ՀՀ Գիտության ու կրթության նախարարության, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան եւ ռուսաց լեզվի զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ եւ Ռուսաստանի հայերի միության հովանավորությամբ հունվարի 18¬ին Երեւանում անցկացվեց «Ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթը, որին մասնակցեցին ռուսաց լեզվի 25 ուսուցիչներ։ Մրցույթում հաղթող ճանաչվեցին նրանցից 4-ըՙ Երեւանի թիվ 198 դպրոցի ուսուցչուհի Կարինա Դավթյանը, թիվ 161 դպրոցիցՙ Սվետլանա Գրիգորյանը, Արտաշատի թիվ 2 դպրոցիցՙ Սվետլանա Մարգարյանը, Վանաձորի թիվ 4 դպրոցիցՙ Օֆելյա Դավթյանը։ Նրանք կմասնակցեն հունվարի 25-30-ը Մոսկվայում կայանալիք «ԱՊՀ եւ բալթյան երկրների ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» համամիութենական փառատոնին։
Այս կապակցությամբ ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնում երեկ ասուլիս էր հրավիրվել, որի ընթացքում Հայաստանում կայացած մրցույթի կազմակերպիչները խոսեցին դրա անցկացման կարգի մասին, միաժամանակ շեշտելով ռուսաց լեզվի զարգացման կարեւորությունը որպես միջպետական փոխշփման լեզվի։ Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Գուրգեն Բարիկյանը նշեց, որ մրցույթն անցկացվում է առաջին անգամ եւ նախատեսվում է դարձնել ամենամյա։ Բաղկացած է 2 փուլիցՙ գրավոր եւ բանավոր։ Առաջինում հանձնարարվել է գրել շարադրություն «Ինչու եմ դարձել ռուսաց լեզվի ուսուցիչ» թեմայով, իսկ երկրորդում պահանջվել է բնութագրել դասավանդման ընթացքը, կիրառվող մեթոդները եւ այլն։ Մրցույթում հաղթածների շարադրությունները նա համարեց ուսուցչի մասնագիտության փառաբանում։ Մրցույթի ժյուրիի նախագահ, ակադեմիկոս Բելլա Եսաջանյանը խոսելով ռուսերենի իմացության կարեւորության մասին ակնարկեց, թե ինչքան էլ հպարտանանք հայերենի վաղեմությամբ ու հարստությամբ, միեւնույն է հայերենը չի դառնա շփման լեզու եւ ԱՊՀ երկրներում մարդիկ չեն ձգտի հայերեն սովորել։ Այնպես որ, ըստ նրա, ճշմարիտ ուղին ռուսերենի փայլուն իմացությամբ աշակերտներ եւ ուսանողներ ունենալն է, որի համար պետք են բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ։ Նա կարեւորեց նաեւ հանրակրթական դպրոցներում ռուսերենի խորացված ուսուցումը։
Ռուսաստանի դեսպանատան մշակույթի բաժնի ներկայացուցիչ Մարինա Կալաչովայի գնահատմամբ, ռուսերենի իմացությունն անհրաժեշտ է ոչ միայն շփման, այլեւ ռուսական մշակույթը խորությամբ ճանաչելու համար։ Հենց այդ նպատակով էլ սլավոնական համալսարանին կից բացվել է ռուսերեն խոսքի մշակույթի ինստիտուտ։ Չմոռանանք, որ համալսարանի լավագույն ուսանողներին հնարավորություն է տրվում կրթությունը շարունակելու Ռուսաստանի բուհերում։ Դատելու համար, թե Ռուսաստանի դեսպանատունն ինչ հետեւողականությամբ է մեր երկրում զարգացնում ռուսաց լեզուն, բավական է թվարկել ռուսերենի ուսուցիչների ամենամյա մրցանակները։ Արդեն 11 ուսուցիչներ արժանացել են Պուշկինի անվան մրցանակի։
Պրն Բարիկյանը խոսեց նաեւ Ռուսաստանի հայերի միության առաջիկա միջոցառումների մասին, որոնք եւս միտված են զարգացնելու ռուսաց լեզուն։ Այս տարվա մարտին կանցկացվի Ալեքսանդր Գրիբոյեդովին նվիրված շաբաթը, որի ընթացքում անցկացվելիք մրցույթին կմասնակցեն բուհերի ուսանողներն ու ավարտական դասարանների աշակերտները։ Աշնանը կկազմակերպվի «Ռուսաստանի ոսկե օղակ» դպրոցական փառատոնը, իսկ մյուս տարիՙ «Հերոս քաղաքներ» փառատոնը, որը կնվիրվի Հայրենական մեծ պատերազմում նախկին խորհրդային միության ժողովուրդների տարած հաղթանակի 60-ամյակին։
Անշուշտ, գնահատելի են Ռուսաստանի դեսպանատան եւ Ռուսաստանի հայերի միության ռուսաց լեզուն ու մշակույթը զարգացնելու ջանքերը, բայց չմոռանանք, որ այս կամ այն լեզվին գերապատվություն տալով, ակամա առաջացնում ենք մեր հայոց լեզվի ուսուցիչների արդարացի խանդը։ Ստացվում է, որ մեր երկրում ամերիկացիներն ու բրիտանացիները զարգացնում են անգլերենը, ռուսներըՙ ռուսերենը, ֆրանսիացիներըՙ ֆրանսերենը, ճապոնացիները եւս պատրաստ են մեծ գումար ներդնել իրենց լեզվի տարածման համար։ Մինչդեռ հայոց լեզվի մեր ուսուցիչների խրախուսման հարցը մնում է անտեսված։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ