«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2004-01-14 | #3, 2004-01-15 | #4, 2004-01-16


ՆԱՐԵԿԱՑԻՆՙ ԱՆԱՏՈԼԻ ՊԱՊՅԱՆԻ ՀԱՅԱՑՔՈՎ

Գ. Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը մարդու ոգու բարձրագույն թռիչքն է առ Աստված։ Դա երկխոսություն է Բարձրյալի հետ, ինքնարարման, ինքնամաքրման ճանապարհՙ ինքնադատումի, ինքնակեղեքումի միջոցով։

Այնքան էլ դյուրին չէ Նարեկացու «Մատյանի» յուրացումը։ Հոգեկան ուժեղ կառուցվածք ու ներհայեցողական աշխարհ է պետք ունենալՙ միջնադարի մեծ մտածողի ճգնակյաց հոգու խոկումներին հաղորդակցվելու համար։ «Նարեկը» իբրեւ ժողովրդական աղոթագիրք է նաեւ ծառայել, բուժամիջոց, հոգու սպեղանի։ Իսկ ստեղծագործական, գեղագիտական մտքի վրա Նարեկացու «Մատյանը» դարեր ի վեր շարունակում է պահպանել իր խոր ազդեցությունները։

17 տարի շարունակ գեղանկարիչ Անատոլի Պապյանը Նարեկացու «Մատյանի» հետ խորհել է, վիճել, փորձել հասկանալ, ապրել, ներքին ճշմարտություններ փնտրել եւ նարեկյան տողերի սարսուռը փոխանցել իր կտավաշարին։ «Ռեքվիեմ ըստ Նարեկացու» եռանկարի աշխատանքները Ա. Պապյանը սկսել է 1986-87 թվականներին։ Նկարիչը երկար տարիների դասախոսական աշխատանքի փորձառություն ունի։ 1953 թ. աշխատել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1962 թ.-իցՙ գեղարվեստի ակադեմիայում, եղել է ամբիոնի վարիչ։

«Հեշտ չէր 17 տարի շարունակ մտածել միեւնույն նյութի շուրջ, միտքս տարբեր ուղղություններով էր աշխատումՙ կոմպոզիցիաներ, արտահայտչամիջոցներ, կերպարներ։ Նարեկացին մեծագույն մարդ է, ես կարողացել եմ նրա հզոր ստեղծագործությանը ծանոթանալՙ որքան ուժերս են ներել։ Ցանկացել եմ բացահայտել այն, ինչին ձգտել է ստեղծագործողը։ Սա մի պատկեր է, որ եւ փոփոխվելովՙ եկել եմ մի եզրահանգման։ Մարդու տառապանքների այս մատյանը մարդկային հարաբերությունների մասին է, այնտեղ, որտեղ չարն ու բարին են հանդիպում. այդ հավերժական պայքարը նաեւ ողբերգություններ է ծնում։ Մարդու եւ բնության հզոր ուժերի անհավասար մարտից Նարեկացու «վեճն» է սկսվում Աստծո հետ, որ մարդկային մեղքերի թողության աղերսով է ավարտվում,- ասում է նկարիչը։

90-ականների սկզբին հեշտ չէր ստեղծագործական աշխատանքով զբաղվել։ Նկարչին անհրաժեշտ նյութերը հայթայթվում էին դժվարությամբ, նյութական, ֆինանսական հնարավորություններըՙ սուղ էին։ Եվ այդ պայմաններում ստեղծվել է մի հետաքրքրական եռանկար։ «Առանց սիրո եւ նվիրումի դժվար է պատկերացնել, թե հնարավոր էր ստեղծել այս գործը։ Անատոլի Պապյանը պատկանում է այն նկարիչների ցեղին, որ գալիս են միջնադարից, նվիրված են, հավատավոր, ճիշտ միջնադարյան վարպետներն էին այդպես ստեղծագործում», ասաց թարգմանիչ, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանն արվեստանոցային միջավայրում։ (Ա. Պապյանի այս աշխատանքը հանրային ցուցադրություն չունեցավ, եւ նրա մերձավորները, արվեստակից ընկերները հավաքվել էին նկարչի արվեստանոցում)։

Եռանկարի ստեղծման առաջին օրերից Ա. Պապյանի աշխատանքներին հետեւողներից մեկը եղել է գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, գեղանկարիչ Էդվարդ Վարդանյանը. «Կենտրոնական կտավն անընդհատ փոփոխվել է, մեջը մի քանի նկարներ են կորել, նկարչի խառնվածքն է այդպիսին, շարունակ նոր բան է որոնում, իր կտավը խմորի պես պիտի հասունանաՙ գեղանկարչական կոմպոզիցիայի, ֆակտուրայի, կերպարի առումով, այդ պատճառով է նկարի ստեղծումը շարունակվում շատ երկար եւ արդյունքը տպավորիչ է լինում»։

Նկարիչը բազմաթիվ էսքիզներ է կատարել տարիների ընթացքում, ստեղծել տարբեր կոմպոզիցիաներ, կերպարներ, սյուժեներ։ Իր վկայությամբ առաջին տարբերակով Նարեկացին Չարենցի հետ էր, բայց իրեն համոզիչ չի թվացել, իբրեւ տարբեր էպոխաների տարբեր ներկայացուցիչներ։

«Մոնումենտալ գեղարվեստական արժեք կրող ստեղծագործություններ են։ Նույն մակերեսների վրա տարբեր պահերի դրված գունաշերտերից յուրաքանչյուրն ունի յուրատեսակ ընկալում, գունային այս հարաբերությունների մեջ ե՛ւ դասականություն կա, ե՛ւ վիթխարի աշխատանք է կատարված», ասաց արվեստաբան, պրոֆ. Վիգեն Ղազարյանը։ Աշխատանքների ցուցադրության ժամանակ խոսվեց դժվարությունների մասինՙ ստեղծագործության նկատմամբ համապատասխան վերաբերմունքի ակնկալիքներով, թե որտեղ պետք է հանգրվանի նկարաշարըՙ հանրային ցուցադրության ներկայացնելու համար։ 80-ամյա նկարիչը վկայեց, որ մեծ երջանկության եւ հաճույքի օրեր է անցկացրել ստեղծագործելու ընթացքում. «Սա ինձ պահպանել է այն ծանր պայմաններում, որովհետեւ ներքին աշխարհդ է, որ ուզում ես բացահայտել»։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4