«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2003-12-24 | #238, 2003-12-25 | #239, 2003-12-26


2003-Ըՙ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԻ

Անցնող տարին իրավամբ կարելի է գնահատել իբրեւ սոցիալական հույսերի ու հուսախաբության տարի, երբ պետությունըՙ վկայաբերելով ֆինանսական սուղ միջոցները, սահմանափակվեց փորձարարական բարեփոխումների շրջանակներում, որոնք այդպես էլ չմեղմեցին աղքատության բազմադեմ նկարագիրը։ Իրականացվեցին միկրոռեֆորմներ ու բարեփոխումներ, որոնք ընդամենը դարձան խճողված հիմնախնդիրների լուծման նրա բարյացակամության եւ իրեն ու աղքատ զանգվածին ինքնախաբեությամբ սնելու հերթական հուսակտուր արտահայտությունները։

Մարտի 31-ին ՀՀ նախագահը վավերացրեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքը, որն այս համակարգում մասնակի բարեփոխումների սկիզբ դրեց։ Եվ կանանց, եւ տղամարդկանց համար կենսաթոշակային տարիք սահմանվեց 63-ը մինչ այդ գործող 64-ի փոխարեն։ Ներմուծվեց նաեւ կենսաթոշակառուի անձնական գործակից հասկացությունը, որը տարբերակումներ նախատեսեց երբեւէ չաշխատած եւ ողջ կյանքն աշխատած քաղաքացիների կենսաթոշակների չափերի միջեւ։ Ըստ այդմ, 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի դեպքում անձնական գործակիցը գումարվելու է կենսաթոշակի բազային չափի հավելումներին։ 40 տարվա աշխատանքային կենսագրության դեպքում, օրինակ, քաղաքացու թոշակը դառնում է ընդամենը 8 հզ. դրամ։

Հոկտեմբերի 1-ից ավելացավ նաեւ ապահովագրական ստաժի 1 տարվա արժեքըՙ 100-ից 120 դրամ սահմանվելով։ 2004 թ-ի հունվարի 1-ից կդառնա 140 դրամ։

2003 թ. հուլիսի 1-ից գործողության մեջ մտավ կառավարությանՙ 2002 թ. հոկտեմբերի թիվ 350 որոշման մեջ կատարված սրբագրումը։ Ըստ այդմ, նպաստառու ընտանիքների մինչեւ 18 տարեկան անչափահաս երեխաներին տրվող հավելումը 1500 դրամից հասավ 2000-ի։ Այն գումարվեց բազային նպաստի 4000 դրամին։ Աննշան այս հավելումը ուշագրավ է ընդամենը իբրեւ երեխաների հանդեպ պետության հիշողության թարմացման արտահայտություն։ Մեր երկրի անչափահաս բնակիչներին պետական սիրուց ու հոգածությունից փշրանքներ են բաժին հասնումՙ ընդամենը ծննդյան համար տրվող 39.000 դրամ միանվագ նպաստը եւ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամող, աշխատող մայրերին տրվող մասնակի վճարովի արձակուրդը։ Խղճուկ այս հավելումը ներմուծում կլինի միայն 3, 4, 5 երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների համար, որոնց թիվը հանրապետության ողջ տարածքում զանգվածաբար նվազել է։

Անցած տարեսկզբից թոշակներիՙ միջինը 700 դրամով բարձրացումը նպաստառուների ցուցակներից անապահովների «զտումների» դրդապատճառ դարձավ։ 6 տարի առաջ հանրապետությունում 230 հզ. նպաստառու ընտանիք էր հաշվվում, այսօր այդ թիվը 160-165 հզ. է։ Մի ձեռքով տալու, մյուսով վերցնելու անողոքության արտահայտությունը դարձավ նաեւ անապահովության սահմանային 36 միավորը հաշվարկելու կարգի մեջ կատարված փոփոխությունը։ Հողի եկամուտն այսօր հաշվարկվում է նախկինից ավելի խիստ չափորոշիչով։ Հիմա գյուղացին պիտի հողի հարկի փաստացի վճարում կատարի, փաստաթուղթ ներկայացնի, նոր պակասեցվի եկամուտը։ Զանցառվում է այն ակնհայտ իրողությունը, որ հողն իրականում եկամուտ չի բերում գյուղացուն, բացի թերեւս օրավուր հացի խնդրի լուծումից։

Կառավարության թիվ 407 որոշմամբ աննշմար տեղաշարժվեց նաեւ պետբյուջեից նպաստներին հատկացվող գումարը։ Նախկինում այդ գումարի միայն 95 տոկոսն էր ուղղակիորեն ծախսվում։ Մնացած 5 տոկոսը բաժանվում էր այն ընտանիքներին, որոնք թեեւ 36-ից ցածր միավորներ ունեին, բայց դարձյալ խիստ կարիքավոր էին։ 407 որոշմամբ, իբրեւ միանվագ նպաստ (սրա չափը եւս 4000 դրամ էՙ բազային նպաստին հավասար) կօգտագործվի ոչ թե 5 տոկոսը, այլ այնքան, ինչքան անօգտագործելի կմնաՙ նպաստների գումարի ընդհանուր հաշվարկից հետո։ Այսինքն, սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները հնարավորություն ստացան պարբերաբար, գոնե եռամսյակը մեկ միանվագ դրամական նպաստ վճարել 36 բալից ցածր միավոր հավաքած ընտանիքներին։

Անցնող տարում հայ հասարակությունը ականատես դարձավ անապահով խավի հանդեպ պետական անշրջահայաց վերաբերմունքի մի արտահայտության եւս։ Ապացույց, որ նա քսակը սիրով բացում է միայն առանց այդ էլ կենսամակարդակի մյուս բեւեռում հայտնված ապահով խավի առաջ։

2003 թ. հուլիսի 1-ից բարձրացան բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղծառայողների աշխատավարձերը։ Քաղծառայողների, նաեւ տեխնիկական անձնակազմերի աշխատավարձերը բարձրացան 50 տոկոսով։ Միասնականացվեցին անկախ հանձնաժողովների աշխատավարձերը։ Այժմ հանձնաժողովների նախագահները ստանում են 300 հզ. դրամ, նախագահների տեղակալներըՙ 240 հզ., խորհրդի անդամներըՙ 230 հզ. դրամ։ Սրընթաց թռան նաեւ Սահմանադրական դատարանի, դատարանների, ԱԺ, կառավարության աշխատակազմերի աշխատակիցների աշխատավարձերը։ Այս ամենը պետբյուջեի վրա նստեց 1 մլրդ 54 մլն դրամ։ Եվս 625 մլն դրամ առանձնացվեց տարեվերջի 6 ամիսներին բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար։

Անցնող տարում քաղաքացիական կրքերի բորբոքման ու հասարակության պառակտման լուրջ պատճառ դարձավ անհատական ծածկագրերի համակարգի ներդրման փորձը։ Հատուկ այդ նպատակի համար պետբյուջեից 98 մլն դրամ առանձնացվեց։ Արձագանքելով բնակչության վրդովմունքինՙ Հայ առաքելական եկեղեցին արտահայտեց բացասական դիրքորոշում, որը նշում էր մասնավորապես անհատի անվանը համազոր թվի կիրառման անթույլատրելիությունը։ Ի պատասխանՙ կառավարությունը ԱԺ-ում հանդես եկավ օրենսդրական նոր նախաձեռնությամբ։ 2003 թ. սեպտեմբերի 24-ին ուժի մեջ մտավ նորՙ Սոցիալական ապահովության քարտերի մասին օրենքը։ Այն ստիպված եղավ հաշվի նստել քաղաքացիների կրոնական համոզմունքներին առնչվող հիմնախնդիրների հետ։ 2004 թ. հուլիսի 1-ից սոցիալական քարտերի կիրառումը պարտադիր կդառնա հասարակության բոլոր շերտերի եւ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համար։

Նոր ուսումնական տարեսկզբից զանգվածային դժգոհությունների պատճառ դարձավ օպտիմալացման ծրագրի կիրառումը կրթության բնագավառում։ Առայժմ նշվում է աշխատանքից ազատված ուսուցիչների 4 հզ. թվաքանակ։ Գործազուրկ դարձած ուսուցիչներին պետությունը մխիթարում է վերապատրաստման ծրագրերով, որոնց շնորհիվ նրանք կարող են այլ աշխատանքի անցնել։ Փորձ է արվում փարատել նաեւ այն մտավախությունը, թե օպտիմալացման արդյունքում ազատված դպրոցական շենքերը կրթականից բացի այլ նպատակների կարող են ծառայել։

Կրթական օպտիմալացման աղմուկն ու տհաճությունները դեռ չմարսած, հայտարարվեց առողջապահության համակարգի լայնածավալ օպտիմալացմանը անցնելու մասին։ Առայժմ այն ընթանում է զգուշավոր քայլերովՙ դպրոցների հետ կապված նույն ծրագրի դասերը նկատի առնելով եւ հավանաբար գոնե այս ոլորտում «թավշյա» անցում ակնկալելով։ Նույնն է սցենարի նախագիծըՙ սկզբում հիվանդանոցները կմիավորվեն (գործընթացը կմեկնարկի 2004 թ. սկզբից), հետո վերապրոֆիլավորում կլինի, ինչպես ուսուցիչների պարագայում։ Առայժմ կրճատվում են միայն վարչական աշխատակազմի աշխատողները։

Նոյեմբերից հացի խնդիրը դարձավ բնակչության մտատանջության հերթական առարկան։ Հունիսից հետո սա հացի երկրորդ թանկացումն էր, որն արդեն հիմա, որոշ հաշվարկների համաձայն, 30-40 տոկոս է կազմում։ Այդպես էլ արժանահավատ բացատրություններ չտրվեցին իրական դրդապատճառների վերաբերյալՙ ողջ մեղքը գցելով ազատական շուկայի վրա։ Գրեթե նույն ժամանակաընթացքում բնակչության դեռեւս կենդանի լավատեսական ինքնահավաստիացումներն ի չիք դարձրեց գազի սակագների թանկացման վերաբերյալ «Հայռուսգազարդի» զգուշացումը։

Բնակչության անապահով գրպանի համար մռայլ այս հեռանկարը լրացվեց խմելու ջրի ու էլեկտրաէներգիայի թանկացման նոր կանխատեսումներով։

Սակագնային թռիչքները չզսպելու, դրանց արհեստական բարձրացման կասեցման գործողություններ չձեռնարկելու, ինչպես նաեւ թանկացումների դեպքում պետական աջակցության ու փոխհատուցումների մեխանիզմ չհիմնավորելու իշխանությունների անգործությունը նրանց ավելի է հեռացնելու ժողովրդիցՙ խորացնելով խորթացման անջրպետը։ Եվ միանգամայն բացատրելի է, թե ինչու հասարակական հույսերն ու սպասումները տեղափոխվել են մեկ այլՙ լոտոների երեւակայական ու խաբուսիկ իրականությունը։ Եվ քանի դեռ չեն հասցրել հիասթափվել սրանցից էլ, փրփուրին ապավինելու ժողովրդական դյուրահավատությունը սոցիալական նոր ցեցերի գրպանները տռզացնելու առատ աղբյուր է մնում։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4