Նշեց «Հայռուսգազարդի» գործադիր տնօրենը
«Հայռուսգազարդը» ամենաակտիվ ձեւով փորձելու է մասնակցել Իրան-Հայաստան գազամուղի կառուցման աշխատանքներին, երբ խաղի կանոնները մինչեւ վերջ հստակեցված լինեն։ Այս մասին, պատասխանելով «Ազգի» հարցին, հայտնեց ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը։ Ըստ նրա, գազամուղի կառուցման եւ շահագործման աշխատանքներին մասնակցելու շահագրգռված են «Հայռուսգազարդի» հիմնադիրները։ Կարեն Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ գազամուղի կառուցումն արդարացված է նաեւ բիզնեսի տեսանկյունից։ Հեռանկարում, որը կարող է լինել նույնիսկ մոտ ապագայում, այստեղ կատարված ներդրումները կվերադառնան։ «Հայաստանը, ունենալով ներկայիս հզորությունները եւ այլընտրանքային գազամուղ, կարող է էներգակիր վաճառող ամենալիբերալ եւ ամենատրամաբանական շուկան դառնալ տարածաշրջանում։ Եթե մեր հարեւան երկրները, որոնք պակասորդ ունեն, որոշեն մեզանից էներգիա գնել, դա կտրուկ փոփոխություններ կբերի մեր բիզնեսում։ Իհարկե, դա կախված է քաղաքական եւ տնտեսական խնդիրների լուծումից», նշեց «Հայռուսգազարդի» գործադիր տնօրենը։
Իսկ մեր այն հարցին, թե որքանով է իրատեսական գազամուղի կառուցման հնարավորությունը, նկատի ունենալով վերջին ժամանակներում գործընթացի սառեցումը, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ կարող է ասելՙ այսօր դա իրատեսական է, եւ որ մոտ ժամանակում սպասվում է Իրանի էներգետիկայի նախարարի այցը Հայաստան։
Ա. Մ.