Իսկ Հայաստանում հնարավոր է նոր բարձրացում
Ամենայն հավանականությամբ, գազամատակարարման թեման 2004 թ., ինչպես սկսվել է, այնպես էլ կշարունակի մնալ հրատապներից մեկը։ ՀՀ բնական մենաշնորհների հանձնաժողովի կողմից գազի սակագների փոփոխությունից հետո երեկ հերթական անգամ լրագրողների հետ հանդիպեց «Հայռուսգազարդի» գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը։ Ներկայացնելով ընկերության անցյալ տարվա ցուցանիշները, նա նշեց, որ չնայած էական բարելավումներին, իրենց բիզնեսը «դեռեւս ծախսափակ չէ»։
Տեղեկացվեց, որ անցյալ տարի Հայաստան է ներկրվել 1,2 մլրդ խմ գազ, ինչը 82 մլն խմ-ով ավելի է նախորդ տարվանից։ Համապատասխանաբար ավելացել են նաեւ բնակչության եւ արդյունաբերության սպառած գազի ծավալները։ Մեկ բաժանորդի հաշվարկով գազի միջին ծախսը աճել է 11-19 տոկոսով։ Վճարումները կատարվել են 105-106 տոկոսով։ Այնուամենայնիվ, «Հայռուսգազարդն» աշխատում է վնասով։ Ընկերությունն ունի մոտ 10 մլրդ դրամի բացասական հաշվեկշիռ։ Կրեդիտորական պարտքերը կազմում են 25 մլրդ, իսկ դեբիտորական մոտ 15 մլրդ դրամ։
Կարեն Կարապետյանը հայտնեց, որ ռուսական կողմի հետ ունեն լավ հարաբերություններ։ Նաեւ գազամատակարար համարվող «Գազպրոմ» եւ «Իտեռա» հիմնադիր ընկերությունները գոհ են «Հայռուսգազարդի» մենեջմենտի բարելավումից եւ հուսով, որ բիզնեսը կմտնի իր տրամաբանական հունը, այսինքն կդառնա շահութաբեր։ Այս առումով արտահայտելով նրանց վերաբերմունքը սակագնի փոփոխության առնչությամբ, գործադիր տնօրենը նշեց, որ հիմնադիրներն ակնկալում էին իրենց տրամադրած պայմաններին համարժեք վերաբերմունք։ Խոսքը գազամատակարարման նպաստավոր պայմանների եւ այլ երկրների համեմատ Հայաստանի համար գազի արտոնյալ գնի մասին է։ «Նրանք հույս ունեն, որ այս գործընթացը շարունակական կլինի», նշեց «Հայռուսգազարդի» ղեկավարը։ Շարունակելով սակագների թանկացման անհրաժեշտության թեման, նա ներկայացրեց բազմիցս հիշատակված հիմնավորումները, որոնց վերստին անդրադառնալն անիմաստ ենք համարում ավելորդ անգամ չկրկնելու համար։ Նշենք միայն դրանցից մեկը, ըստ որի անհնար է ապագայում երբեւէ խոսել գազի գնի իջեցման մասին, որովհետեւ երկրագնդի գազի պաշարները կբավարարեն 30-50 տարի, իսկ գազի պահանջարկն անընդհատ աճում է։
Հայաստանում գազի սակագնի հետագա բարձրացման դեպքում, ըստ Կարեն Կարապետյանի, արդյունաբերության եւ էներգետիկայի շահույթները կնվազեն, իսկ «Հայռուսգազարդը» ընդամենը կաշխատի առանց վնասի։ Ինչ վերաբերում է քիմիական արդյունաբերությանը, ապա գազամատակարար ընկերության կողմից այստեղ կառաջարկվեն տարբերակված մոտեցումներ։
Առաջիկա ծրագրերի մասին խոսելով, ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ փետրվարին պատրաստ կլինի գազաֆիկացման այս տարվա ծրագիրը։ Կշարունակվի կորուստների նվազեցման հաշվին բիզնեսի բարելավումը։ Կվերաձեւակերպվեն դեբիտորական պարտքերը։
Ընկերության ղեկավարը երեկ արծարծեց բնակչության համար երկու կարեւոր նշանակություն ունեցող հարցեր եւս։ Առաջինը գազի վերահսկողության մարմնի ստեղծման հարցն է, որովհետեւ ընկերությունն իրավասու չէ բաժանորդի բնակարանում այդ վերահսկողությունն իրականացնել։ Մինչդեռ մեկ անբարեխիղճ բաժանորդի պատճառով կարող է վթարվել ամբողջ շենքը։ Երկրորդը բաժանորդին գազից օգտվելու մեկից ավելի կետ ունենալու թույլտվության մասին է։
Մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ գազաֆիկացման գործընթացում առկա չարաշահումներին։ Այս առնչությամբ տեղեկացվեց, որ գոյություն ունեն 100 լիցենզավորված կազմակերպություններ, որոնք իրականացնում են այդ աշխատանքները, այսինքն անց են կացնում այդ գազախողովակները։ Դրանցից միայն 3-ն են «Հայռուսգազարդի» դուստր ձեռնարկությունները, որոնց կարող են դիմել սպառողները մյուս կազմակերպություններից դժգոհ լինելու դեպքում։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ