Խոստանում է գյուղատնտեսության նախարարը
Գյուղատնտեսության համախառն արտադրանքն աճել է 4,3 տոկոսով։ Այս մասին երեկ հայտնեց գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը։ Չնայած դրան, նախորդ տարվա համեմատությամբ էապես նվազել է հացահատիկի (27 տոկոսով) եւ խաղողի (22 տոկոսով) բերքը։ Մասնավորապես հացահատիկի բերքատվության անկման առնչությամբ մեր հետեւյալ հարցն ուղղեցինք Դավիթ Լոքյանին։ Ի՞նչ է արվում հացահատիկի բերքատվության բարձրացման ուղղությամբ, նկատի ունենալով այս մշակաբույսի ռազմավարական նշանակությունը։
Իր պատասխանում Դավիթ Լոքյանը նշեց, որ 2003 թ.-ին պակաս է ստացվել 70 հզ. տոննա հացահատիկ։ Դա պայմանավորված էր ցրտահարությամբ, կարկուտով եւ կրծողների հասցրած վնասներով։ Սակայն, նախարարի հավաստմամբ, Հայաստանում կան ընկերություններ, որոնք բարձրակարգ սերմացու են արտադրում։ Ճիշտ է, դեռեւս խնդիր է մնում առաջին կարգի ցորենի սերմացուի ներմուծումը։ Դավիթ Լոքյանը հավաստիացրեց, որ 2004-ին կունենանք հացահատիկի մեծ պաշարներ։ Այսինքնՙ կապահովվի ցորենի պահանջարկի 80 տոկոսը, որը կկազմի 400 հզ. տոննա տարեկան։ Պետության խնդիրն այստեղ, ըստ նախարարի, պետք է լինի նորմալ դաշտի ապահովումը եւ բարձր բերքատու սերմերի առկայությունը։
Ի դեպ, հացահատիկի ցածր բերքատվության խնդրին անդրադարձավ նաեւ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ 200 հզ. հա-ից ստացվել է 300 հզ. տոննա հացահատիկ եւ եթե այդ ցուցանիշը բարձր լինի, ապա ոռոգման ջրի համար վճարելն էլ անհամեմատ հեշտ կլինի։
Վերադառնալով գյուղատնտեսության նախարարի երեկվա հաշվետվությանը, ավելացնենք, որ նրա թվարկած միջոցառումներից հիշատակման արժանի է համայնքներում անասնաբույժերի հաստիքների բացումը։ Այս քայլով պետությունը ձգտում է ապահովել առողջ սննդի ստացումն ինչպես ներքին շուկայի, այնպես էլ արտահանման համար։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ