Պետությունը պետք է ընտրի այն ընտանիքներին, որոնք կպահեն մանկատան երեխաներին։ Ինչպես երեկ տեղեկացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Եսայանը, կառավարությունը համապատասխան օրենսդրական փոփոխություններ է առաջարկել, որոնց հիմնական նպատակը մանկատան երեխաներին ընտանիք վերադարձնելն է։ Ըստ փոխնախարարի, արդեն այժմ կան ընտանիքներ, որոնք պատրաստ են նույնիսկ 3-4 երեխաների պահել։ Խնամատար ընտանիքներին յուրաքանչյուր երեխայի համար կտրվի դրամական փոխհատուցում։ Աշոտ Եսայանը չասաց, թե որքան կկազմի կոնկրետ գումարը, բայց նշեց, որ միայն մեկ երեխայի սննդի գումարը 50 հզ. դրամ է։
Խնամատար ընտանիքներին աջակցելու նպատակով գործում են մի շարք դրամաշնորհային ծրագրեր։ Ճապոնական զարգացման հիմնադրամը, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, Յունիսեֆը միջոցներ են տրամադրել այս նպատակով։ Սակայն փոխնախարարը ընդգծեց, որ հենց այնպես երեխաները չեն տրվելու։ Գործելու են բազմաթիվ չափորոշիչներ, որոնք բավարարելու դեպքում միայն ընտանիքներին հնարավորություն կտրվի պահել երեխաներին։ Մասնավորապես ստուգվելու են ընտանիքի ֆինանսական վիճակը, ծնողների առողջական վիճակը, հաշվի են առնվելու հարեւանների, աշխատանքային ընկերների կարծիքները եւ այլն։ Պետությունը նաեւ վերահսկելու է խնամակալության տրված երեխաների հետագա վիճակը։
Օտարերկրացիների կողմից հայ երեխաների որդեգրման հնարավորության մասին հարցին Աշոտ Եսայանը պատասխանեց, որ նախապատվությունը տրվելու է տեղի ընտանիքներին։ Ինչ վերաբերում է օտարերկրացիներին, ապա նրանց որդեգրման թույլտվությունը կատարվում է կառավարության որոշմամբ։
«Ազգի» հարցին, թե դրամաշնորհներից բացի պետբյուջեից գումար չի՞ հատկացվելու երեխաների խնամատարությունը վերցրած ընտանիքներին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը բացասական պատասխան տվեց, ասելով, որ դա կատարվում է դրամաշնորհների միջոցով։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ