Հատկանշականը, որ բնորոշում է սպառման շուկայի մատակարարներին, մեղմ ասածՙ անազնիվ ու անմաքուր բիզնեսն է։ Ինչպես եւ սպասվում էր, հայ գործարարների այդ որակներն առավել բյուրեղացան նախատոնական օրերին։ Բառացիորեն անփոփոխ կրկնվեց այն, ինչ արդեն արձանագրել էինք նախորդ ամանորներին։ Ինչպես եւ այդ դեպքերում խարդավողների կոհորտան գլխավորում էին քաղցրավենիքի մանր ու մեծ արտադրողները։ Գնորդներին գայթակղելով անհամեմատ էժան գներով նրանք շուկա նետեցին անորակ շոկոլադեղենի մեծ տեսականի։
Խորհրդային տարիներից հայտնի «Միշկա» շոկոլադի փառքը կրկին փորձության ենթարկեց դրա նոր տարբերակը։ Բավական չէ, որ համային հատկանիշներով այն ամենեւին չի հիշեցնում բարձրորակ կոնֆետը, եւ դրա բովանդակության փորձաքննությունը, անկասկած, մեր առողջության անվտանգությանը սպառնացող բաղադրամասեր կարող է պարունակել։ «Միշկան» սպառողին հրամցվեց պիտակավորման ու հասցեականության բոլոր կանոնների ոտնահարումով։ Արտադրողին բացահայտելու մեր բոլոր փորձերը իզուր եղան։ Եվ գնորդին բացահայտորեն քամահրող մյուս փաստը. կոնֆետի փաթեթավորման երկրորդ բաղադրիչը ընկույզով պանրիկներիՙ նույն նպատակի համար նախատեսված փայլաթիթեղիՙ հապճեպ ու փնթի կտրտված թղթիկներն են։ Գործարարական անփութության այս անպատշաճ արտահայտությունը ընդամենը քանիցս հաստատում է սպասարկման ոլորտում տիրող անթույլատրելի բարքերի մասին, որի գլխավոր մեղավորը պետական վերահսկողության իսպառ բացակայությունն է, իսկ աջակիցներըՙ սպառողների անգործնականությունն ու անհետեւողականությունը։ Վերջիններս ընդամենը բավարարվում են անցողիկ ու անվնաս վրդովմունքի մի քանի խոսքերովՙ անիմաստ համարելով կռիվ տալ հողմաղացների դեմ։
Նախամանորին տհաճության ու զայրույթի ժամեր ապրեցին նաեւ այն տանտիրուհիները, ովքեր «մեղք» էին գործելՙ ալյուրի բազմազան տեսականուց «Լուչիա» իտալական արտադրությունը նախընտրելով։ Այս տեսակը մշտապես բնորոշվել է որակական բարձր հատկանիշներով, եւ հենց այս փաստն էլ հմտորեն օգտագործեցին շուկայանենգները։ Պիտակի ու փաթեթավորման նմանակման միջոցով գնորդին թյուրիմացության մեջ գցելու մեխանիզմն այս անգամ էլ անվրեպ գործեցՙ ուռճացնելով կեղծարարների գրպանները։ Սպիտակ, բարձրորակ «Լուչիան» տանտիրուհիները սովորաբար օգտագործում են թխվածքներ թխելիս։ Եվ իրենց խոհարարական հմտությամբ կրկին փայլելու ձախողված փորձերը այս տարի շատերի տրամադրությունը գցեցին։ Հնացա՞ծ, ժամկետա՞նց, թե պարզապես ցածրորակ արտադրանք էին լցրել «Լուչիայի» փաթեթների մեջ։ «Ազգ»-ի խնդրանքով ու ահազանգով Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը խոստացավ հայկական շուկայում հայտնված այս նորահայտ ալրատեսակի ինքնությունը պարզելու փորձաքննություն կազմակերպել, որի արդյունքները առաջիկայում կներկայացնենք մեր ընթերցողներին։ Փորձաքննությունըՙ փորձաքննություն, բայց կյանքն ապացուցում է, որ դա խնդրի լուծման ընդամենը պասսիվ տարբերակ է։ Անպատժելիությունն ու հսկողության բացակայությունը շարունակում են մնալ զեղծարարների հովանավորը։
Ի դեպ, նախամանորին Սպառողների միությունը իրականացրել է սուրճի ու խավիարի փորձաքննություն եւս։ Եթե միջին սպառողը լավատեղյակ է սուրճի բազմազան տեսականու վստահելի ու կասկածելի բոլոր բարեմասնություններին, բայց կիսավճարունակության պատճառով շարունակում է նույնիսկ անորակի գնորդը մնալ, ապա նույնը չի կարելի ասել խավիար սպառողների մասին։ Բավական թանկ ու սովորական սպառողի համար անմատչելի այս բարձրարժեք սննդատեսակը սովորաբար հայտնվում է «էլիտար» սեղաններին։ Բայց հայկական իրականության մեջ հարուստ սպառողներն էլ, միայն իրենց գրպանին մատչելի թանկարժեք խավիարը գնելիս, պարզվում է, ապահովագրված չեն խաբեություններից։ Փորձաքննությունը պարզել է, որ այն արհեստական բաղադրամասերի համակցությամբ գոյակցություն է, որի սննդային արժեքները, բնականաբար, շատ հեռու են բնականին մրցակից լինելուց։ Ի դեպ, սա սեւ խավիարի փորձաքննության երկրորդ փորձն էր, եւ ինչպես 1 տարի առաջ, հիմա էլ հետազոտությունը նույն արդյունքները գրանցեց «Brhf kjcjctdfz>pthybcnfz»-ն չի համապատասխանում UOCT18173-72-ի պահանջներին, եւ բնական արտադրանք չէ։ Փորձաքննությունն իրականացրել է Առողջապահության ազգային ինստիտուտի Սննդի հիգիենայի լաբորատորիան։
Սուրճի հետազոտությունն այս անգամ, որքան էլ զարմանալի եւ ուրախացնող է, նորմայից շեղումներ չի արձանագրել։ Բոլոր 4 ձեռնարկությունների արտադրատեսակներում («Fero», «Լուսաստղ», «Ռոյալ Բրազիլիա», «Մեզոն») կոֆեինի պարունակությունը եղել է նորմայի սահմաններում։ Մնում է ենթադրել, որ որակական հատկանիշներով շատ անգամ մեզ զայրույթ պատճառող սուրճերը ֆիրմայինի կեղծված տարբերակներն են։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ