Երեկ առավոտյան մշակույթի նախարարությունում նախարար Թամար Պողոսյանի, փոխնախարար Կարեն Արիստակեսյանի, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի ներկայությամբ տեղի ունեցավ 1982 թ. Հայաստանից դուրս բերված, 1685 թ. Կրեմոնա քաղաքում իտալացի վարպետ Անդրեա Գուարներիի պատրաստած թավջութակի պաշտոնական հանձնումը մշակույթի նախարարությանըՙ ի պահ տրվելով Հազվագյուտ նվագարանների պետական հավաքածուի պահպանող եւ նորոգող Մարտին Երիցյանին, որի անձնական ջանքերով եւ տարիների հետեւողական աշխատանքների շնորհիվ հնարավոր եղավ հետ վերադարձնել մեր մշակութային գանձերից եւ աշխարհի երաժշտական հազվագյուտ գործիքներից մեկը։
1948 թ. Մոսկվայում Կոմիտասի անվան քառյակի առաջին հիմնադիրներիցՙ Սերգեյ Ասլամազյանից 2000 ռուբլով գնված Գուարների թավջութակը տարիներ շարունակ համարվել է մշակույթի նախարարությանը պատկանող «Հազվագյուտ աղեղնային նվագարանների» հավաքածուի հարստություններից։ Այս հավաքածուն 23 լավագույն գործիքներով, իբրեւ ազգային արժեք, ձեռք է բերվել ժամանակի հայ ազգանվեր մարդկանց հեռատեսության շնորհիվ եւ մեր կառավարության դրամական աջակցությամբ, եւ այսօր հավաքածուի մեջ կան միլիոնների արժողությամբ գործիքներ, ինչպիսին Անդրեա Գուարներիի պատրաստած թավջութակը, Ռոջերիի 1740-60 թվականների, Ժան Բապտիստ Գուադանինիիՙ 1760-ականների պատրաստած ջութակները։ (Ի դեպ, նախկին Խորհրդային Միության տարածքում այս հավաքածուն համարվում է եզակիներից)։ Շահեն Երիցյանի պատրաստած երեք երաժշտական գործիքները եւ այլ լավագույն նմուշներ։
Անդրեա Գուարներիի թավջութակըՙ նախնական արժեքով գնահատված 60.000 ԱՄՆ դոլար, տասնյակ տարիներ առաջ դուրս էր բերվել Հայաստանից, եւ վերջին 9 տարիներին գտնվել է Լվովում։ Երկարատեւ դեգերումներից հետո երաժշտական հազվագյուտ այս գործիքը վերադարձել է հայրենիքՙ Երեւան։ Թավջութակը, որ վերանորոգման անհրաժեշտություն ունի, «հանգրվանել» էր «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատանըՙ սպասելով մշակույթի նախարարության որոշակի արտոնությունների ու փաստաթղթերի։ Այս մասին օրեր առաջ մեզ պատմեց նախարարությանը պատկանող «Հազվագյուտ աղեղնային նվագարանների հավաքածուի» պահպանող ու նորոգող, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր ջութակահար եւ ջութակ պատրաստող հայտնի եւ եզակի վարպետ, հոգովՙ արտիստիկ, խառնվածքովՙ արվեստագետ Մարտին Երիցյանը։
Տարիներ առաջ թավջութակահար Սուրեն Բագրատունու խնդրանքով նախարարության արտոնությամբ, գործիքը ժամանակավորապես տրամադրվել է երաժշտինՙ պարապելու եւ Մոսկվայում համերգների մասնակցելու համար։ Հետագայում նա մեկնում է ԱՄՆՙ ուսումը շարունակելու եւ հաստատվում այնտեղ։ Մինչեւ 1996 թ. գործիքը գտնվում էր ԱՄՆ-ում, սակայն Մարտին Երիցյանի պահանջով թավջութակը վերադարձվում է, սակայն հասնում է Լվովՙ Սուրեն Բագրատունու ուկրաինուհի կնոջՙ Նինա Խոմայի միջոցով, որ հաճախ համերգներով այցելում էր հայրենիքՙ Լվով եւ թավջութակն էլ շարունակում էր մնալ այնտեղ, թերեւս հաշվի առնելով Խորհրդային Միության ընդհանուր տարածքում տեղափոխությունների (Լվով-Երեւան) դյուրությունների հանգամանքը։ Սակայն այդ թվականներին արդեն փլուզվել էր նախկին հսկա պետության քաղաքական համակարգը եւ Ուկրաինան արդեն իբրեւ անկախ պետություն նման թանկարժեք երաժշտական գործիք իր տարածքից դուրս հանելն արգելեցՙ պատճառաբանելով, որ Ուկրաինա գործիքը բերվել է առանց հայտագրելու եւ անձնագրիՙ պահանջելով ապացուցել գործիքի պատկանելությունը։ 1996-ից սկսած ամեն տարի Մարտին Երիցյանը դիմել է նախարարությանը, որ Հայաստանի հավաքածուին պատկանող հիշյալ գործիքն Ուկրաինայից տեղափոխվի Երեւան։
«Պետք էր ապացուցել, որ սա մեր երկրին պատկանող արժեք է, 9 տարի պահանջվեց մինչեւ հաստատվեց այս փաստը, պատմում էր պրն Երիցյանը։ Մեր արտաքին գործերի նախարարությունն իբրեւ միջնորդ հանդես գալով, որեւէ ձեւով չէր կարողանում հաջողության հասնել։ Միայն այժմ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի եւ իր առաջին օգնական, սքանչելի երիտասարդ Գեւորգ Մեհրանյանի անձնական ջանքերի եւ պրոֆեսիոնալ միջամտության շնորհիվ հնարավոր եղավ ապացուցել գործիքի ճշմարիտ պատկանելությունը։ Պատրաստ էին անհրաժեշտ փաստաթղթերը (երբ, ումից եւ որքանով է գնված, ովքեր են նվագել եւ այլն) հայտնի էր գործիքի գտնվելու տեղը։ Գնացինք Կիեւ, ապա գնացքով Գեւորգ Մեհրանյանի հետՙ Լվով։ Գործի հաջող ընթացքին նպաստեցին Լվովի հայկական համայնքի նախագահ Կարլոս Սարգսյանի եւ փոխնախագահ Նիկոլայ Քոչարյանի աջակցությունը, ինչպես նաեւ Լվովի տեղական իշխանությունների բարի կամեցողությունը։ Ուկրաինայի մշակույթի նախարարության գիտությամբ Ուկրաինայի մշակութային արժեքների տեղաշարժի վերահսկման ծառայությունը տվեց փաստաթղթային հավաստի վկայություն գործիքի վիճակի եւ նրա Հայաստանի հավաքածուի պատկանելության մասին, ինչպես նաեւ Հայաստան արտահանելու թույլտվություն։ Թավջութակը Լվովից տեղափոխեցինք Կիեւ, եւ Արմեն Խաչատրյանը հանձն առավ վերադարձնել Երեւան։
Երկար տարիների «թափառումից» հետո թավջութակը Երեւան հասավ 2003-ի դեկտեմբերի 28-ին։ Հավելյալ փաստաթղթերի անհրաժեշտության պատճառով «Գուարներիին» վիճակված էր 2 շաբաթ եւս սպասել, այս անգամ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատանը։ Չնայած անպատեհությանը, փաստաթղթային այդ աշխատանքները հարկավոր էին պաշտոնապես օրինականացնելու այն փաստը, որ Անդրեա Գուարներիի թավջութակը ոչ թե ներմուծվում է Հայաստան, այլեւ վերադարձվում է, գտնելով իր նախկին տեղըՙ Արամ Խաչատրյանի թանգարանում։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ