութագրել, քան հարեւան երկրի ներքին գործերին միջամտելու փորձ։ Անկասկած, հարգարժան վարչապետը չի ունեցել հարեւան պետության ներքին գործերին միջամտելու ցանկություն։ Պարզապես այդպես է ստացվել։
«Կայունությունը Վրաստանում, անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին այդ երկրում, չափազանց կարեւոր է Հայաստանի համար։ Ցավոք, մենք իրավունք չունենք ազդելու հարեւան երկրի ներքին գործընթացների վրա։ Բայց չմոռանանք, որ Վրաստանում բնակվում են զգալի թվով հայեր, եւ հայ բնակչության մասնակցությունը քաղաքական գործընթացներին դժվար թե երկրորդական դեր խաղա», ասել է Ա. Մարգարյանը։
Վարչապետի վերոնշյալ առաջին նախադասությունը գերազանց է. կայունությունը Վրաստանում, անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին այդ երկրում, չափազանց կարեւոր է Հայաստանի համար։ Երկրորդ նախադասությունը եւս գերազանց է, բայց առանց «ցավոքի»։ Եթե պետության երրորդ դեմքը ասեր «մենք իրավունք չունենք ազդելու հարեւան երկրի ներքին գործընթացների վրա», ապա կարելի էր միայն հպարտանալ վարչապետի դիվանագիտական կարողություններով։ Ցավոք, պրն Մարգարյանը նախադասությունից առաջ «ցավոք» է ասել, ինչը 180 աստիճանով փոխում է խոսքի իմաստը, այսինքնՙ ինչ վատ է, որ մենք (Հայաստանը) իրավունք չունենք ազդելու հարեւան երկրի ներքին գործընթացների վրա։
Վարչապետն, անշուշտ, պարտավոր չէ եւ ֆիզիկապես չի կարող ունենալ հնարավորություններ տեղյակ լինելու հարեւան երկրի ներքին բոլոր մանրամասնություններին։ Վրաստանում վերջին տարիներին անցկացվող սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ այդ երկրի բնակչությունը որպես երկրին սպասվող հնարավոր սպառնալիքի աղբյուր տալիս է հայի եւ Հայաստանի անունը, ընդ որումՙ աբխազների եւ օսերի անունները որպես հնարավոր վտանգի աղբյուր նշվում են հայերից հետո։ Վրաց բնակչության մոտ 40 տոկոսը, հնարավոր անջատողական շրջան է համարում Ջավախքը։ Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ Վրաստանում առկա նման փսիխոզի ֆոնին վարչապետ Մարգարյանի խոսքերը միանշանակ բացասաբար են ընկալվելու։
«Վրաստանը որոշակի խնդիրներ ունի Ռուսաստանի հետՙ կապված չեչենական, հետեւաբար նաեւ միջազգային ահաբեկչության հետ», վարչապետի այս մեկնաբանությունը տեղին չէ, ավելորդ է։ Անշուշտ, Վրաստանը որոշակի խնդիրներ ունի Ռուսաստանի հետՙ կապված չեչենական, հետեւաբար նաեւ միջազգային ահաբեկչության հետ, ինչպես նշել է Մարգարյանը, բայց այդ մասին ՀՀ վարչապետը չէ, որ պետք է բարձրաձայն մտահոգվի։ Այն, ինչ թույլատրելի է հայ լրագրողին, ռուս գեներալին կամ նախագահ Պուտինին, թույլատրելի չէ հայոց վարչապետին։
«Չլուծված է մնում նաեւ Վրաստանում ռուսաստանյան ռազմական բազաների հարցը։ Թեեւ վրացական կողմը պնդում է, որ դրանք դուրս բերվեն, բայց այն շրջանների բնակչությունը, որտեղ դրանք տեղակայված են, ասենքՙ Հայաստանը նույնպես, շահագրգռված են, որ այդ բազաները դեռ մի որոշ ժամանակ այնտեղ մնան», ասել է Մարգարյանը։ Անշուշտ, ջավախահայությունը, թերեւսՙ նաեւ Հայաստանը, շահագրգռված չեն Ախալքալաքից ռուսական ռազմակայանի դուրսբերմամբ, սակայն Հայաստանի վարչապետն իրավունք չունի բարձրաձայն նման տեսակետ հայտնելու։ Պրն Մարգարյանը դա կարող է անել պաշտոնաթողությունից հետո։
«Վարչապետը պարզաբանում է» վերնագրով հոդվածում «Հայկական ժամանակ» օրաթերթը երեկվա համարում մեջբերել է վարչապետ Մարգարյանի արձագանքըՙ «Ռեգնումին» տված հարցազրույցի իր իսկ մեկնաբանությունների քննադատության առնչությամբ։ Սակայն այս դեպքում էլ վարչապետը միջամտում է Ռուսաստանի ներքին գործերինՙ հայտարարելով. «Ինչ վերաբերում է ռուսական ռազմական բազաներին, ապա դրանք այսպես թե այնպես դուրս են գալու Վրաստանից, եւ իմ կողմից արված «որոշ ժամանակ մնալու» ձեւակերպումը հենց այդ մասին է վկայում եւ ոչ ամենեւին այնտեղ պարտադիր տեղակայվելու»։
Վարչապետ Մարգարյանը «Ռեգնումին» տված հարցազրույցում կարող էր որոշակի ազդանշաններ ուղարկել Թբիլիսիի իշխանություններինՙ վիրահայության խնդիրների վերաբերյալ, անշուշտ պահպանելով դիվանագիտական նրբերանգները։
Այսպես, պրն Մարգարյանը կարող էր մտահոգություն հայտնել Վրաստանում հայկական պատմական հուշարձանների բարձիթողի վիճակի, այդ հուշարձաններից մոտ մեկ տասնյակի վրացացման առնչությամբ։ Հարեւան Վրաստանում խնդիր կա վրացիների եւ ոչ վրացիների, այդ թվումՙ հայերի միջեւ, հատկապես երբ խոսքը վերաբերում է կադրային քաղաքականությանը։ Այս երկրում հայերին պարտադրում են (ոչ ֆիզիկական ճնշմամբ) փոխել ազգանունները եւ դառնալ վրացի, եւ բազում այլ խնդիրներ, որը Հայաստանի պետությանը պետք է որ հետաքրքրի։
Ահա այս հարցերի մասին պիտի խոսել (պահպանելով դիվանագիտական նրբերանգները), երբ առիթ է ընձեռվում անդրադառնալ Վրաստանին, հայ-վրացական հարաբերություններին։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ