«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2003-12-25 | #239, 2003-12-26 | #240, 2003-12-27


«ԳՈՐԾՈՂ 19 ԲԱՆԿԵՐՆ ԷԼ ՀՈՒՍԱԼԻ ԵՆ ԵՎ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ՇԱՀՈՒՅԹՈՎ»

Նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը

Այս տարի սղաճը կկազմի 8,5 տոկոս նախապես ծրագրված 3 տոկոսի փոխարեն։ Սակայն եթե բացառենք հացի եւ հացամթերքի գների թանկացումը, ապա սղաճը կկազմի 2,9 տոկոս, այսինքն այնքան, որքան Կենտրոնական բանկի ծրագրային ցուցանիշն է։ Այս մասին, երեկ, ամփոփելով տարեկան ցուցանիշները, նշեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը։ Անցնող տարվա մյուս տվյալները հետեւյալն են։

Փողի զանգվածի եւ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հարաբերակցությունը 2003 թ.-ին նախորդ տարվա 12-ից դարձել է 12,4։ Ընդ որում, դրամի զանգվածը ավելի արագ աճի տեմպ է արձանագրելՙ 6,5-ից դարձել է 7։ Ամերիկյան դոլարի եւ հայկական դրամի հարաբերակցությունը եղել է կայուն։ Ավելին, դրամը տարվա ընթացքում պարբերաբար արժեւորվում էր, ինչը պայմանավորված էր արժույթի ներհոսքով («Լինսի» հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի)։ 2004-ին զուտ արտաքին ակտիվների աճի տեմպերն ավելի նվազ կլինեն, որովհետեւ վերոնշյալ կառույցներից այլեւս գումարներ չեն ստացվելու։ Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի ներարկումներին, ապա ընթացիկ տարվա առաջին եռամսյակում դրանք կազմել են 25 մլն դոլար, իսկ ամբողջ տարվա ընթացքումՙ 38 մլն դոլար։ ԿԲ նախագահը նաեւ հայտնեց, որ որոշում է ընդունվել Կենտրոնական բանկի համախառն ակտիվներում հրաժարվել ոսկու պաշարներից, որովհետեւ ոսկու դեպոզիտների եկամուտն ամենացածրն է։ Փոխարենը նպատակահարմար է գտնվել ունենալ դոլարի եւ եվրոյի պաշարներ։

Բանկային համակարգի մասին խոսելով, Տիգրան Սարգսյանը նշեց, որ ԿԲ կողմից շարունակվելու է համակարգի մաքրման գործընթացը։ 5 բանկերում սկսվել է լուծարային գործընթացը, 1 բանկ վերաձեւակերպվել է որպես վարկային կազմակերպություն, 1 նոր բանկ գործունեության լիցենզիա է ստացել։ Ներկայումս գործում են 20 բանկեր, որոնցից 19 ընդհանուր հսկողության, իսկ 1-ըՙ «Հայկապբանկը», հատուկ հսկողության դաշտում։ «Արդշինբանկի» լավորակ ակտիվները եւ պարտավորությունները այս տարի մրցույթով ձեռք բերեց «Արդշինինվեստբանկը», որը հետագայում ձեռք բերեց «Հայագրոբանկի» ակտիվների ու պարտավորությունների առողջ հատվածը։ 2003 թ.-ին բանկերը սկսեցին վճարումներ կատարել ավանդների ապահովագրման հիմնադրամին, որն, ինչպես հայտնի է, սկսելու է գործել 2005 թ.-ից։ Անցնող տարվա ընթացքում ընդունվեց «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքը, որից հետո ստեղծվել են 6 վարկային կազմակերպություններ, այդ թվում 2-ը լիզինգային։ Բանկերի ընդհանուր կապիտալը ավելացել է 12,9 մլրդ դրամով եւ կազմել է 48 մլրդ դրամ։ Ընդհանուր ակտիվները ավելացել են 15 տոկոսով եւ կազմել 278 մլրդ դրամ, շահույթըՙ 27 տոկոսով, կազմելով 6,7 մլրդ դրամ։

Նոյեմբերի տվյալներով բանկերում հաշիվներ ունեն 33 հզ. իրավաբանական անձինք եւ 357 հզ. ֆիզիկական անձինք։ Ավանդների գերակշիռ մասըՙ 94 մլրդ դրամին համարժեք գումար, արտարժույթով է, 41 մլրդ-ըՙ դրամով։

«Ազգի» հարցը ԿԲ նախագահին հետեւյալն էր. «2004 թ.-ին բանկային համակարգի մաքրման եւ առողջացման գործընթացի արդյունքով որքան բանկեր դուրս կբերվեն դաշտից»։ Այս կապակցությամբ Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ նոր բանկեր ստեղծելու հայտեր կան, որոնց հանդեպ խիստ եւ պահպանողական մոտեցում է ցուցաբերվում։ Ինչ վերաբերում է գործող բանկերին, ապա կան որոշ բանկեր, որոնք պետք է համալրեն իրենց կապիտալը։ Մասնավորապես 3 բանկեր նման խնդիր ունեն, որոնցից 2-ը կհասցնեն 2005 թ.-ին համալրել պահանջվող 5 մլն դոլար կապիտալը, իսկ 1-ի միաձուլման շուրջ բանակցություններ են ընթանում։ Սակայն ԿԲ նախագահի հավաստիացմամբ, բոլոր 19 բանկերն էլ հուսալի են եւ կարող են աշխատել շահույթով։

Այնուհետեւ Տիգրան Սարգսյանն, անդրադառնալով անկանխիկ շրջանառության մեծացման եւ ստվերային շրջանառության նվազեցման խնդրին եւ դրանում «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքի դերին, հայտնեց, որ հարկային մարմիններից ստացած տեղեկատվության համաձայն, այդ օրենքի ազդեցությունը դեռեւս չի զգացվում։ Մյուս կողմից, ԿԲ նախագահի կարծիքով, այդ խնդիրը մեկ օրենքով չի լուծվի եւ իր կողմից կառավարությանն է ներկայացվել «Արտարժութային գործառույթների մասին» օրենքը, որը կբարելավի դրամի զանգվածի շրջանառությունը եւ կնվազեցնի ստվերի ծավալը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4