Անկախ տրամագծորեն հակառակ կարծիքներից, գալիք տարվա ֆինանսական ամենակարեւոր փաստաթուղթն իրականություն է։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի որակմամբ, օրինակ, այն ոչ միայն 1 տարվա, այլեւ գալիք մի քանի տարիների սոցիալ-տնտեսական զարգացման ուղեգիծ ու հիմքեր է նախանշումՙ ներառելով նաեւ աղքատության հաղթահարման ու երկրի զարգացման միջնաժամկետ ծրագրերը։ Ընդդիմության դիտարկմամբՙ հակառակը, բյուջեն խիստ հեռու է սոցիալական համարվելուց։
Բյուջեի օրենքի վերջնական տարբերակը ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը։ Բյուջետային քննարկումների երկարատեւ ոդիսականից հետո կառավարությունն ԱԺ տարբեր հանձնաժողովներից, կոալիցիոն 3 ուժերից (վերջիններս համատեղ են ներկայացել) 214 առաջարկություններ է ստացել։ Կառավարության լրամշակած տարբերակն ընդունել է միայն 117 առաջարկություններ։ Բյուջեի նախնական տարբերակի համեմատ նոր տարբերակում եկամուտները եւ պաշտոնական տրանսֆերներն ավելացել են շուրջ 5 մլրդ դրամովՙ կազմելով 274 մլրդ դրամ։
Վարդան Խաչատրյանը նշեց, որ բյուջեի նոր տարբերակում հաշվի են առնվել միայն ֆինանսական ավելացումների հստակ նախագծեր ներկայացնող առաջարկները։ Առաջարկներ են եղել ծախսերն ավելացնել սոցիալ-մշակութային ոլորտում 5,96 մլրդ դրամով, տնտեսության ճյուղերումՙ 7,22 մլրդ դրամով, պետական ու տեղական ինքնակառավարման ասպարեզներումՙ համապատասխանաբար 0,5 եւ 0,4 մլրդ դրամով։
Ծախսային մասը, սակայն, ավելացել է 5,5 մլրդ դրամի չափով։ Բյուջեի դեֆիցիտն ավելացել է 0,5 մլրդ դրամով։ Սակայն կառավարությունն իր նախաձեռնությամբ ծախսերի ավելացում է նախատեսել (4,67 մլրդ դրամ) մի քանի այլ ասպարեզներում եւս։
Վերջնարդյունքում 2004 թ. պետական բյուջեի երկրորդ տարբերակով նախնականի համեմատ ծախսերի ընդհանուր ծավալը 311 մլրդ-ի փոխարեն սահմանվել է 317 մլրդ դրամ։
Եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բյուջեն որակեց իբրեւ հավասարակշիռՙ ե՛ւ ծախսերի, ե՛ւ եկամուտների առումով։
ԱԺ արտահերթ նստաշրջանը 96 կողմ, 6 դեմ եւ 0 ձեռնպահ ձայներով ընդունեց 2004 թվականի բյուջեի նախագիծը։ 2004 թվականի մեկնարկը տրված է։ (Այս մասին տես նաեւ էջ 2)։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ