Տարեվերջյան խոսք սոցիոլոգիական հարցումների հիման վրա
Անցնող տարվա ամփոփումը թերեւս անկատար կլիներ առանց հասարակության լայն շերտերի կարծիքներն իմանալու, որի համար դիմեցինք «Հայկական սոցիոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնի» նախագահ Գեւորգ Պողոսյանին։ Հարցումներն արտացոլում են հասարակության վերաբերմունքը թե լրատվամիջոցների, թե մեր երկրում տեղի ունեցած քաղաքական, տնտեսական ու հասարակական իրադարձությունների նկատմամբ։ Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը։
¬ Հեռուստատեսությունն ու մամուլը զորավոր ազդեցություն ունեն հասարակության վրա, սակայն հետզհետե խորանում են դժգոհությունները հեռուստահաղորդումների ու տպագիր մամուլի հրապարակումների որակից։ Ըստ հարցումների, ո՞րն է հիմնական պատճառը։
¬ Հանրապետության ողջ տարածքում հայկական հեռուստատեսությունը հասանելի է մեր հասարակությանը, այսինքն վերջինս բավականին տեղեկացված է։ Բոլոր 11 մարզերում անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց մոտ 86 տոկոսը որպես տեղեկատվության աղբյուր նախընտրում է հեռուստատեսությունը։ Շատ ավելի փոքր մաս են կազմում ռադիոհաղորդումներ լսողները, մոտ 12 տոկոս, եւ ավելի քիչՙ 5¬6 տոկոս, թերթերի ընթերցողները։ Վերջիններս ամենօրյա, մշտական ընթերցողներ են, որոնք կամ բաժանորդագրված են, կամ էլ ամեն օր պարտադիր գնում են իրենց նախընտրած թերթը։ Փաստորեն մեդիա¬ մենաշնորհն այսօր պատկանում է հեռուստատեսությանը։ Պատահական չէ, որ ամենամեծ տպաքանակ ունեցող եւ ամենից շատ ընթերցվող թերթը «Եթերն» է, որում տպագրվում են բոլոր հեռուստաալիքների ծրագրերը։ Իսկ ճանաչված բոլոր 10 թերթերն ունեն ընդհանուր մի քանի դժվարություններ։ Նախՙ դրանք հանրապետության ոչ բոլոր քաղաքներին եւ գյուղերին են հասանելի, օրինակ, եթե որեւէ մարզկենտրոն 3 օրինակ «Հայոց աշխարհ» կամ 5 օրինակ «Ազգ» է ստանում, հասկանալի է, որ այդքան էլ ընթերցող պիտի ունենա։ Սա լուրջ խնդիր է, որի լուծումը պետք է շուտափույթ գտնելՙ տպագիր մամուլի վիճակը լավացնելու համար։ Երկրորդ խնդիրն այն է, որ թերթերի գինը թանկ է. հարցվողները նշում են, որ 100 դրամով կարելի է մեկ հաց կամ այլ մթերք գնել։
Թերթերի նկատմամբ հետաքրքրությունը բնավ չի մարել, կա ընթերցողների բավականին բարձր թիվ, եւ նրանց տնտեսական վիճակը բարելավելու դեպքում կունենանք ընթերցողների նախկին թիվը։ Ինչքան էլ հեռուստատեսության ձգողական ուժը մեծանա, միեւնույն է, մարդկանց ավելի շատ հետաքրքրում են վերլուծական հոդվածները, մանրամասն տեղեկությունները, որոնք հիմնականում թերթերում են։ Սրանով հանդերձ, դժգոհողները մեծ տոկոս են կազմում։ Ամենից առաջ նշվում է ոչ օբյեկտիվ, միակողմանի տեղեկատվությունը, որը տրվում էՙ ելնելով ինչ¬ինչ կուսակցական կամ կլանային շահերից ու հետաքրքրություններից։
¬ Իսկ կա՞ն հայկական հեռուստատեսությունն ու մամուլը սկզբունքորեն բոյկոտողներ։
¬ Թերթերը բոյկոտողներն ավելի շատ են, նրանք սկզբունքորեն ոչ մի թերթ չեն կարդումՙ միեւնույն պատճառաբանությամբ։ Իսկ հայկական հեռուստատեսությունը բոյկոտողները դիտում են ռուսական կամ այլ հեռուստաալիքներՙ «Եվրոնյուզ», «Սի¬Էն¬էն» եւ այլն։ Բոյկոտողները մոտ 15 տոկոս են կազմում։ Սա եւս մտահոգիչ խնդիր է, որովհետեւ մարդկանց չեն բավարարում հայկական հեռուստահաղորդումների մակարդակը, որակը։
¬ Իսկ գովազդնե՞րը, հատկապես լոտոների՞նը։
¬ Իրոք, սարսափելի բան է։ Յուրաքանչյուր հաղորդում կամ գովազդ պատրաստելիս պետք է ամենից առաջ հաշվի առնել որոշակի խավի ճաշակը, կրթական մակարդակը, եւ հաղորդման ուղղվածությունը պիտի լինի այդ մակարդակը բարձրացնելը։ Գովազդ պատրաստողներն անում են ճիշտ հակառակըՙ եղած ճաշակն ու կրթական մակարդակն են իջեցնում ու փչացնում։ Թվում է, թե դրանից ազատվելու դեղամիջոց չկա։
¬ Ստացվում է, որ ճաշակ թելադրողների ճաշակը բարձրացնելու խնդիր ունենք։ Այդպես չէ՞։
¬ Այո, եթե կարողանանք։ Քաղաքական գրաքննությունը վերացվեց, բայց ճաշակի վերահսկողության կարիք ունենք։ Չի կարելի թույլ տալ, որ հասարակության վրա բառիս բուն իմաստով բացասական ազդեցություն գործենՙ ավելի ջղագրգիռ դարձնելով ու զայրացնելով։
¬ Եթե փորձեք ամփոփել անցնող տարին, ինչպես կբնութագրեք մեր երկրի ու հասարակության զարգացման ընդհանուր միտումը։
¬ Նախՙ Հայաստանի համար շատ բախտորոշ ու լուրջ տարի էր, որովհետեւ տեղի ունեցան նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։ Այս առումով արտառոց տարի էր. կար իշխանափոխության հնարավորություն, որի դեպքում, ամենայն հավանականությամբ, երկրի զարգացման կուրսը կփոխվեր։ Տարածաշրջանի համար 2003¬ը նույնպես բախտորոշ էր, քանզի այնտեղ, ուր բնակչության 50 տոկոսից ավելին աղքատ է, կա տնտեսական ծանր վիճակ, կյանքի ցածր կենսամակարդակ, ուրեմն հասարակությունը մեծ սպասելիքներ ունի նոր իշխանություններից ու անհատներից։ Սա հոգեբանորեն միանգամայն հասկանալի է։
Հոգեբանական այս մթնոլորտը Հայաստանում արդեն մի քանի տարի կուտակվում էր, նույնը կարելի է ասել նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի համար։ Եթե Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրողների մի բանակի սպասելիքները չիրականացան, ապա Վրաստանում տեղի ունեցավ հեղաշրջում եւ դեռեւս հայտնի չէ, թե ինչ կլինի։
Անցնող տարվա ամենակարեւոր ձեռքբերումը տնտեսության աշխուժացումն էր եւ ինչ¬որ չափով բնակչության կենսամակարդակի թեկուզ դանդաղ բարելավումը։ Բնավ նկատի չունեմ, որ վերելք ենք ապրում, որ բոլոր խավերը սկսել են լավ ապրել, բայց միտումը փոխվել է, գնում ենք դեպի վեր, ավելի հարուստ ու բարեկեցիկ կյանք։ Սա շատ կարեւոր է։
Ամենագլխավորն այս փուլում հասարակության բոլոր շերտերին համախմբելն է, մեր մտավոր ներուժը երկրի զարգացմանը ծառայեցնելը, որի համար պիտի ստեղծենք գործող կառույցներ։ Կա որոշակի խզում պետական, գիտական, հասարակական, գործարար հատվածների միջեւ, չգիտես ինչու, մեզանում մինչ օրս չեն ստեղծվել դրանց միասնական գործունեությունը համակարգող մեխանիզմներ։ Նրանք գործում են անջատ, դեպքից դեպք համագործակցում, մինչդեռ Հայաստանի նման լրջագույն խնդիրներ ունեցող երկրի համար մեխանիզմներ ստեղծելն ուղղակի պարտադիր է, որը դժվար գործ չէ, շատ երկրներում են դրանք գործում։ Պարզապես բարի կամք է պետք։ Այստեղ պիտի իշխանություններին մեղադրեմ, որովհետեւ առաջին քայլը իրենք պետք է անեն։ Մենք բազմաթիվ ուսումնասիրություններ ենք արել, ուղարկել նախագահի աշխատակազմ, կառավարություն, Ազգային ժողով։ Փորձում ենք ինչ¬որ բան անել, բայց մեխանիզմներ չունենք, իսկ եթե մշտական հիմունքի վրա գործող 1¬2 ինստիտուտներ ստեղծվենՙ այդ ժամանակ մեր հասարակությունն այլեւս բողոքելու տեղ չի ունենա։ Անշուշտ, համաժողովներ գումարել պետք է, բայց թե ինչ է արվում դրանցից հետոՙ ոչ ոք չգիտի։ Որոշակի հանձնարարություններ տրվել են արտգործնախարարությանը, բայց վերջինս ընթացիկ շատ խնդիրներ ունի լուծելու։ Իշխանությունները պետք է շատ արագ գործող կառույցներ ստեղծեն։
¬ Նրանք միշտ պատճառաբանում են, թե միջոցներ չկան։
¬ Համաձայն չեմ, բաներ կան, որ կարելի է չնչին գումարով անել։ Ընդամենը պետք է կոնկրետ տեղ հատկացնել, որտեղ ամիսը 1¬2 անգամ հանդիպեն հասարակության տարբեր հատվածների ներկայացուցիչները։ Միայն ցանկություն է պետք, որը պիտի ցուցաբերեն իշխանությունները։
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ