Այս տարի, հունվարի 9-ին, լրացավ հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 80-ամյակը։ Այդ օրն ավանդաբար Փարաջանովի ընկերներն ու մտերիմները հավաքվեցին թանգարանում, այցելեցին պանթեոն։ Զարմանալինՙ աշխարհահռչակ ռեժիսորի 80-ամյակի նման անաղմուկ եւ անշշուկ անցումն էր։ Փարաջանովի թանգարանի փոխտնօրեն Վիգեն Բարխուդարյանից սակայն տեղեկացանք, որ արվեստագետի հոբելյանական տոնակատարությունները կսկսվեն գարնան սկզբներին։ Իսկ մինչ այդ բուն Փարաջանովի 80-ամյակի տոնակատարությունները, ինչպես «Ազգ»-ը գրել էր նախապես, սկսվեցին դեկտեմբերի 4-ինՙ Լոս Անջելեսից։ Փարաջանովի աշխատանքների ցուցադրությունը կազմակերպվեց Հոլիվուդի Կինոյի թանգարանում, ուր հիմնականում ներկայացված է ամերիկյան կինոյի պատմությունըՙ հիմնադրման օրերից։ Հոլիվուդի կինոյի թանգարանում, որի առանձին ցուցասրահներում ներկայացված են աշխարհահռչակ դերասաններ եւ կինոգործիչներ, Փարաջանովի աշխատանքների ցուցադրությունը մեծ նվաճում էր։
Փարաջանովի ծննդյան օրը նշվեց նաեւ Մոսկվայում, Կիեւի «Դովժենկոյի» անվան կինոստուդիայում, Թիֆլիսումՙ իր արվեստակից ընկերներ-մտերիմների շրջանակում։
Բուն հոբելյանական տոնակատարությունները կսկսվեն մարտից։ Ռեժիսորի 80-ամյակի առիթով Մոսկվան ֆիլմ է պատվիրել Փարաջանովի քրոջ որդունՙ Գարիկ Փարաջանովին, որը 2 անգամ այցելել է Երեւան, նկարահանումներ կատարել թանգարանում։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Մոսկվայումՙ մարտի սկզբին։
Երեւանում փարաջանովյան օրերը կսկսվեն գարնանը, կժամանեն հյուրեր Մոսկվայից, Կիեւից, Պետերբուրգից, Վրաստանից, Եվրոպայից։ Հոբելյանական հանդիսությունը տեղի կունենա Կինոյի տանը։ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում կներկայացվի Գարի Կունցեւի պիեսի բեմադրությունըՙ Փարաջանովի կյանքի որոշ դրվագների անդրադարձումներով։ Թանգարանում տեղի կունենան մեծ արվեստագետին նվիրված սեմինարներ, հարցազրույցներ, երեկոներ։ Փարաջանովյան օրերին հյուրերը կայցելեն Սանահին, Հաղպատի վանքը, որտեղ 1968 թ. նկարահանվել է «Նռան գույնը» ֆիլմը։ Փաստաթղթերի եւ նամակների «Կյանքի էջերը» խորագրով ժողովածուն հրատարակության է պատրաստում Գարիկ Զաքոյանըՙ հեղինակային տեքստերի զուգադրումով։
Մ. Բ.