1995 թ. հուլիսի 5-ին ընդունվեց ընդամենը մի քանի տարի անկախացած երկրի գլխավոր օրենքը։ Դրանից հետո շատ ջրեր հոսեցին։ Եվրոպական կառույցներին անդամակցելուն հակված Հայաստանը, բնականաբար, չէր հասցրել սահմանադրությունը համապատասխանեցնել Եվրոպայի խստապահանջ քիմքին ու չափորոշիչներին։
Մի քանի օրից կլրանա 3 տարին, երբ Հայաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցելու բախտին արժանացավ։ Հիմա, գրեթե 1 տասնամյակ անց, եվրոպական փորձագետների մասնակցությամբ սկսվել է սահմանադրական նոր բարեփոխումների գործընթացը։ Եվրոպացիների մյուս պարտք ու պահանջներին Հայաստանը գրեթե լիովին հարմարվել է, եթե ոչ գործնականում, գոնե տեսությամբ ու օրենքների ամրագրումով։ Մինչեւ 2005 թ. ամառը Հայաստանը պիտի վերացնի այս խոչընդոտն էլ։ Թե ի՞նչ ուղղություններով են ընթանալու սահմանադրական բարեփոխումները, արդեն որոշակիորեն հստակ ու տարորոշված են։
Երեկ ԱԺ ոսկեզօծ դահլիճում Վենետիկի հանձնաժողովի փորձագետների եւ եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրման հարցերի հանձնաժողովի համագործակցությամբ կայացավ մեկնարկային համաժողովը։
2003 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ սահմանադրական փոփոխությունների փաթեթը հասարակությունը չընդունեց։ Նրա անհանդուրժողականությունը սխալ է բացատրել միայն անիրազեկությամբ, սահմանադրական փոփոխությունների խրթին խնդիրների անդյուրամարսությամբ, դրանցՙ նրա անմասնակից լինելու հանգամանքով։ «Ոչ» պատասխանն ավելի շուտ ու ավելի շատ հայրենի իշխանությունների նկատմամբ նրա անվստահության անդրադարձն էր։ Սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծ առայժմ չկա։ Սրբագրումների ու լրամշակումների ենթակա է գործող սահմանադրությունը։ Փոփոխությունների նոր փաթեթը, նախորդի ճակատագրին չարժանացնելու համար, առաջինը, թերեւս, պիտի իրագործվի այն հասարակությանը լայնորեն ներկայացնելու խնդիրը, հասարակական կազմակերպությունների եւ կուսակցությունների նախաձեռնությամբ ժողովրդական քննարկումների առանցք դարձնելը։ Որպեսզի մարդիկ, ի վերջո, գլխի ընկնեն, թե ինչու է անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, եւ ինչ է այն տալու իրենց։
Առայժմ, ըստ իրավագիտության դոկտոր, սահմանադրական հարցերով ՀՀ նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանի, հիմնական դրույթների վերաբերյալ փորձագետները տարաձայնություններ չեն արտահայտել, իսկ ինչ վերաբերում է «մանր մեխանիզմի հարցադրումներին, հնարավոր չէ, որ տարբեր դիրքորոշումներ չլինեն»։ Մի խոսքով, սահմանադրությունն օտարված չէ ժողովրդավար աշխարհում հայտնի պառլամենտական ստանդարտներից եւ օրակարգում դրա կատարելագործման հարցն է։
Իսկ այն «մանր» հարցերը, որոնցով հատկանշվում է առկա սահմանադրությունը, ըստ ընդդիմության ներկայացուցիչ, Եվրախորհրդի պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանի, հետեւյալն են. չկա տեղական ինքնակառավարում, գործում է կենտրոնացվածը։ Երեւանի քաղաքապետը, հակառակ թաղապետների, ոչ թե ընտրվում, այլ նշանակվում է։
Չկա անկախ դատական համակարգ, եւ դա ամրագրված է երկրի գլխավոր փաստաթղթով։ Հասարակ քաղաքացին, նույնիսկ դատավորը, եթե ուզում է ճշտել որեւէ օրենքի հակասությունը սահմանադրության հետ, Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն չունի։ Անվերահսկելի է գործադիր իշխանությունը, այսինքնՙ Ազգային ժողովը հսկելու լիազորություններ չունի։ Պետական քաղաքականության որեւէ ասպարեզում ձախողումների համար պատասխանատվության պարտավորությունը որեւէ մեկը եւ որեւէ կառույց չի կրում։ Գործող իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացած է 1 անձի ձեռքումՙ լիազորությունները մեծ են, պատասխանատվության հասցեականությունըՙ զրոյական։
Հիշեցնենք, որ հանրաքվեով մերժված սահմանադրական նախորդ նախագծի հեղինակները 6 կուսակցություններ էինՙ «Հանրապետություն», ԱԺՄ, «Սահմանադրական իրավունք» միությունը, կոմունիստները, դեմոկրատները, նաեւ ԱԺԿ կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը։
Մինչեւ սահմանադրական փոփոխությունների ընդունման եզրագիծը քիչ ժամանակ է մնացել, կհասցնե՞ն մեր քաղաքական ուժերն ու իշխանություններն իրազեկել հասարակությանը դրանց ոգուն ու տառին, անկասկած, կախված կլինի նրա հետ հաշվի նստելու նրանց ցանկությունից։
Լրջագույն հարցադրումներից մեկը, որ պիտի ներառի նախագծային նոր փաթեթը, երկրի կառավարման ձեւի ընտրությունն էՙ կիսանախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական հանրապետություն։ Հայտնի է, որ ընդդիմության ստվար զանգվածն առաջարկում է երկրորդ տարբերակը։ Կոալիցիոն իշխանության կրող կուսակցուկթյուններից մեկի ներկայացուցիչ Լեւոն Մկրտչյանը խորհրդարանական կառավարման մեխանիզմի ընտրությունը խիստ վտանգավոր է համարում, քանի որ Հայաստանը գտնվում է անվերջ ցնցումներ ապրող տարածաշրջանում։ Եվ հատկապես ճակատագրական խնդիրների բախվելիս նախագահական համակարգի առկայության դեպքում ավելի արագ ու ճկուն լուծումներ կարելի է ապահովել։
Կառավարման ակադեմիայի ռեկտոր, ՀՀ նախագահիՙ սահմանադրական հարցերով ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, արտահայտելով նաեւ իշխանությունների դիրքորոշումը, նույնպես միարժեք լուծում է առաջարկումՙ պետք է կատարելագործել պառլամենտական կառավարման ձեւը, իսկ մյուս լուծումն ամբոխահաճության արտահայտություն է, որի նպատակը սահմանադրական փոփոխությունների բուն գործընթացը վիժեցնելն է։ Նրա համոզմամբ, սույն հիմնախնդիրը գիտական վերլուծությունների արդյունքում պիտի լուծվի եւ ոչ թե սիրողական մոտեցումների առարկա դառնա։ Ասել է թեՙ անկախ այն իրողությունից, թե ընդդիմությունը կամ հանրաքվեի մասնակից ժողովուրդն այլ տարբերակ է նախընտրելու, հարկադրված կլինեն ենթարկվել իրենց ավելի խելոք, «մասնագիտական» մեկնաբանություններին ու հաշվարկներին։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ