Հոլանդական Վեյք Ան Զեե քաղաքում մեկնարկել է շախմատի ավանդական մրցաշարը 14 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ։ Մրցաշարն անցկացվում է Gorus շինարարական ընկերության հովանու ներքո, որը բացման հանդիսավոր արարողության ժամանակ հաստատել է, որ պատրաստ է հովանավորել մինչեւ 2010 թ.։ Մասնակիցների անհատական վարկանիշները բավական բարձր են, ուստի մրցաշարը դասվում է ՖԻԴԵ-ի 19-րդ կարգին։
14 մասնակիցների թվում է նաեւ երեւանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որը հաղթանակով սկսեց մրցաշարը։ Մեկնարկում Հակոբյանը պարտության մատնեց հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկինՙ Վլադիմիր Կրամնիկին։ Ցավոք, հայ գրոսմայստերին չհաջողվեց շարունակել հաղթական երթը։ Երկրորդ տուրում նա սեւ խաղաքարերով զիջեց հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին։ Երկու տուրից հետո Հակոբյանը վաստակել է 1 միավոր։ Իսկ մրցաշարի առաջատարների դերը ստանձնել են հունգարացի Պետեր Լեկոն եւ հնդիկ գրոսմայստեր Անանդը։ Վերջինս մեկնարկային տուրում ոչ-ոքի էր խաղացել հենց Լեկոյի հետ։ Հունգար գրոսմայստերը 2-րդ տուրում առավելության էր հասել Յան Թիմանի նկատմամբ։ Հարկ է նշել, որ մեկնարկային տուրում միայն Հակոբյանին հաջողվեց պարտության մատնել իր մրցակցին։ Մնացած պարտիաներում գրանցվեցին ոչ-ոքի արդյունքներ։ Միավորը կիսեցին Թոփալովն ու Ադամսը, Սոկոլովն ու Թիմանը, վան Վելին ու Բարեեւը, Բոլոգանն ու Չժան Չժոնը, Սվիդլերն ու Շիրովը։
Երկրորդ տուրում գրանցվեց արդյունավետ 3 պարտիա։ Հաղթանակ տոնեց նաեւ Կրամնիկըՙ պարտության մատնելով վան Վելուն։ Ոչ-ոքի ավարտվեցին Թոփալով-Սոկոլով, Բարեեւ-Բոլոգան, Չժան Չժոն-Սվիդլեր, Ադամս-Շիրով պարտիաները։