«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2003-12-25 | #239, 2003-12-26 | #240, 2003-12-27


ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ. ԿԱՏԵԳՈՐԻԱ, ՈՐ ԱՌԱՅԺՄ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՉԷ

Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ամրագրում է, որ մեր երկիրն իրավական պետություն է։ Այսինքնՙ ենթադրվում է, որ Հայաստանում գերակա են օրենքները, որ մեր իրականության մեջ օրինապահ եւ իրավապահ օղակները գոնե գործում են։

Մինչդեռ անկախության տարիներն ապացուցում են, որ Հայաստանը բնավ էլ իրավական պետություն չէ։ Ավելինՙ եթե պահպանվեն հանրապետությունում առկա միտումները, ապա կստացվի, որ Հայաստանը չի էլ ձգտում լինելու իրավական պետություն։ Այս պատճառով էլ թերեւս իրողություն է, որ արդարություն եւ արդարադատություն հասկացությունները մեր օրերի համար չեն, քանի որ արդարադատություն իրականացնող մարմինները հեռու են իրավական պետության ատրիբուտներ լինելուց։

Եթե լինենք ավելի կոնկրետ, ապա օրինականության չձգտելու մեջ առաջին տեղում միշտ եղել են հայաստանյան իշխանությունները։ Այսօր էլ, երբ ոչ լեգիտիմ որակվելուն մոտ իշխանություն, առավել եւս իշխանական կոալիցիա ունենք, սովորական քաղաքացու մակարդակից արդարությունը ճ-երորդական հասկացություն է, քանի որ միայն երեւակայությամբ է կապվում կյանքի հետ։ Սովորական քաղաքացին պաշտպանված չէ, շատ դեպքերում ինքն է իրականացնում պաշտպանություն։

Երկրում արդարության հասնելու համար հասկանալի է, որ շատ-շատ բաներ են պետք։ Օրինակ, վստահություն, վստահություն օրինապահ, իրավապահ մարմինների նկատմամբ։ Վստահություն օրինաստեղծ ու գործադիր իշխանական ճյուղերի նկատմամբ։ Ի վերջո, վստահություն դատական ատյանների նկատմամբ։ Վստահություն է անհրաժեշտ ոչ միայն այս մարմինների կայացրած որոշումների օրինականության նկատմամբ։ Պետք է արժանահավատ եւ վստահելի լինեն նաեւ այն մարդիկ, այսպես կոչվածՙ այն պտուտակները, որոնցից կազմված են այս համակարգերը։ Բայց ի՞նչ ունենք մենք այսօր։ Անգամ կարիքի եւ անորոշության դեպքում մեզանից քչերն են դիմում իրավապահ մարմինների օգնությանը։ Բոլորս գիտենքՙ անհրաժեշտ լուծում ստանալու համար անհրաժեշտ են «կլորիկ» գումարներ։ Ի դեպ, կաշառելու դեպքում անգամ վստահություն կրկին չկա, քանի որ իրավապահ, օրինապահ համակարգերում բացակայում է նաեւ ազնվությունը։

Արդարությունը ոչ միայն պետական օղակների խնդիրն է։ Դա նաեւ մեր մոտեցումն է, մեր պատկերացումները։ Պետք է ընդունել, որ մենքՙ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, մեր հերթին շատ քիչ բան ենք անում այդ արդարությանը հասնելու համար։ Պետք է ընդունել, որ ընտրակաշառք վերցնում ենք մենք, ընտրակեղծիքներն էլ ի վերջո կատարում են ոչ թե վերին էշելոններում աթոռներ զբաղեցնողները, այլ ներքեւում գտնվողները։ Պետավտոտեսուչինՙ մեր կատարած խախտման դիմաց կաշառում ենք մենք եւ այլն։ Թվարկել կարելի է անվերջ, եւ դա միայն կապացուցի, որ այո, մենք նույնպես կարիք ունենալով արդարության, ոչինչ չենք անում։

Ի վերջո, ամեն մի պետություն, որ իր համար հռչակել է իրավական, սոցիալական եւ ժողովրդավարական սկզբունքների գերակայություն, պետք է առաջին հերթին լինի օրինապահ։ Եթե հաշվի առնենք, թե ովքեր են Հայաստանի Հանրապետությունում զբաղվում օրենսդրական գործունեությամբ, կարելի է հասկանալ նրանց, ովքեր այդ օրենքներին չեն ենթարկվում։ Սակայն եթե բոլորս փորձենք լինել օրինապահ, օրենքի առաջՙ հավասար, ամենավատ օրենքներն անգամ լավ արդյունքներ կտան։ Բայց քանի դեռ իշխանություններն այնպիսին են, ինչպիսին այսօր, մենք ներքեւներում երբեք էլ օրենքներ չենք պահպանի, քանզի ամեն մեկն այդ դեպքում ունի իր «արդարությունը»։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4