«Որքան շատ է մոտենում արվեստագետի մայրամուտը, այնքան շատ է խոսվում նրա մասին։ Որքան շատ է խոսվում նրա մասին, այնքան շատ է նա մեծարվում։ Որքան շատ է մեծարվում, այնքան շատ թշնամիներ է ձեռք բերում։ Որքան շատ թշնամիներ է ձեռք բերում, այնքան դառնում է իմաստուն։ Որքան իմաստուն, այնքան խենթ, որքան խենթ, այնքան նա մոտենում է Աստծուն։ Որքան մոտենում է Աստծուն, այնքան նա մոտենում է անմահությանը»։
Արվեստ-կյանք-ստեղծագործություն, անցած ճանապարհի վերաիմաստավորում։ Թերեւս կյանքի առաջացած տարիքում յուրաքանչյուրը, իսկ եթե արվեստագետ էՙ առավելապես, հակված է խոհական տրամադրություններիՙ արածը ամբողջացնելու, վավերացնելու (թեեւ որեւէ տարիքում ամբողջացնելն անհավանական է թվում, որովհետեւ կյանքը միշտ կիսատ է մնում...)։
Սակայն կա մի վիճակ, երբ տիրապետող է դառնում մայրամուտային հոգեբանությունը, որ սովորաբար ծնում է հուշագրության պահանջ, որը նաեւ կյանքը հետահայաց ընդգրկելու փորձ էՙ լավ կամ վատ։ Սա այն է, երբ մարդն ավելի իմաստուն է ուզում լինել, կամ է։
Գեղանկարիչ Կարեն Սմբատյանը ժամանակի մեջ իր զրույցը սկսել է գույնի լեզվով, իր ներքին կյանքը, ապրումն ու խոհը գույնի միջոցով վավերացրել, հաղորդել է մարդկանց։ Մի կյանք գեղանկարչության ճանապարհինՙ իրականության եւ երեւակայության սահմաններին, անկումներով ու վերելքներով, պարտություններով ու հաջողություններով։ Երբ ինքնավերարտադրման մեկ եղանակը դառնում է անբավարար, արվեստագետը դիմում է այլ միջոցի։ Այս պահանջը Կարեն Սմբատյանը փորձում է բավարարելՙ դիմելով հուշագրությանըՙ իր կյանքի պատառիկներն ընթերցողին է հանձնում օրագրային գրառումներից, սեփական տպավորությունները կյանքի, արվեստի, մարդու, ապրումի, զգացումի մասինՙ խորհրդածություն-ասույթի ձեւով։
Եթե մեծարվողը շատ թշնամիներ է ձեռք բերում, ուրեմն մարդկությունը շարունակում է անկումը, եթե լավը շարունակվում է խաչվել, ուրեմն ի սկզբանե ոչինչ չի փոխվել, սիզիփյան քարի պատմությունը ցարդ շարունակվում է։ Եվ եթե դրանից «շահում է» անհատ-մտածողը, որովհետեւ իմաստնանում է, ուրեմն իրոք չկա բարիք առանց չարիքի։
«Բոցաշունչ արվեստագետ, որը սակայն սթափ միտք ունի, իր դատողություններում կրքոտ ու կրակոտ, դրա հետ մեկտեղ խորը, փիլիսոփայորեն մտածող, իրենից ամեն տեսակի ավելորդությունները վանող», գրում է Մարգարիտ Ռուխկյանը Կարեն Սմբատյանի նորընծա «Պատառիկներ օրագրից» հուշագրության առաջաբան-խոսքում։
Գեղանկարչի հուշագրության պատառիկները սկսվում են 1952 թ. մարտից. սեղմ շարադրանք, հակիրճ տպավորություններ կամ դաջվածքՙ հիշողության պաստառներինՙ սկսած ուսումնառության առաջին տարիներից, առաջին անգամ մերկ կին նկարելուց, ապա գրեթե անմարդաբնակ Դագո կղզու զորամասում զինվորական ծառայության տարիների տպավորություններիցՙ խորհրդային զինվորի սովորական եւ անսովոր կյանքի շտրիխների նկարագրություններով. «Այստեղի բնությունն ունի սառը գամմա։ Ծառերը բարձր են, հաստաբուն, տներն իրարից հեռու են, փայտաշեն։ Փողոցներն իդեալական մաքուր են։ Անցորդները լուռ են, պարզ հագնված։ Այս ու այնտեղ գոթական ոճով եկեղեցիներ են»։ Մերձբալթյան միջավայր. ինչ-որ տեղ սառն ու անհաղորդ վիճակներ, ապա վերադարձ եւ շարունակվող ուսում, որոնումներՙ արվեստի ձեւերի ու գույների, արվեստագետների եւ նրանց ստեղծագործությունների միջեւ։ Ընդունում, մերժում, երկխոսություն նրանց հետՙ սեփականը ստեղծելու, իր գույնը արարելու համար։ «Նկարչությունը բնավորություն է։ Սեր։ Զգացում, որը չեն գնում ու չեն խնդրում։ Այն նվիրում են միմյանց այնպես, ինչպես ամենաթանկ բանը կնվիրեն կյանքում»։
Կարեն Սմբատյանը գունային հարուստ գամմա ընդգրկող նկարիչ է, իր արվեստը գունահորդում էՙ կարմիրի, կապույտի, դեղինի տիրապետությամբ։ Կտավի գույնը, սակայն, հաճախ է անհաղորդ աշխարհի գույնին... Եվ սա անխուսափելի է, ինչպես արվեստագետի ամեն ներքին երազ, որ կատարյալ է։
Կարեն Սմբատյանի կյանքի տարեգրությունըՙ խոհի ու մտածումի վերածված, ուղղված է մարդուն եւ աշխարհին, նրա բազմազան ձեւերին ու երեւույթներին։ Անտարակույս, արվեստագետի մտահոգությունները հայ մշակույթին, հայ լեզվին, հայ դպրոցին ուղղված, ավելի տագնապահարույց են եւ առհասարակ արժեքային համակարգի հանկարծահաս շրջադարձին։ Պետականորեն մտածելու եւ հայեցի դաստիարակության բացակայությամբ օտարության սանդղակներն ավելի են թանձրանում։ Ժամանակի յուրաքանչյուր արձագանք ազգայինին եւ համամարդկայինին վերաբերող, աննկատ չի անցել գեղանկարչի հայացքից։ Կյանքի ճանապարհ, որտեղ ցավն ու տխրությունը, հանդիպումն ու բաժանումը շաղախված են բանաստեղծական լռության, պատերազմական ռմբահարումների, կանացի քմայքների, սիրո ու հիասթափությունների մեջ։
Իր օրագրությունները նկարիչն ավարտում է տարիներ առաջՙ խորհրդային ժամանակներում «Գարուն» ամսագրում Գարեգին Նժդեհի մասին տպագրած մի հոդվածի հիշողությամբ, որի առաջին արձագանքողներից մեկը Վազգեն Սարգսյանն է եղել։
Այսպես, շարունակվող կյանքի հետ ձգվող հուշի թելը նկարչին մոտեցնում է անանց արժեքների հասկացություններինՙ փորձելով կյանքն իմաստավորել սեփական փորձառությունից ծնված ասույթներով։
Բառի ապավինությանը պահ տված հուշերի այս շղթանՙ խորագրված «Պատառիկներ օրագրից», տպագրվել է «Տիգրան Մեծ» հրատարակչատանըՙ «Հայբուսակ» համալսարանի հովանավորությամբ։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ