«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2004-01-16 | #5, 2004-01-17 | #6, 2004-01-20


ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

Շաբաթ օրը շահագործման հանձնվեց Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի վարչական մասնաշենքը։ Բուհի հատկացրած 92 մլն դրամով երկհարկանի մասնաշենքի շինարարությունն իրականացրել է «Ա. Հակոբյան» ՍՊԸ-ն։ Հարմարավետ եւ ժամանակակից պահանջներին համապատասխան շենքն ապահովված կլինի նաեւ ջեռուցմամբ։

Բացմանը ողջույնի խոսք ասաց ինստիտուտի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռաֆայել Եդոյանըՙ ներկայացնելով ինստիտուտի անցած ուղին եւ հաջողությունները։

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը հավաստեց, որ բուհը հավակնում է դառնալ տարածաշրջանի հզոր ուսումնական կենտրոններից մեկը։ Նա հայտնեց, որ բուհին ԿԳ նախարարությունը կնվիրաբերի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի անունից քիմիայի լաբորատորիաներ։

Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, ողջունելով ներկաներին, ապագա ուսուցիչներին խորհուրդ տվեց լավ սովորել, դառնալ լիարժեք մասնագետներ։ Նա մեկ անգամ եւս հիշեցրեց, որ գյուղական դպրոցներում մանկավարժական կադրերի պակասը լրացնելու միակ ելքը պետպատվերով սովորողներին ավարտելուց հետո գյուղ գործուղելն է, որի մասին ինքը առաջարկություն է ներկայացրել կառավարությանը։

Շնորհավորանքի խոսք ասացին նաեւ ԱԺ պատգամավոր, ինստիտուտի ինֆորմատիկա եւ կիրառական առարկաներ ամբիոնի վարիչ Վահրամ Բաղդասարյանը, մանկավարժության ու հոգեբանության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանը։ պատմության ամբիոնի վարիչ Սամսոն Քառյանը եւ ուրիշներ։

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Չուլջյանի օրհնանքի խոսքից հետո կատարվեց մասնաշենքի հանդիսավոր բացումը։

Լրագրողներին տված ճեպազրույցի ժամանակ ԿԳ նախարարն անդրադարձավ դպրոցների օպտիմալացմանը, նշելով, որ կրճատված ուսուցիչների քանակը հանրապետությունում չի անցնում 5 հազարից։ Նա հավաստիացրեց նաեւ, որ ուսումնասիրվում են բոլոր դիմում-բողոքները, որոնց օբյեկտիվ լուծում է տրվում։

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4