«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2004-01-21 | #8, 2004-01-22 | #9, 2004-01-23


«ԱՅՍ ԳԱՐՈՒՆՆ ՈՒ ԱՄԱՌԸ ԱՌԱՆՑ ՁԵԶ ԵՆՔ ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ»

Նախազգուշացրեց Արտաշես Գեղամյանը գործող իշխանություններին

Կինոյի տան մեծ դահլիճում իր նախկին ընտրողների հետ հանդիպման ընթացքում, ինչպես եւ սպասվում էր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը մեկ առ մեկ անդրադարձավ այն բոլոր մեղքերին, ինչը հասցրել էին գործել իշխանությունները հետընտրական ժամանակաշրջանում։ Նախընտրական շռայլ խոստումները փոխարինվեցին օպտիմալացման ներկա եւ հեռահար ջարդերով, որ «սպառնում են էլի 20 հազար ուսուցիչների», ավանդների վերադարձման, սոցիալական բյուջեի մասին սին հավաստիացումներով, թանկացումների նորանոր գրոհներով։ Իշխանափոխության իրական հեռանկարից սարսափահար, ըստ կուսակցության ղեկավարի, հատկապես պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ իր հետ հաշվեհարդար տեսնելու մի քանի փորձեր են ձեռնարկվել։ Փորձ է արվել իր անվան հետ կապել Տիգրան Նաղդալյանի սպանության, նույնիսկ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձի կազմակերպումը։ Վարկաբեկումների արշավ է սկսվել, թե Արտաշես Գեղամյանը փոխհամաձայնության մեջ է «Քոչարյան-Սարգսյան» զույգի հետ, թե կաշառված է նրանցից։ Այդ բոլոր խարդավանքները «Ազգային միաբանության» նախագահը կարողացել է մերկացնել մամուլի օգնությամբ եւ շնորհակալ է լրագրողներից։ Ինքն էլ եվրոպական բարձր ամբիոնից հասցրեց դատապարտումի խոսքեր հնչեցնել մեր «ապիկար իշխանությունների վարք ու բարքի մասին» (թեեւ վիճարկելի էՙ սույն փաստն ավելի շատ օգնե՞ց, թե՞ վնասեց մեր երկրին)։

Իշխանությունների շուրջն առաջացած արատավոր մթնոլորտի հիմնական բաղադրամասերից առաջինը, բանախոսի թվարկմամբ, կոռուպցիան է, որի հաղթահարման համար նրանք հանրապետական ծրագրեր են կազմում եւ շնորհանդեսներ կազմակերպում։ Եթե իսկապես ուզում են բացահայտումներ անել, ինքը մամուլում մեկ առ մեկ նշել է այն մարդկանց անունները, ովքեր պետության հովանավորությամբ «ռեկետի» են ենթարկել հայտնի գործարար Լեւոն Մարկոսինՙ նրանից շորթելով 15,5 մլն դոլար։ Թող այդ մարդկանց պատժեն, ոչ թե «սկսեն պետավտոտեսուչներից եւ ուսուցիչներից»։

Հայոց պետականության դեմ ուղղված դավադրություն որակվեց լոտոախտը, որով վարակել են ողջ ժողովրդինՙ անուղղակիորեն ներշնչելով մարդկանց, որ եթե ուզում են ինչ-որ բանի տեր դառնալ, ղումար խաղան։ «Մարդկանց բախտի ու սուղ միջոցների հետ են խաղում, բայց բախտի քարն էլ իրենց ձեռքում են պահում, որովհետեւ քաջ գիտենՙ ով է շահողը եւ որտեղ է շահելու»։

Հացի պարբերական թանկացումները բացատրվեցին բացառապես այն հանգամանքով, որ հանրապետություն հացահատիկ ներկրողն այսօրվա իշխանական կլանն է, թեեւ անամոթաբար արդարանում են դրսի դրդապատճառներով։

Արատավոր իշխանավարման արդյունքն է, որ նույնիսկ Արարատյան հարթավայրի գյուղերն ու գյուղացին հայտնվել են թշվառ, կիսաքաղց վիճակում։ Իր կուսակիցների հետ Արտաշես Գեղամյանը 2 օր առաջ եղել է Արմավիրի ու Գեղարքունիքի մարզերում։ Գյուղերի խեղճությունն ու անճարությունը հիշեցրել են նախախորհրդային ժամանակները։ Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ ոռոգման ջրի վարձը, այլազան հարկերը չվճարելու պատճառով գյուղացիներին դատարանների դռներն են քարշ տալիս։ Ծանր պայմանները, հակառակ սպասածի, չեն կոտրել ու հուսահատեցրել մարդկանց, եւ նրանք բուռն ոգեւորությամբ են ընդունել ընտրական շրջանի իրենց կուռքին։ Ի դեպ, երեկվա հանդիպմանը եւս Կինոյի տան մեծ դահլիճը բերնեբերան լիքն էր, դեռ հանդիպումը սկսելուց շատ առաջ։

Գյուղափրկիչ ու հայափրկիչ միակ միջոցն Ազգային միաբանությունը համարում է իշխանափոխությունը։ Նույնիսկ կոնկրետ ժամկետ է նշվումՙ մինչեւ գարուն ու մինչեւ ամառ։ «Այս գարունն ու ամառն առանց ձեզ ենք դիմավորելու», գործող իշխանություններին այսպիսի դիմում-սպառնալիքով ավարտեց բանախոսն իր ոգեշունչ ելույթը։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4