Քաղաքի եւ գյուղի հսկայական տարբերությունը տարեցտարի խորանալով ծնունդ է տալիս նորանոր խնդիրներիՙ վտանգավոր իրավիճակ ստեղծելով հատկապես սահմանամերձ գյուղերում, դրանք վերածելով գրեթե ամայի ու լքված բնակավայրերի։ Բնավ էլ պատահական չէ, որ այնտեղ գործուղվելու ցանկություն հայտնող ուսուցիչների թիվը տակավին բավականին քիչ է, չնայած կեցութան բոլոր ծախսերը հոգում է գիտության ու կրթության նախարարությունը։ Վերջինիս ամեն օր դիմում է մոտ 15-20 հոգի, սակայն առաջարկվող պայմաններին ծանոթանալուց հետո մեկնելու վերջնական վճիռ չեն կայացնում։ Խնդիրն այն է, որ, նախարարության հայտարարության համաձայն, Համաշխարհային բանկը նախատեսել է սահմանամերձ մարզեր մեկնողներին պարգեւատրել 500 դոլարով, սակայն մեկ տարվա աշխատանքից հետո։ Ինչպես նշեց կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Խաչիկ Մուրադյանը, չկան այն մեխանիզմները, որ մեկնողներն իրենց աշխատանքը կշարունակեն 500 դոլար նպաստը նախապես ստանալուց հետո։ Իսկ դիմողներին հիմնականում գրավում է այդ պարգեւատրումը, որը նրանց հնարավորություն կտա իրենց նյութական վիճակը ոչ թե ընդամենը մեղմելու, այլՙ որոշ չափով բարելավելու։
Նրա խոսքով, հայոց լեզվի եւ գրականության, ռուսաց լեզվի, անգլերենի, մաթեմատիկայի եւ այլ առարկաներ դասավանդող ուսուցիչների խիստ պակաս կա հատկապես Շիրակի մարզի Լեռնակերտ, Հովտաշեն, Աղվորիկ, Զառիշատ, Կապանի մարզի Շիշկերտ, Անգեղակոթ, Շաղաթ, Թասիկ, Մեղրիի Լիճք, Գեղարքունիքի մարզի Արշաղբյուր, Գեղամաբաք, Դպրաբաք, Անտառամեջ գյուղերում։ Ընդամենը կեցության ծախսերը հոգալու նախարարության պատրաստակամությունը, պարզվում է, իրականում քիչ է ուսուցիչներին ոգեւորելու համար, քանի որ նշված սահմանամերձ գյուղերն այսօր գտնվում են խիստ մեկուսացման մեջ, մարդիկ զրկված են նույնիսկ տեղեկատվություն ստանալու ամենատարրական հնարավորությունից։ Էլ չենք ասում քաղաքից գյուղ տանող ճանապարհների ու նաեւ ավտոբուսների բացակայության մասին։
2003 թ.-ից այլեւս չի գործում կառավարության նախկին օրենքը, համաձայն որի սահմանամերձ գյուղեր էին գործուղվում բուհ ավարտող տղաներըՙ նրանց տարկետումը մինչեւ 27 տարեկան շարունակելու պայմանով։ Այսօրվա դիմողների մեծ մասը օպտիմալացման հետեւանքով կրճատված ուսուցիչներն են, հիմնականում կենսաթոշակային տարիքի, որոնք, սակայն, դժվարանում են մեկնել իրենց ընտանիքից կտրվելու պատճառով։ Չնայած նրանց տրվում է ընտանիքի հետ մեկնելու հնարավորություն, գյուղերում աշխատատեղերի բացակայությունը նրանց հույս չի ներշնչում։
Այնպես որ, նախարարության միակ հույսն այսօրվա վիճակով մանկավարժական ինստիտուտի ավարտական կուրսի ուսանողներն են, հիմնականում գյուղաբնակները, որոնք, անցնելով անհատական հաճախման գրաֆիկին, գործուղվում են հայրենի բնակավայրերՙ միաժամանակ հոգալով իրենց ուսման վարձը եւ ձեռք բերելով մանկավարժական հմտություն։ Պատահական չէ, որ արդեն գործուղման մեկնած 36 ուսուցիչներից 26-ն ավարտական կուրսի ուսանողներ են։ Իսկ օպտիմալացման հետեւանքով կրճատված ուսուցիչները, ըստ պրն Մուրադյանի, դեռեւս երկմտանքի մեջ են, որովհետեւ չեն կորցրել իրենց աշխատանքում վերականգնվելու հույսը։ Բողոք-դիմումների թիվը այսօր հասնում է 1500-ի, որոնցից շատերի խնդրանքը բավարարվում է։
Այսօր դժվար է հատկապես մարզերի կրթության վարչությունների աշխատանքը, քանի որ նրանք ճշգրտում են օպտիմալացման հետեւանքով կրճատված ուսուցիչների թիվը, որը վերջնականապես պարզ կլինի փետրվարին։
Կարծում ենք, որ ամենից առաջ մեր կառավարությունը պիտի մտահոգվի սահմանամերձ գյուղերում տիրող անմխիթար եւ լքված վիճակը վերացնելու խնդրով, քանի որ զուտ ժամանակավոր խրախուսական պարգեւները չեն նպաստում գյուղերն ամայացումից փրկելուն։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ