Չարաշահումները փոխհատուցվում են դարձյալ պետական կամ տեղական բյուջեների հաշվին
Համայնքներին տրվող պետական դոտացիաները թերեւս այն ոչ սակավաթիվ խայծերից են, որոնք դրդում են համայնքապետի պաշտոնին հավակնելուն։ Հատկապես գյուղական համայնքներում հազվադեպ չեն պետբյուջեից, այսինքն մեր բոլորի գրպանից տրվող գումարների փոշիացումը կամ պարզապես գյուղապետի եւ նրա ազգականների անձնական նպատակների համար ծախսելը։
Դոտացիան տրվում է ըստ բնակչության թվի վճարումների չափի
Սակայն, նախ որոշակի պատկերացում տանք, թե ինչպես եւ ինչ նպատակով են տրվում այդ դոտացիաները։ Ինչպես տեղեկացանք ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից, առաջին անգամ համայնքների բյուջեներին ֆինանսական հատկացումներ արվեցին 1998 թ.-ից։ Այդ ժամանակ հատկացված գումարը 3,7 մլրդ դրամ էր։ 2003 թ.-ին համայնքներին հատկացվեց արդեն 9,1 մլրդ դրամ։ Տվյալ գյուղին դոտացիա տրամադրելիս հիմք են ընդունվում հողի եւ գույքի հարկի վճարումները, բնակչության թիվը։ Այն տրամադրվում է «անհատույց եւ անվերադարձՙ համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով»։
Բնականաբար, գլխավոր հարցն այն է, թե ով եւ ինչպես է վերահսկում հատկացվող գումարների արդյունավետ եւ նպատակային օգտագործումը։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, համայնքի բյուջեի կատարումը վերահսկում է համայնքի ավագանին։ Վերջինս իրավունք ունի ստուգելու յուրաքանչյուր գործողություն, դրա արդյունավետությունը եւ որակը, համայնքապետից պահանջել կատարված ծախսերի հաշվետվություն։ Ավելին, ավագանին կարող է համայնքապետի ներկայացմամբ սահմանել դոտացիոն գումարների օգտագործման ուղղությունները։ Սակայն ինչպես հաճախ է պատահում հայաստանյան իրականության մեջ, օրենքն ու իրականությունը տարբեր բեւեռներում են հայտնվում։
Պետբյուջեից կատարվող հատկացումների ոչ նպատակային օգտագործմանՙ Կոտայքի մարզի մի քանի գյուղերից ստացած տեղեկությունները ստուգելու նպատակով եղանք Զառ եւ Գառնի գյուղերում։ Հունիս- սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսական դատարանում քննվում էր Կոտայքի մարզի 7 գյուղերի դեմ մարզի դատախազության հայցը պետությանը պատճառված վնասների փոխհատուցման մասին։ Խնդիրը, բնականաբար, համայնքների բյուջեների, այդ թվում նաեւ պետական դոտացիաների անարդյունավետ ծախսմանն էր վերաբերում։
Զառ գյուղում չարաշահումները կատարվել են նախկին գյուղապետի կողմից
Զառ գյուղի (որը 1522 բնակիչ ունի) գյուղապետ Մաթեւոս Մաթեւոսյանը նշեց, որ գյուղի տարվա բյուջեն շուրջ 7 մլն դրամ է կազմել, որից 1,9 մլն է պետական դոտացիան։ Նրա հավաստմամբ, նախորդ տարի բյուջեն եղել էր 13 մլն դրամ, որից 900 հազարն է եղել դոտացիան։ «Այդ բյուջեի 56 տոկոսը ես կատարեցի։ Մինչ այդ 18 տոկոսի կատարումը երանելի ցուցանիշ է համարվել։ Հավանաբար նաեւ այդ պատճառով 2003 թ.- ին դոտացիան ավելացրին։ 2 տարի պետական այդ հատկացումները կանոնավոր ստանում ենք։ Նախկինում այդպես չէր», ասաց գյուղապետը։ Նա այն կարծիքը հայտնեց, որ նախկին գյուղապետն (այժմ հանգուցյալ) ու ավագանին ուռճացված բյուջե էին կազմել, որի կատարումն անհնար էր։
Մեզ հետաքրքրող հիմնականՙ «Ինչպե՞ս պատահեց, որ Զառի գյուղապետարանի դեմ դատական գործ հարուցվեց 281 հզ. դրամ վնասի փոխհատուցման պահանջով եւ ինչպես է ծախսվել պետական դոտացիան» հարցին պատասխանելով, մեր զրուցակիցը հետեւյալ պարզաբանումը տվեց։ Նախկին գյուղապետը, 36 ամիս աշխատելով վճարել է գյուղապետարանի աշխատակիցների 10 ամսվա աշխատավարձը։ Մնացած 26 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմել է մոտ 2 մլն 400 հզ. դրամ։ Գյուղապետի հավաստմամբ, իր աշխատած ժամանակահատվածում 6 ամսվա աշխատավարձ է վճարվել։ Էլեկտրաէներգիայի մեծ պարտքեր կային, ինչի պատճառով անջատվել էին խմելու ջրի պոմպերը, գյուղապետարանի, մշակույթի տան էներգամատակարարումը։ Դրանք վճարվել են։ Սակայն Մաթեւոս Մաթեւոսյանն իր դժգոհությունն է հայտնում օրենսդրության անկատարությունից. «Ինչո՞ւ ես պետք է փակեմ նախորդ գյուղապետի ժամանակ եւ մեղքով առաջացած աշխատավարձի, էլեկտրաէներգիայի, հեռախոսակապի պարտքերը»։ Չնայած դրան, գյուղապետը մինչ դատական հայցն իր պատրաստակամությունն է հայտնել այդ գումարը աստիճանաբար վճարելու։ Նա նաեւ հայտնեց, որ վերոնշյալ 281 հազարից 114 հազարը կենսաթոշակային հիմնադրամի պարտքն է, որը նախորդ գյուղապետի չվճարած աշխատավարձերից հիմնադրամին չփոխանցված գումար է։ Եղել են նաեւ սխալ ներկայացված տեղեկանքների հետեւանքով առաջացած պարտքեր։ Դա առավելապես սոցիալական կացության որոշման համար տրվող տեղեկանքներին է վերաբերում։ Օրինակՙ երբ 3 կով ունեցողին գյուղապետարանը տեղեկանք է տալիս 1 կամ 2 կով ունենալու մասին, ինչի արդյունքում սոցիալական նպաստ է ստանում դրա կարիքը չունեցող ընտանիքը։
Ավագանին ի՞նչ մասնակցություն է ունեցել վերոնշյալ գումարների ծախսմանը։ Այն, ինչպես արդեն նշվեց, հաստատում է բյուջեն եւ իրավունք ունի հաշվետվություններ պահանջել կատարված ծախսերի համար։ Զառ գյուղում գյուղապետի եւ ավագանու ընտրությունները միեւնույն օրը չեն տեղի ունենում, որովհետեւ նախկին գյուղապետներից մեկը հրաժարական էր տվել եւ ժամկետները խախտվել են։ «Ավագանու ներկա անդամները մի քանի ամիս առաջ են ընտրվել եւ այս բյուջեից տեղյակ չեն։ Այն հաստատել է նախորդ ավագանին։ Նոր բյուջեն արդեն կհաստատի նոր ավագանին։ Ընդհանրապես ավագանիների օրենքը թերի է։ Ավագանու անդամներ պետք է ընտրվեն գիտակ մարդիկ։ Եթե ինչ-որ տեղ գյուղապետն ընտրվի մեծ ազգության, թայֆաների շնորհիվ, ապա ավագանիները պետք է կարողանան աշխատեցնել նրան», նշեց Մաթեւոս Մաթեւոսյանը։
Գառնիի ավագանու անդամներն անտեղյակ են
Գառնի գյուղում պատկերն այլ էր։ Նախՙ անհամեմատ ավելի մեծ գյուղ է, որտեղ բնակվում է շուրջ 8 հզ. մարդ, ապա տեղի գյուղապետն այս պաշտոնում էր արդեն 7 տարի։ Հետեւաբար նախկին գյուղապետին ինչ-ինչ մեղադրանքներ ներկայացնելու հնարավորությունը բացակայում էր։ Գյուղապետ Աշոտ Վարդանյանի հետ զրույցի ժամանակ վերջինս հայտնեց, որ գյուղին տրվող դոտացիան 2003 թ.-ին կազմել է 20 մլն դրամ, իսկ բյուջեն ընդհանուր առմամբ կազմել է 31 մլն դրամ։ Բյուջեի գույքահարկից եւ հողի հարկից գոյացող մասը հավաքվել է 30 տոկոսով։ Դրա պատճառը գյուղապետը համարեց ջրի անկանոն մատակարարումը եւ որպես հետեւանք հողի հարկի վճարումների ցածր ցուցանիշը։ Ջրի խնդրի առկայությունը Գառնիի բարձրադիր հատվածում ջրամղիչ պոմպն աշխատեցնելու հետեւանքով կուտակված պարտքերից է։ Այդ պարտքերի չվճարման պատճառով էներգամատակարար ընկերությունն անջատել է պոմպի սնուցումը։ Այստեղ ստեղծվել է մի տեսակ փակ շղթա, որի ելքը, ըստ գյուղապետի, ինքնահոս ջրագծի անցկացումն է։ Այդպիսի ջրագիծը, նրա հավաստմամբ, առաջիկա ամիսներին վերջնականապես պատրաստ կլինի։
Ինչ վերաբերում է կոնկրետ դոտացիային, ապա վերոնշյալ 20 մլն-ից 12-ն արդեն ստացվել է։ Որքան էլ տարօրինակ է, չնայած բյուջեի հավաքման նման ցածր ցուցանիշին, դոտացիոն գումարները Գառնիի գյուղապետարանը կանոնավոր ստանում է։ Աշոտ Վարդանյանն այն համոզման է, որ դոտացիաների չափն ու հատկացումները կապված չեն հարկերի հավաքման հետ, մինչդեռ, ինչպես նշվեց վերեւում, դրանք ուղղակիորեն պայմանավորված են մեկը մյուսով։ Ավելին, բացի այս տարվա հատկացումից, գյուղին է տրվել նաեւ նախորդ տարիներին չտրված դոտացիաներից որոշ գումարներ։ Այդ գումարներով փակվել են աշխատավարձերի նախորդ տարիներին ունեցած պարտքերը։ Մշակույթի տան հոսանքն առայժմ անջատված է, բայց գյուղապետը վստահեցրեց, որ եկող տարվա բյուջեում այդ գումարը կնախատեսվի եւ գումարը կվճարվի։ 5 մլն դրամ է վճարվել ոռոգման ցանցի էլեկտրաշարժիչների ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց։ Եվս 6 մլն դրամի պարտքը դեռեւս փակված չէ։
Գումարների ծախսմանը, ըստ Աշոտ Վարդանյանի, համայնքի ավագանին մասնակցում է։ Գյուղապետը նշեց, որ ավագանու բոլոր 10 անդամներն են տեղյակ լինում այդ գործընթացին։
Մեզ հուզող հաջորդ խնդիրը Կոտայքի մարզի դատախազության կողմից Գառնիի գյուղապետի դեմ ներկայացված հայցն էր պետությանը պատճառած վնասը վերականգնելու պահանջով։ Խոսքը 431 հզ. դրամի մասին էր։ «15 ընտանիքի սխալ տեղեկանք էինք տվել, որտեղ նրանց պատկանող անասունների գլխաքանակը պակաս էր նշվել։ Դա, իհարկե, դիտավորյալ չէր արվել։ Գյուղացին ինքն է դիմում գրում եւ տեղեկացնում սոցիալական ծառայություններին իր ունեցած անասունների գլխաքանակի մասին», ասաց գյուղապետն, ավելացնելով, որ այդ գումարն արդեն վճարվել է եւ վճարվել է ոչ թե դոտացիոն միջոցներից, այլ հարկերից։
Սակայն գյուղապետի հավաստիացումներին տրամագծորեն հակադրվում էին ավագանու մի քանի անդամների հաղորդած տեղեկությունները։ Մասնավորապես, Արամ Հայրապետյանը, ընդունելով իր մասնակցության փաստը բյուջեի քննարկմանը, հայտնեց, որ այն փաստորեն չի հաստատել ավագանին։ Գուրգեն Խաչատրյանը հավելեց, որ նույն ձեւով չեն հաստատվել նաեւ նախորդ տարիների բյուջեները։ Նրանք նաեւ տեղյակ էին հատկացված դոտացիայի չափից, բայց դարձյալ անտեղյակ դրա ծախսման ուղղություններից։ Ընդամենը հրավիրվել է ավագանու երեք նիստ, որտեղ ընդունված որոշումները չեն կատարվել։ Մասնավորապես որոշվել էր ավտոբուս հատկացնել գյուղի երեխաներին դպրոց տանելու եւ գյուղին շտապ օգնության մեքենա հատկացնելու մասին։ «7 տարի գյուղապետ է, թող մի անգամ ավագանու նիստում իր գործունեության արդյունքների մասին խոսի։ Շատ կցանկանայի, որ ինքն այստեղ լիներ եւ իր ներկայությամբ այս ամենի մասին խոսվեր», նշեց Գուրգեն Խաչատրյանը։ Ոչ նա, ոչ Արամ Հայրապետյանը, ոչ մեր զրույցին մասնակցող ավագանու մյուս անդամ Վահագն Ստեփանյանը տեղյակ չէին գյուղապետի դեմ մարզի դատախազության ներկայացրած քաղհայցի, նրան ներկայացվածՙ վնասի վերականգնման պահանջի, վնասի չափի մասին։
Զառի եւ հատկապես Գառնիի օրինակը թերեւս հատկանշական է ցույց տալու համար, թե ինչպես են տնօրինվում համայնքներին տրվող պետական դոտացիաները, ինչպիսի մասնակցություն են ունենում ավագանիները այդ հարցում։ Պատկերն անմխիթարական է։ Փաստորեն գործող օրենսդրական դաշտը լիարժեք հնարավորություններ է տալիս համայնքապետներին չեզոքացնելու ավագանուն, եւ գումարները սեփական հայեցողությամբ ծախսելու։ Իսկ որ դրանք ծախսվում են ոչ նպատակային, վկայում են թեկուզ դատախազության հայտնաբերածՙ պետությանը պատճառված վնասները ոչ միայն վերոնշյալ երկու, այլեւ մարզի մի շարք ուրիշՙ Արամուս, Պտղնի, Կոտայք, Նուռնուս, Ձորաղբյուր գյուղերում։
Մեր հիշատակած երկու գյուղերի գյուղապետները հավաստիացրին, որ դատարանով պահանջվող գումարները կամ վճարել են, կամ կվճարեն։ Սակայն անհասկանալի է, թե ինչ միջոցների հաշվին են դրանք վճարվում։ Ցանկացած պարագայումՙ ոչ չարաշահումը թույլ տված գյուղապետի անձնական գումարների։ Այսինքնՙ գյուղապետը կարող է կատարել ցանկացած ծախս, որին ավագանին կարող է տեղյակ չլինել եւ վերահսկելու ոչ մի լծակ չունենալ եւ հայտնաբերելու դեպքում վնասը ծածկել դարձյալ պետական կամ համայնքային բյուջեների հաշվին։ Այստեղ օրենսդրական հրատապ փոփոխության անհրաժեշտություն է առաջանում, որը կհստակեցնի ավագանիների իրավասությունները եւ կսահմանի համայնքապետի պատասխանատվության սկզբունքն ու մեխանիզմները պետական միջոցների անարդյունավետ օգտագործման դեպքում։ Գուցե այս դեպքում գյուղապետի պաշտոնը պակաս գրավիչ դառնա։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, տե՛ս նաեւ www.hetq.am