«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2003-12-26 | #240, 2003-12-27 | #1, 2004-01-13


ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ

Մեկնարկել է մրցաշրջան-2004-ը, որը հարուստ է լինելու մարզական ամենատարբեր միջոցառումներով։ Անշուշտ, այս տարվա մարզական ամենահետաքրքրական ու խոշորագույն իրադարձությունները կլինեն Աթենքում կայանալիք ամառային օլիմպիադան եւ Պորտուգալիայում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի հերթական առաջնությունը։

Ինչ խոսք, մինչ օլիմպիադայի մեկնարկը, տարբեր մարզաձեւերից անցկացվելիք մրցումներում գլխավորը լինելու է օլիմպիական վարկանիշ ձեռք բերելը։ Անցած մրցաշրջանն այդ առումով այնքան էլ վատ չէր հայ մարզիկների համար։ Այսօր Հայաստանն արդեն օլիմպիական 9 ուղեգիր է նվաճել։ Դրանցից 5-ը պատկանում են ծանրորդներին, 3-նՙ ըմբիշներին, մեկը հրաձիգ Նորայր Բախտամյանին։ Փետրվարին վարկանիշային մրցաշարերի կմասնակցեն մեր բռնցքամարտիկները, որոնցից եւս սպասելիքները մեծ են։

Ինչ խոսք, մարզասերների ուշադրության կենտրոնում կլինեն ֆուտբոլային մրցավեճերը։ Արդեն հունվարի 17-ին Մոսկվայում կմեկնարկի ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի ավանդական խաղարկությունը, որում մեր հանրապետությունը կներկայացնի ՀՀ վեցակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը»։ Մեր չեմպիոնն ընդգրկվել է «C» խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ուկրաինայի չեմպիոն Կիեւի «Դինամոն», Էստոնիայի ուժեղագույն թիմըՙ «Ֆլորան», ինչպես նաեւ Թուրքմենստանի «Նիսան»։ «Փյունիկն» արդեն սկսել է մարզումները։

Լուրջ փորձություններ են սպասում ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականներին, որոնք պետք է անցկացնեն Եվրոպայի առաջնության ընտրական 2-րդ փուլի հանդիպումները։ Առաջինը մրցասպարեզ դուրս կգան մինչեւ 17 տարեկան պատանիները։ Մեր հավաքականը մարտի 24-28-ը Անգլիայում կայանալիք ընտրական մրցաշարում եզրափակիչի միակ ուղեգիրը կվիճարկի դաշտի տերերի, Նորվեգիայի եւ Իսլանդիայի հավաքականների հետ մրցավեճում։ Նշենք, որ եզրափակիչ մրցաշարը կայանալու է մայիսի 4-15-ը Ֆրանսիայում։

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը հուլիսի 13-24-ը Շվեյցարիայում կայանալիք Եվրոպայի առաջնության միակ ուղեգիրը կվիճարկի Սլովակիայում։ Մայիսի 19-23-ը կայանալիք ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականի մրցակիցները բացի տանտերերից կլինեն նաեւ Գերմանիայի եւ Պորտուգալիայի հավաքականները։

Մրցաշրջան-2004-ը պատասխանատու ու լուրջ տարի կլինի նաեւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի համար, որն աշնանը մեկնարկելու է ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ Ընտրական 1-ին խմբի խաղացանկը, որում ընդգրկված են նաեւ Հոլանդիայի, Չեխիայի, Ֆինլանդիայի, Ռումինիայի, Մակեդոնիայի եւ Անդորրայի հավաքականները, շուտով կհաստատվի։ Հունվարի 15-ին մասնակից երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ Ամստերդամում կքննարկվի խաղացանկը։ Բնականաբար, յուրաքանչյուր երկիր կներկայացնի խաղացանկի իր տարբերակը։ Եթե հաջողվի ընդհանուր հայտարարի գալ, ապա խաղացանկը կհաստատվի։ Հակառակ դեպքում ընտրական խմբի խաղացանկը կկազմվի ՖԻՖԱ-ի կողմից։

Ընտրական մրցաշարի նախապատրաստությունը ՀՀ հավաքականը կսկսի փետրվարինՙ մասնակցելով Կիպրոսում ավանդաբար անցկացվող մրցաշարին։ 8 հավաքականները բաժանվելու են 2 խմբի։ Մեր ֆուտբոլիստների մրցակիցները նախնական փուլում կլինեն Վրաստանի, Բելառուսի եւ Կիպրոսի հավաքականները։ Ինչ վերաբերում է ֆուտբոլի ՀՀ առաջնությանը, ապա այն նախատեսում են անցկացնել 8 թիմերի մասնակցությամբ։ Սակայն դեռեւս պարզություն չկա այդ հարցում։ Որպես կանոն, միայն առաջնության մեկնարկից քիչ առաջ է Հայաստանում հայտնի դառնում խաղացանկը, մրցակարգը։ Ցավոք, ֆինանսական բարվոք վիճակում գտնվող «Արարատին», որին ֆեդերացիան մեկ տարով որակազրկել էր եւ չէր թույլատրել մասնակցելու առաջնությանը, առայժմ չեն ցանկանում վերադարձնել ուժեղագույնների խումբ։ Անցյալ տարվա առաջնությունը ցույց տվեց, որ 8 թիմով առաջնության անցկացումը բնավ էլ չարդարացրեց իրեն։ «Արարատի» մասնակցությունը բարձրագույն խմբի առաջնությանը կնպաստի մրցակցության աճին, կմեծացնի հետաքրքրությունը մրցաշարի նկատմամբ։ Հուսանք, որ ֆեդերացիայի գործկոմի անդամները հաշվի կառնեն վերը նշված հանգամանքը եւ հարցին դրական լուծում կտան։

Ինչպես վերը նշեցինք, տարին օլիմպիական է եւ տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչները մրցումներին մասնակցելու են օլիմպիական ուղեգիր նվաճելու վճռականությամբ։ Իսկ Աթենքում արդեն համառ ու անզիջում մրցապայքար է ծավալվելու օլիմպիական պարգեւների համար, որոնց արժեքը շատ բարձր է։ Մեր մարզասերները եւս օլիմպիական մեդալների ակնկալիքներ ունեն։ Կարծում ենք, մեր օլիմպիականներին լրացուցիչ լիցք է հաղորդել մարզիկների տարեվերջյան մեծարման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ Հայաստանից օլիմպիական առաջին չեմպիոնը կարժանանա թանկարժեք ավտոմեքենայի։ Այնպես որ, խոսքն այժմ մարզիկներինն է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4