«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2004-01-17 | #6, 2004-01-20 | #7, 2004-01-21


ՀԱՅ ՊԱՐԱԳԵՏԸ, ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՍՐԲՈՒՀԻ ԼԻՍԻՑՅԱՆ (1893-1979 ԹԹ.)

2003 թ. հունիսին լրացավ հայ ժողովրդական պարարվեստի անվանի գիտակ, ազգագրագետ, պարարվեստագետ, պատմական գիտությունների դոկտոր, գիտությունների վաստակավոր գործիչ Սրբուհի Ստեփանի Լիսիցյանի ծննդյան 110-ամյակը (1893-1979 թթ.)։

Ծնվելով հայ ազգագրագետ, մանկավարժ եւ հասարակական գործիչ Ստեփան Լիսիցյանի ընտանիքում, արյամբ ժառանգելով հայ մտավորականի, ազգագրագետի բնատուր զգացողությունն ու հոտառությունը, մանկուց կամա թե ակամա ընդգրկվել է հասարակական ու գիտական գործունեության մեջ։

1905 թ.-ից Թիֆլիսում Սրբուհի Լիսիցյանի ծնողները հրատարակում էին մանկական «Հասկեր» ամսագիրը, որի կազմման ու հրատարակչական աշխատանքներին մասնակից էին դարձնում իրենց երեխաներին։

Լիսիցյանների տունը Թիֆլիսում եւ Երեւանում ժամանակի հայ մտավորականության համար հավաքատեղի էր, որտեղ պարբերաբար հրավիրվում էին ժամանակի հայ եւ վրաց մշակութային կյանքի ակտիվ մասնակիցներ Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Ալ. Շիրվանզադեն, Գ. Աղայանը, Հովհ. Հովհաննիսյանը, Լեւոն Շանթը, Գեւորգ Բաշինջաղյանը, Փ. Թերլեմեզյանը, Ե. Թադեւոսյանը եւ շատ ուրիշներ։ Այդ հավաքներում տիրող մթնոլորտը Սրբուհի Լիսիցյանի համար մարդկանց, շրջապատող միջավայրը, հոգեւոր մշակույթն ու ժողովուրդների աշխարհայացքն ընկալելու, ուսումնասիրելու, գնահատելու հնարավորություն էր եւ կյանքի ընկալման մեծ դպրոց։

Ավարտելով մորՙ Կատարինե Քրիստաֆորովնայի գիմնազիան, Սրբուհի Լիսիցյանը մեկնել է Մոսկվա, ընդունվել Գերյեի անվան կանանց կուրսերի ռուսական եւ ռոմանական բաժիններում սովորելու։ Ուսումնառության տարիներին, կուրսերին զուգահեռ հաճախել է Օ. Է. Օզարովսկայայիՙ խոսքի վարպետության եւ Ի. Չերնեցկայայի պարի ստուդիաները։ Իր նախաձեռնությամբ ուսումնասիրել է շարժման դելսարտյան համակարգի օրենքները։ Նա ակտիվորեն մասնակցել է Մոսկվայի մշակութային կյանքին եւ հարստանալով բազմակողմանի գիտելիքներով վերադարձել Թիֆլիս։ Հենց այս տարիներին էլ ձեւավորվել ու բացահայտվել է նրա գիտական, կազմակերպչական եւ վերլուծական մտքի տաղանդը։ 1917 թ.-ին, վերադարձից անմիջապես հետո, ամուսնուՙ տաղանդավոր նկարիչ Լեւոն Հազարապետյանի հետ հիմնադրել է «Դեկլամացիայի, ռիթմի ու պլաստիկայի» ստուդիան, որը կարճ ժամանակից հետո վերածվել է Թիֆլիսի «ռիթմի եւ պլաստիկայի ինստիտուտի» (խորհրդային կարգերի հաստատումից հետո)։ Այս ստուդիան եւ ինստիտուտը տվել է շատ հայտնի ու որակյալ կադրեր։ Ստուդիային կից գործող պարի խումբը, Սրբուհի Լիսիցյանի բեմադրությունների ցուցադրական համերգներով, ելույթներ է ունեցել Թիֆլիսում, Բաքվում, Երեւանում եւ այլուր։

1930 թ. հատուկ հրավերով Սրբուհի Լիսիցյանը տեղափոխվել է Երեւան, հիմնադրել Ֆիզկուլտուրայի, ռիթմի ու պլաստիկայի տեխնիկումՙ իր անմիջական ղեկավարությամբ։ Այստեղ նա ներդրել է իրՙ արդեն ձեռք բերած մանկավարժական ու բեմադրական փորձը, որը շարունակվել է մինչեւ 1937 թ.։ Բացի կազմակերպչական ու ղեկավար աշխատանքից, Սրբուհի Լիսիցյանը դասավանդել է նաեւ շարժման, պարի եւ ռիթմիկայի արվեստը։ Նրա գործունեությունը տեխնիկումում արդեն խոշոր ներդրում էր ազգային պարարվեստի զարգացման ու պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման գործում։ Նրա բեմադրություններն առանձնանում էին բարձր արվեստով, մասնագիտական մեծ ճաշակով։ Նա իրականացրել է երկու բալետային ներկայացումՙ «Չինական լապտերներ» եւ «Եգիպտական գիշերներ»։ Մասնակիցներն ուսանողներն ու դասավանդող կազմն էին։ Թե բեմի եւ թե հագուստների ձեւավորման աշխատանքները ղեկավարել է անձամբ, ընդհուպ հագուստների էսքիզների պատրաստումն ու իրականացումը։ Լիսիցյանը դասական պարերին զուգահեռ բեմադրել է (այս տարիներին) նաեւ հայկական պարեր, ինչպես, օրինակ, Կուրկուտիկ, Քրդան կղզի, Ղայթարմա, Ձիավեն, Նազ պար եւ այլն, որոնք այնքան հարազատ էին ժողովրդական պարի մտածողությանը, որ մինչ այսօր Նազ պարը ժողովրդին հայտնի է ոչ թե որպես բեմադրություն, այլ որպես ժողովրդական մենապար։

Սրբուհի Լիսիցյանը դեռեւս 1930 թ.-ից սկսել էր գրանցել եւ վերլուծել հայկական ժողովրդական պարերը։ Տաղանդավոր գիտնականը հայտնագործեց (իր համար) շարժական տեքստերը (պարերն ու թատերականացված գործողությունները) գրանցելու համակարգի ստեղծման անհրաժեշտությունը։ Պրպտումներն արդարացրին սպասումները։ 1940 թ. հրատարակվեց նրա «Pfgbcm ldb;tybz !rbytnjuhfabz@» աշխատությունը, որը հիմք դրեց հայ ժողովրդական պարարվեստի ուսումնասիրման գործին։ Համակարգն ունի մի շարք առավելություններ մինչ այդ ստեղծված համակարգերի նկատմամբ։ Ունի նշանների որոշակի քանակ (34), որոնք ձեռք են բերում տառի ու բառի իմաստ, ապա խիստ տեսողական են եւ տրամաբանական։ Համակարգն օգնում է մաթեմատիկական ճշտությամբ ֆիքսացնել շարժումը։ Կարդալ գրանցվածը նշանակում է կատարել շարժումը։ Համակարգը հետագայում դարձավ խորհրդային երկրում տարբեր ժողովուրդների պարերի պատմությամբ զբաղվող մասնագետների համար ուսումնասիրության պարտադիր ու անհրաժեշտ առարկա։

Սրբուհի Լիսիցյանն իր գործունեության ընթացքում մշակեց պարերի ուսումնասիրման այնպիսի մի մեթոդ, որն ընդգրկում է շարժական (պարային) տեքստն իր երաժշտական, խոսքային եւ արտահայտչական տեքստերի միասնությամբ (կոմպլեքսային)։ Արդեն հանրային ճանաչում ստացած գիտնականին այդ նոր մեթոդը հնարավորություն տվեց ստեղծելու ֆունդամենտալ մի աշխատություն, որը դարձավ հայ ժողովրդական պարարվեստի հիմնաքարը։ Սրբուհի Լիսիցյանը գրանցված մեծաքանակ պարերի ուսումնասիրության ու վերլուծության հիմքի վրա ժողովրդական պարերը դասակարգեց ըստ պարաձեւերի եւ ժանրային հատկանիշների, տեղավորելով դրանք չորս մեծածավալՙ «Cnfhbyyst gkzcrb b ntfnhfkmyst ghtlcnfdktybz fhvzycrjuj yfhjlf» աշխատության մեջ։ Առաջին հատորը հրատարակվեց 1958 թ., երկրորդըՙ 1972 թ., իսկ երրորդըՙ հետմահուՙ 1983 թ.։

Սրբուհի Լիսիցյանն իր գիտական, վերլուծական մոտեցմամբ ոչ միայն դարձավ հայ ժողովրդական պարագիտության հիմնադիրը, այլեւ ստեղծեց գիտամեթոդական մի դպրոց, որին հետեւողները կարողացան նորՙ կոմպլեքսային ուսումնասիրության մեթոդներով բացահայտել հայկական ժողովրդական պարերի կատարման օրենքները, բովանդակությունը, կառուցվածքը եւ գոյատեւման պատճառները։

ԺԵՆՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Պատմական գիտ. թեկնածու, ազգագրագետ, պարարվեստագետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4