«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2004-01-14 | #3, 2004-01-15 | #4, 2004-01-16


ՄԱՐԶԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ 165 ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂ ԿԱ

Մեկնողներին տրվում է դրամական պարգեւ

Կրթության եւ գիտության նախարարության մամուլի բաժնից տեղեկացանք, որ Հայաստանի մարզերում (բացի Վայոց ձորի եւ Տավուշի մարզերից) մոտ 165 մանկավարժական կադրերի պահանջարկ կա։ Հեռավոր, սահմանամերձ, լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրեր գործուղվելու ցանկություն ունեցող մանկավարժների համար սահմանվել են մի շարք արտոնություններ։ Ֆինանսական փոխհատուցումներ կհատկացվեն ճանապարհածախսի (տարեկան մոտ 4 անգամ), բնակարանի վարձի (ամսական 10 հազար դրամ), գույքի տեղափոխման (15 հազար դրամ), կեցության այլ ծախսերի (ամսական 5 հազար դրամ) համար։

Այդ բնակավայրերում աշխատող ուսուցիչները կվարձատրվեն ըստ սահմանված դրույքաչափի։ Նրանց խրախուսելու նպատակով Համաշխարհային բանկը սահմանել է 500 դոլար դրամական օգնություն։

Գործուղվելու իրավունք ունեն բարձրագույն կրթությամբ ՀՀ քաղաքացիները, մանկավարժական ուսումնական հաստատությունների նախավերջին եւ ավարտական կուրսերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները։ Վերջիններս կգործուղվեն ուսման անհատական ժամանակացույցի անցնելուց հետո։ Նախապատվությունը տրվում է մարզերի եւ մանկավարժական որակավորում ունեցող մասնագետներին։

Նախորդ տարվա դեկտեմբերի 22¬ից մինչեւ այս տարվա հունվարի 9¬ը Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի մարզեր են մեկնել 36 ուսուցիչներ։

Նախարարությունը շարունակում է դիմում¬հայտերի ընդունումը։ Ցանկացողները պետք է զանգահարեն կառավարման վարչությունՙ 583483 հեռախոսահամարով։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4