ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հանրագումարի է բերել 2003 թվականի արդյունքներըՙ դրանց արտաքին եւ ներքին քաղաքական բաղադրիչներով։ Այդ առնչությամբ նշված գերատեսչության ղեկավար Աշոտ Ղուլյանի հետ «Ազգի» թղթակցի զրույցը անցյալ տարվա քաղաքական անցուդարձերի եւ հետագա անելիքների ծրագրային հանրագումարն էր։ Իսկ անցած տարին բավականին հագեցած էր քաղաքական իրադարձություններով, թեեւ ակտիվ բանակցություններ չէին ընթանում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։ Իրադարձությունների հնչեղության առումով 2003-ը ղարաբաղյան շարժման 15-ամյակի եւ ԼՂՀ ԱԳՆ կազմավորման 10-ամյակի տարին էր։
Տարվա քաղաքական նկարագիրը արտգործնախարարը ներկայացրեց հետեւյալ փաստական տվյալներով։
Միջազգային հեղինակավոր երկու կազմակերպությունների 2003 թվականի զեկույցները վկայում են, որ անցած տարում ԼՂՀ միջազգային վարկանիշն ավելի է աճել. մասնավորապես, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի /FIDH/ եւ ամերիկյան Freedom House (Ազատության տուն) իրավապաշտպան կազմակերպության հաշվետվությունները արձանագրել են մեր երկրի ունեցած առաջընթացըՙ իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման ճանապարհին։ Երկու հաշվետվություններում Լեռնային Ղարաբաղը մի շարք ցուցանիշներով գերազանցում է Ադրբեջանին։
2003 թ. ապրիլին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան իր առաքելության աշխատանքի արդյունքներով (2002 թ. սեպտեմբերի 2-6-ը նրանց ներկայացուցիչները գտնվում էին Լեռնային Ղարաբաղում), հրապարակել է հաշվետվություն, որտեղ նշվում է, որ միջազգային առումով Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ցուցադրում են քաղաքական կամք, որն արտահայտվում է այն բանի գիտակցումով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կօժանդակի միջազգային ասպարեզում պետության օրինականացմանը։ Հաշվետվության մեջ նաեւ միջազգային հանրությանը կոչ է արվում իր պատասխանատվության գոտուց չբացառել Լեռնային Ղարաբաղը։ «Տվյալ տարածաշրջանից միջազգային հանրության քաղաքական եւ բարոյական հրաժարումը չի նպաստի Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական գործընթացների խորացմանը։ Զոհաբերվում են ոչ միայն բնակչության հիմնարար իրավունքները, այլեւ նրա հումանիտար կարիքները»։ Բացի այդ, նշված է զեկույցում, միջազգային հանրությունը, առանձնապես այն երկրները, որոնք ներգրավված են հակամարտության կարգավորման մեջ, չեն կարող բանակցությունների սեղանի շուրջ անտեսել Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներին։ Այդ հանգամանքը կարող է վնասել հակամարտության խաղաղ եւ փոխզիջումային կարգավորմանը եւ հանգեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ նրա իրավունքների ամբողջական անտեսմանը։
Աշոտ Ղուլյանը կարեւորեց նաեւ դեկտեմբերին Freedom House իրավապաշտպան կազմակերպության ամենամյա հաշվետվությունը աշխարհում քաղաքացիական իրավունքների եւ քաղաքական ազատությունների իրավիճակի վերաբերյալ։ Համաձայն այդ փաստաթղթի, ԼՂՀ վարկանիշը զգալիորեն բարձր է հարեւան Ադրբեջանի համեմատությամբ, որտեղ իրավիճակը լրջորեն խաթարվել է այդ երկրում կայացած նախագահական ընտրությունների ընթացքում։
Մյուս ուշագրավ հանգամանքն, ըստ Ա. Ղուլյանի, վերջին երկու տարիների ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանդեպ եվրոպական կառույցների հետաքրքրությունն է։ Մասնավորապես, ԵԽԽՎ-ը եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը զեկուցողներ են նշանակել ԼՂ հակամարտության հարցով։ 2003 թ. հունիսին Եվրամիության նախարարների խորհուրդը Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոն է հիմնադրել։ Եվրախորհրդարանը նույնպես հատուկ զեկուցող ունի Հարավային Կովկասի հարցերով։
Անցած տարին նշանավորվեց այդ կառույցների ներկայացուցիչներիՙ ԼՂՀ ղեկավարության հետ ունեցած հանդիպումներով։ Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԼՂՀ նախագահը հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ Յաապ դե Հոոպ Սխեֆերի, Եվրախորհրդարանի զեկուցող Պեր Գարթոնի եւ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի հետ։ Հանդիպումների ժամանակ ներկայացվել է ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, քննարկվել են ԵՄ եւ Հարավային Կովկասի երկրների փոխհարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին Եվրամիության հնարավոր աջակցության հեռանկարները։
Միջազգային ասպարեզում ԼՂՀ վարկանիշի ստեղծման վրա որոշակի ազդեցություն ունեն նաեւ ակտիվ շփումները հանրապետության ոչ կառավարական կազմակերպությունների հետ։
Համագործակցության երկուստեք գոհացուցիչ արդյունքներ են գրանցվել ԱԳՆ եւ ԼՂՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների միջեւ։ ԵԱՀԿ ԳՆ ԱՆ գրասենյակի եւ նախարարության սերտ համագործակցությունը իր դրսեւորումն է գտել 2003 թվականին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում 15 դիտարկումների անցկացումով, որոնք ԼՂՀ ՊՆ աջակցությամբ անցել են նախապես համաձայնեցված ժամանակացույցի եւ գործող կարգի շրջանակներում։ Դրականորեն պետք է գնահատել նաեւ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի հետ համագործակցության մակարդակը։ 2003 թվականին ԿԽՄԿ ամենաակտիվ մասնակցությամբ ադրբեջանական կողմին են փոխանցվել 3 զինծառայող, 3 քաղաքացիական անձինք։
Արցախ-սփյուռք համագործակցության բնագավառում Աշոտ Ղուլյանը լուրջ հաջողություն համարեց 2003 թ. նոյեմբերին Լոս Անջելեսում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ անցկացված հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակվել է շուրջ 6,1 մլն. դոլարՙ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության։
2003 թ. հուլիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 10-ամյակի տոնակատարության շրջանակներում Ստեփանակերտում կայացել է ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչների առաջին խորհրդաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությունըՙ նախարար Վ. Օսկանյանի գլխավորությամբ։ Կարեւորելով այս իրադարձությունը, ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ առաջին անգամ նման բարձր մակարդակով (ՀՀ պատվիրակության կազմում էին մոտ մեկ տասնյակ դեսպաններ) երկու երկրների դիվանագիտական անձնակազմերի միջեւ կայացել են քաղաքական քննարկումներ։ Խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը եւ նրա զարգացման հեռանկարները, տեղեկատվական քաղաքականության համակարգման, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունների, ինչպես նաեւ արտերկրում ՀՀ դեսպանատների եւ ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների համագործակցության հարցեր։ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունները ստորագրել են համագործակցության նորացված արձանագրությունՙ առաջիկա հինգ տարիների համար։
Բանակցային գործընթացի խնդրին անդրադառնալով, Ա. Ղուլյանը նշեց, որ ինչպես բազմիցս հայտարարվել է, Լեռնային Ղարաբաղը շահագրգռված է հակամարտության վերջնական կարգավորմամբ։ 2003 թվականը մի շարք օբյեկտիվ պատճառներով, պայմանավորված տարածաշրջանի ներքաղաքական զարգացումներով, մասնավորապես Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրություններով, հակամարտության կողմերի համար բարենպաստ չէր ակտիվ բանակցություններ վարելու առումով։ Անցած տարվա հոկտեմբերին, Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո շատերը, այդ թվում եւ ԼՂՀ իշխանությունները, որոշակի հույսեր էին կապում ղարաբաղյան կարգավորման քաղաքական գործընթացի ակտիվացման հետ։
Ցավոք, Ադրբեջանի նոր նախագահը, դատելով նրա հայտարարություններից, առանձնապես հակված չէ երկխոսության, եւ այդ պատճառով էլ այսօր դժվար է խոսել խաղաղարար գործընթացի ակտիվացման մասին։ Կողմերը որոշակի հույսեր էին կապում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած վերջին, դեկտեմբերյան այցի հետՙ միջնորդներն իրենք էին խոսում նոր գաղափարների առկայության մասին։ Սակայն, ինչպես պարզվեց, այցի նպատակը հակամարտության կողմերի դիրքորոշումների ճշտումն էր նոր գաղափարների ձեւավորման համար։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ստեփանակերտում կայացած հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բաց է երկխոսության համար եւ առաջարկում է բանակցային գործընթացը վերսկսել լիարժեք ձեւաչափով։ Վերջին տասը տարիների ընթացքում ստեղծվել է որոշակի ներուժ, բացահայտվել են որոշակի բանակցային դիրքորոշումներ, եւ այդ ամենից հրաժարվելը ճիշտ չէր լինի։ Բոլոր դեպքերում ԼՂՀ-ն բանակցությունները Մինսկի խմբի համանախագահության հովանու տակ վերսկսելու կողմնակից է եւ պատրաստ է դրանց լիարժեք կերպով մասնակցելու։
Որպես արդյունավետ երկխոսության շարունակման առաջնային պայմանՙ արտգործնախարարը հատկանշեց ենթատարածաշրջանում վստահության մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը։ Առանց վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկման շոշափելի ինչ-որ բանի հասնել հնարավոր չէ։ Ա. Ղուլյանը տեսակետ հայտնեց, որ պետք է սկսել փոխադարձ, ոչ մեծ քայլերից։ Քանի դեռ գաղափարախոսական պատերազմը չի ավարտվել, հասարակությունը, ուզի թե չուզի, շփման գծի հակառակ կողմում գտնվողների մեջ պետք է թշնամի տեսնի։ Դրա համար էլ անհրաժեշտ է, որ շփումների հաստատման մեջ լինի ցանկացած, նույնիսկ աննշան առաջընթացՙ թեկուզ ոչ կառավարական, մարդասիրական կազմակերպությունների մակարդակով։
Ռազմագործողությունների վերսկսման հավանականության վերաբերյալ ԱԳՆ ղեկավարն ասաց, որ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական հաշվեկշիռը եւ առկա աշխարհաքաղաքական ու տնտեսական իրողությունները պատերազմի վերսկսման հավանականությունը հասցնում են նվազագույնի։ Բացի դրանից, Ադրբեջանում գիտակցում են հիմնախնդիրը ուժային ճանապարհով լուծելու անհեռանկարային լինելը, ինչպես նաեւ այն, որ հավերժական թշնամանքն ու առճակատումը ձեռնտու չեն կողմերից եւ ոչ մեկին։ Ադրբեջանի իշխանությունը պետք է հաշվի առնի, որ պատերազմի վերսկսման դեպքում չի ստանա միջազգային հանրության օժանդակությունը, քանի որ վերջինս շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ, համոզմունք հայտնեց ԼՂՀ արտգործնախարարը։ Սակայն Ադրբեջանի նորընտիր ղեկավարությունը շարունակում է համաշխարհային հանրությանը շանտաժի ենթարկելու քաղաքականությունը, որն ուղղված է համաշխարհային գիտակցության մեջ այն գաղափարի ներդրմանը, որ հակամարտության կարգավորմանՙ Ադրբեջանին ձեռնտու տարբերակը այլընտրանք չունի, ընդհուպ ուժային լուծումը։
Օգտագործելով միջազգային շատ հեղինակավոր կազմակերպությունների ամբիոնները, Ադրբեջանը շարունակում է հակահայկական հիստերիանՙ փորձելով Լեռնային Ղարաբաղը ներկայացնել որպես անվերահսկելի տարածք, այսպես կոչված, «գորշ գոտի», որը իբր լայնորեն օգտագործվում է ահաբեկչական գործունեության, փողերի լվացման, թմրադեղերի, զենքի եւ մարդկանց թրաֆիկինգի համար։ Մինչդեռ ԱՄՆ Պետդեպարտամենտի թմրադեղերի միջազգային ռազմավարական վերահսկողության վերաբերյալ ամենամյա հաշվետվության համաձայն «բալկանյան ուղու» փակվելուց հետո ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հենց Ադրբեջանի տարածքն է դարձել միջազգային թմրաթրաֆիկի հիմնական տարանցիկ ուղիներից մեկը։ Լեռնային Ղարաբաղի հանդեպ վերոհիշյալ մտացածին մեղադրանքներին ի պատասխան ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ հերթական անգամ հայտնել է միջազգային դիտարկման խումբ ընդունելու եւ Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող ամբողջ տարածքում նրանց աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուՙ հանրապետության ղեկավարության պատրաստակամությունը։
2004 թ. անելիքների շրջանակներում Ա. Ղուլյանը նշեց, որ արտաքին քաղաքականության առաջնահերթություններում ընդգրկված է նաեւ ԼՂՀ առաջանցիկ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը, որը թույլ կտա ապահովել տնտեսական աճի կայուն տեմպեր, ներգրավել օտարերկրյա ներդրումներ եւ հասնել բնակչության կենսամակարդակի հետեւողական բարձրացմանը։ Պակաս կարեւոր չեն ժողովրդավարական բարեփոխումների շարունակումը, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ապահովումը եւ այդ հաջողությունները արտաքին աշխարհում պատշաճ ներկայացնելու խնդիրները։ Այս առթիվ ԼՂՀ-ն զարգացնելու է կապերը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմքերի վրա։
«Եթե այս ամենին հավելենք մեր բանակի պաշտպանունակության բարձր մակարդակը, ՀՀ եւ սփյուռքի հետ կապերի խորացումը, ապա մեր ժողովրդի անվտանգության եւ քաղաքական ապագայի հեռանկարները բավականին լավատեսական են պատկերվում», ի եզրափակումն նշեց Աշոտ Ղուլյանը։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ