Մարզական հանդեսների եվրոպական ընկերակցության կողմից խաղարկվող «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի համար պայքարը գնալով ավելի թեժ բնույթ է կրում։ Առայժմ մրցանակի հավակնորդների ցուցակը վստահորեն գլխավորում է «Բանանցի» հարձակվող Արա Հակոբյանը, որը Հայաստանի անցյալ տարվա առաջնությունում աչքի ընկավ արտակարգ բարձր արդյունավետությամբ։ Ինչ խոսք, Արայի ցուցանիշն ավելի բարձր կլիներ, եթե նա բաց չթողներ առաջնության 4 հանդիպումները, հատկապես «Արաքսի» հետ ավարտական մրցախաղը։
Անշուշտ, Արա Հակոբյանի գլխավոր հակառակորդները եվրոպական 5 առաջատար առաջնություններում (Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա) հանդես եկող ֆուտբոլիստներն են։ Այդ առաջնությունների գործակիցն ամենաբարձրն է (2), ուստի ֆուտբոլիստների խփած գոլերը կրկնապատկվում են։ Հաշվի առնելով այդ հանգամանքը եւ նկատի ունենալով Այլտոնի, Շիրերի, Շեւչենկոյի, Ռուդ վան Նիստելրոյի եւ մյուս ռմբարկուների ներկայիս ցուցանիշները, կարելի է գրեթե հարյուր տոկոսով պնդել, որ Արա Հակոբյանի արդյունքը կգերազանցվի։ Դրա համար անհրաժեշտ կլինի խփել նվազագույնը 23 գնդակ։ Հիշեցնենք, որ անցյալ տարի «Ոսկե խաղակոշիկը» նվաճել էր հոլանդացի Ռոյ Մաքայը, որը խփել էր 29 գնդակ եւ 58 միավորով հաղթող էր ճանաչվել։ Նշենք, որ բացի Հակոբյանից, «Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների ցուցակում ընդգրկված ֆուտբոլիստներից իրենց ելույթներն արդեն ավարտել են բալթյան երկրների, Նորվեգիայի ներկայացուցիչները։ Ավստրիայում առաջնությունը կվերսկսվի փետրվարին, մյուս երկրներում խաղերն ընթացքի մեջ են։
Ուսումնասիրելով հավակնորդների ցուցանիշները, կարելի է առանձնացնել մրցանակի գլխավոր հավակնորդներինՙ հաշվի առնելով նաեւ մնացած խաղերի քանակը։ Անշուշտ, հավակնորդներից մեկը «Միլանի» հարձակվող Անդրեյ Շեւչենկոն է, որն այս մրցաշրջանում հիանալի մարզավիճակում է եւ աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ։ Իտալիայում ընդհանրապես շատ դժվար է բարձր արդյունավետությամբ աչքի ընկնելը եւ սովորաբար 20 գոլի սահմանագիծը հատելը գրոսմայստերական ցուցանիշ է համարվում։ Շեւչենկոն դեռ պետք է մասնակցի առաջնության 18 խաղի եւ հիանալի հնարավորություններ է պահպանում դառնալու «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր։
Գլխավոր հավակնորդների թվում է նաեւ «Վերդերի» բրազիլացի հարձակվող Այլտոնը։ Նա էլ ընթացիկ մրցաշրջանում բավական բարձր արդյունք է ցույց տվելՙ առաջին շրջանի 17 հանդիպումներում խփելով 16 գնդակ։ Գերմանիայի առաջնության 2-րդ շրջանը մեկնարկում է հունվարի վերջին եւ, անշուշտ, Այլտոնը կձգտի 2-րդ կեսում էլ աչքի ընկնել հարվածների դիպուկությամբ։ Ինչ խոսք, վերը նշված ֆուտբոլիստներին արժանի մրցակիցներ են ճանաչված ռմբարկուներ Ռոնալդոն, Տյերի Անրին, Ռուդ վան Նիստելրոյը, Ջիբրիլ Սիսեն։ Սովորաբար բարձր արդյունավետությամբ են աչքի ընկնում «Էյնդհովենի» սերբ լեգեոներ Մաթեյա Կեժմանը եւ շոտլանդական «Սելթիկի» շվեդ հարձակվող Հենրիկ Լարսոնը։ Սակայն այս երկրների գործակիցը 1,5 է, իսկ դա նվազեցնում է հաղթող ճանաչվելու նրանց հնարավորությունները։ Հիշեցնենք, որ, օրինակ, Մաթեյա Կեժմանը «Ոսկե խաղակոշիկի» նախորդ մրցույթում եվրոպական առաջատար երկրների թիմերի ֆուտբոլիստներից բոլորից շատՙ 35 գնդակ էր խփել, սակայն 1,5 գործակցի պատճառով չդարձավ դափնեկիր։
Այսօրվա դրությամբ «Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների ցուցանիշներն այսպիսին են.
Ֆուտբոլիստը | Ակումբը | Երկիրը | Գոլ | Գործ. | Մ |
1. Արա Հակոբյան | |||||
«Բանանց» | Հայաստան | 45 | 1 45 | ||
2. Տոր Հենինգ Համրե | «Ֆլորա» | Էստոնիա | 39 | 1 | 39 |
3. Վիկտոր Դոբրեցով | «Մետալուրգ» | Լատվիա | 36 | 1 | 36 |
4. Այլտոն | «Վերդեր» | Գերմանիա | 16 | 2 | 32 |
5. Ալան Շիրեր | «Նյուքասլ» | Անգլիա | 16 | 2 | 32 |
6. Ռոնալդո | «Ռեալ» | Իսպանիա | 14 | 2 | 28 |
7. Ջիբրիլ Սիսե | «Օսեր» | Ֆրանսիա | 14 | 2 | 28 |
8. Ռուդ վան Նիստելրոյ | «Մանչեսթր Յուն.» | Անգլիա | 14 | 2 | 28 |
9. Անդրեյ Շեւչենկո | «Միլան» | Իտալիա | 14 | 2 | 28 |
10. Ռոլանդ Կոլման | ԳԱԿ | Ավստրիա | 18 | 1,5 | 27 |
11. Գիրտ Կառլսոն | «Մետալուրգ» | Լատվիա | 26 | 1 | 26 |
12. Լուի Սաա | «Ֆուլհեմ» | Անգլիա | 13 | 2 | 26 |
13. Տյերի Անրի | «Արսենալ» | Անգլիա | 13 | 2 | 26 |
14. Հարալդ Բրատբակ | «Ռուսենբորգ» | Նորվեգիա | 17 | 1.5 | 25,5 |
15. Հենրիկ Լարսոն | «Սելթիկ» | Շոտլանդիա | 16 | 1,5 | 24 |
16. Վլադիմիր Մանչեւ | «Լիլ» | Ֆրանսիա | 12 | 2 | 24 |
17. Մարտին Մաքս | «Հանզա» | Գերմանիա | 12 | 2 | 24 |
18. Մաթեյա Կեժման | «Էյնդհովեն» | Հոլանդիա | 15 | 1,5 | 22,5 |
19. Ֆրուդե Յոնսոն | «Ռուսենբորգ» | Նորվեգիա | 15 | 1,5 | 22,5 |