Շվեդները եւս անտառափրկիչ ծրագիր են առաջարկում
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Վերջին տասնամյակում ամեն տարի Հայաստանում իրականացվել են 70 հազար խմ-ի ծառահատումներ։ 90-ական թթ. սկզբին «Ձմեռ» ծրագիրը դրանց ծավալը հասցրեց 150-180 հազար խմ-ի։ Եվ այս ամենն օրինական ճանապարհովՙ իբրեւ վառելափայտ ու շինափայտ օգտագործելու համար։ Եթե այս ամենին ավելացնենք նաեւ փայտի առք ու վաճառքի ստվերային բիզնեսը, երբ հսկայաքանակ անտառանյութ է արտահանվել, ապա այս կարճ ժամանակաընթացքում հայոց անտառներում կատարված ավերածության սահմանները դժվար չէ պատկերացնել։ Ի դեպ, բնապահպանության նախարարության Անտառային գիտափորձարարական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանի տեղեկացմամբ, այսօր Իսպանիա մեծաքանակ անտառանյութ է դուրս բերվում նաեւ Արցախի անտառներից։ Թե իրականում ինչպիսին են կորստի չափերը, անտառագետներից ոչ ոք տեղյակ չէ։ Անտառային վերջին գույքագրումը եղել է 1999 թ.։ Այդ տարվա եւ վերջին տվյալներով Հայաստանի անտառային ֆոնդը կազմել է 459 հազար հա, անտառապատվածության ցուցանիշըՙ 11,2 տոկոս։ Իսկ թե այսօր դա ինչպիսին է, որքանով է նվազել, այս առիթով որեւէ կարգի հետազոտություն ու աշխատանք չի իրականացվել։
Հանրապետության անտառային պաշարների 62-65 տոկոսը Հայաստանի հյուսիսում էՙ Տավուշում եւ Լոռիում։ Միայն համեստ դիտարկումներով, նկատի առնելով այս 2 մարզերի բնակչության թիվն ու սոցիալական վիճակը, մասնագետները միայն այստեղ նշում են անօրինական հատումների պատկառելի քանակՙ տարեկան 500 հազար խմ։ Միջազգային փորձագետները դրամաշնորհային իրենց ուսումնասիրություններից ելնելով, պնդում են, որ եթե ծառահատումներն այսպես շարունակվեն, ապա 20 տարի անց հանրապետությունն անապատի կվերածվի։
Կառավարության վերջին որոշումներից մեկով փորձ արվեց անտառքաղաքականությանՙ տասնամյակից ավելի հանցավոր աչքաթողության մատնված ոլորտը եւս արժանացնել պետական ուշադրության։ Գործառույթները բաժանվեցին բնապահպանության եւ գյուղնախարարությունների միջեւ։ Վերջինիս վստահվեց խնամքի, պահպանության, տնկումների ու հատումների իրագործումը, բնապահպանության նախարարության Անտառային գիտափորձարարական կենտրոնինՙ հաշվառումն ու գույքագրումը, քանի որ առանց այդ տվյալների հնարավոր չէ ձեռնամուխ լինել անտառաշինական ու վերարտադրության միջոցառումների։
Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանում իրականացնում է անտառի ինստիտուցիոնալ աջակցության ծրագիր (արժքըՙ 1 մլն դոլար)։ Ծրագիրն ունի 3 փուլՙ անտառային նոր քաղաքականություն, ապօրինի հատումների կանխարգելման համակարգերի մշակում եւ երրորդ, հաջորդ կարեւոր քայլըՙ մարդկային կարողությունների հզորացում, որը ոչ այլ ինչ է, քան կադրային վերապատրաստում ասվածը։
Շվեդիայի անտառների ազգային ծառայության պատասխանատու Բո Թորնն արդեն 2 օր Երեւանում անցկացնում է ուսուցողական դասընթացներ անտառային հին ու նոր մասնագետների հետ։ Ինչպես շատ ասպարեզներում, այստեղ էլ որակյալ կադրերի քաղց կա։ Մասնագետների մի մասը հեռացել է երկրից, մի մասը մահացել, մի մասն էլ անցել է այլ աշխատանքի։ Միջազգային ու տեղական անտառափրկիչ նախագծերն անհնար է իրականացնել առանց իրապես գիտակ կադրերի։
Բայց անորոշ այն ընթացքում, երբ ի վերջո կավարտվեն վաղուց սպառված անտառային գույքագրումն ու հաշվառումը, կվերապատրաստվեն կադրերը, մեր անտառները էլի կշարունակվեն հատվել։ Անտառի պահպանության ակնհայտորեն առաջին հիմնախնդիրն էլի առաջին պլանում չէ, այն էՙ անտառապահների բավարար քանակ ու բավարար վարձատրություն, փող տրանսպորտի ու հրացանի համար, այսինքնՙ նվազագույնը, ինչ դեռ կարելի է եւ պետք է իրականացնել անտառը պահպանելու համար։ Հատկապես անտառամերձ համայնքներում այն շարունակում է գայթակղության փորձաքար մնալ ոչ միայն աղքատ ու կարիքավոր բնակչության, այլեւ փայտի բիզնեսի միջոցով գերհարստացողների համար։
Միակ տրամաբանական լուծումն այս իրավիճակում պիտի լիներ ընդհանրապես ծառահատումների վրա գոնե ժամանակավորապես պետական արգելք սահմանելը։ Սակայն եթե Սեւանի տարածաշրջանի բնակչության սոցիալական խնդիրները «գիտակցաբար» մեղմացվում են սիգի ու այլ ձկնատեսակների շարունակական զոհաբերմամբ, անտառամերձ համայնքների դեպքումՙ սոցիալական խնդիրների զոհը դառնում են անտառները։ Գոյատեւման այս երակները կտրելը սոցիալական ցնցումներ կարող է առաջացնել։ Այնպես որ, դեռ անորոշ ժամանակ համակերպվելու ենք ապօրինի հատումների անհրաժեշտությանը, ինչպես սիգի պարագայումՙ դրա պաշարների աղետալի կրճատումներին։