Ի պատասխան «Ազգի» հարցի, թե ինչպիսին է իր երկրի վերաբերմունքը Ադրբեջանի հարուցած խոչընդոտների պատճառով հայ սպաների ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառմանը չմասնակցելու կապակցությամբ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբբոթ-Ուոթը ասաց հետեւյալը. «Ես շատ ցավում եմ, որ դա տեղի չունեցավ։ Ճիշտ է, բոլոր տվյալներին եւ մանրամասներին տեղյակ չեմ, բայց ցավում եմ այդ միջադեպի համար»։
Իսկ հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ երեկվա հանդիպման նպատակը Հայաստանում դեսպանի գործունեության մեկ տարին նշելն էր։ Շատ կարճ ներածությունից հետո, որտեղ տիկին Էբբոթ-Ուոթը ընդգծեց իր ուրախությունը Հայաստանիՙ զարգացման արեւմտյան ուղի ընտրելու կապակցությամբ, դեսպանը լրագրողներին առաջարկեց հարցեր տալ։ Պատասխանելով դրանց, նա մասնավորապես իր կարծիքը Հայաստանի զարգացման արեւմտյան ուղի ընտրելու վերաբերյալ հիմնավորեց նրանով, որ մեր երկիրը անդամակցել է Եվրախորհրդին եւ հեռահար նպատակ ունի Եվրամիությանն անդամակցելու։ Դեսպանի կարծիքով Հայաստանը դեռեւս չի կատարել Եվրախորհրդի առջեւ իր ստանձնած որոշ պարտավորություններ, որոնք կապված են սահմանադրական փոփոխությունների հետ, իսկ մյուսներն ըստ ժամանակացույցի կատարվում են։
Տիկին Թորդա Էբբոթ-Ուոթը համաձայն չէր այն մտքին, թե Մեծ Բրիտանիան Հայաստանում պասսիվ քաղաքականություն է վարում։ Նա նշեց նաեւ, որ դեսպանատունն ունի հատուկ բաժին, որը զբաղվում է Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների սերտացման հարցերով։ Դրանով փաստորեն նոր աշխատատեղեր բացելուն է նպաստ բերվում, որովհետեւ այստեղ գործող բրիտանական ընկերությունների աշխատակիցները հիմնականում հայեր են։ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը մեր երկրում, անդրադառնալով ԱՄՆ եւ իր երկրի դեսպանատան շենքերի համեմատությանն ասաց, որ բրիտանական դեսպանատան կառուցման համար արված ներդրումները եւս փոքր չեն, եւ կատակով ավելացրեց, որ իրենք այնպես հարուստ չեն, ինչպես իր բարեկամ Ջոն Օրդուեյը։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ դեսպանը նշեց, որ իր երկիրը պատրաստ է աջակցելու այն համաձայնությանը, որ կհասնեն բոլոր կողմերը։ «Մենք շահագրգռված ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի», ասաց նա։
Մամուլի ասուլիսի ընթացքում արծարծվեցին նաեւ Հայաստանում հակակոռուպցիոն եւ աղքատության հաղթահարման ծրագրեր։ Դեսպանը ողջունելի համարեց Հայաստանում տնտեսական աճի ապահովումը, բայց ցավ հայտնեց, որ դրա արդյունքները աղքատ բնակչությանը չեն հասնում։ Միաժամանակ տիկին Էբբոթ-Ուոթը, անդրադառնալով կառավարության ընդունած Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին, ասաց, որ ինքը հուսով է, որ ծրագիրը կտա իր արդյունքը։
Ըստ դեսպանի, կոռուպցիայի նկատմամբ բրիտանացիներն ավելի անհանդուրժող են, քան հայերը։ Ճիշտ է, ինքը նաեւ հիացած է հայերի ազնվությամբ։ Հակակոռուպցիոն ռազմավարության նպատակները դրական համարելով, դեսպանը կարեւորեց դրանց իրականացումը, նշելով, որ «ասելն այլ բան է, անելնՙ այլ»։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ