Հասարակությունը համակողմանի լրատվության կարիք ունի
Կրթությանը, մասնավորապես հանրակրթությանն առնչվող խնդիրներն օրավուր ավելի ու ավելի մտահոգիչ են դառնում, քանի որ 1998 թվականից սկիզբ առած կրթական բարեփոխումները թեւակոխելով նորանոր փուլերՙ բերում են դժվար լուծելի բազում հարցեր, որոնք ժամանակ առ ժամանակ առաջացնում են հասարակության արդար վրդովմունքը։ Գոհունակություն արտահայտողների թիվն իրականում սակավ է, նույնիսկՙ աննշմար։
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կրթության որակի եւ համապատասխանության» վարկային ծրագիրն այս տարի երկրորդ փուլ է մտնում, որի ընթացքում հանրակրթական դպրոցներում կմտցվի նոր կրթակարգ, կփոխվեն ուսումնական ծրագրերն ու գնահատման համակարգը։ Նոր կրթակարգը առաջիկա օրերին կդրվի հասարակության քննարկմանը, իսկ մինչ այդ կրթական բարեփոխումների կենտրոնի պատվերով ԳԱԱ հայկական սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գեւորգ Պողոսյանը 2003 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանրապետության 5 մարզերում անցկացրել է սոցիոլոգիական հարցում, որի արդյունքները նա ներկայացրեց երեկՙ Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրած ասուլիսում։ Հարցմանը մասնակցել են պատահական ընտրված 100 դպրոցների 600 ուսուցիչներ, տնօրեններ, բարձր դասարանցիներ, ծնողներ եւ 160 փորձագետներ, որոնք արտահայտել են իրենց կարծիքը կրթական բարեփոխումների վերաբերյալ։ Հարցվողների մոտ 65 տոկոսը բավարար չի համարել կրթական փոփոխությունների մասին տրվող լրատվությունը, ինչի կարիքը բավականին զգացվում է։
Բարեփոխումներից մեծ ակնկալիքներ ունեն հատկապես դպրոցի տնօրենները, որոնց համոզմամբ դրանք կհանգեցնեն կրթության որակի բարձրացման եւ ուսուցիչների սոցիալական վիճակի բարելավման։ Իսկ ծնողներն ու աշակերտները կարծում են, որ բարեփոխումներն, ըստ ամենայնի, կվատթարացնեն կրթության որակը։ Նրանց թիվը կազմում է մոտ 12 տոկոս, 9 տոկոսի համոզմամբ կավելանա գործազրկությունը, իսկ 6 տոկոսն անհանգստացած է դպրոցների կրճատումից։ Հարցվողների գերակշիռ մասըՙ 92 տոկոսը ուսուցչի աշխատավարձը համարում է խիստ ցածր ընտանիքի կարիքները հոգալու համար, ինչն էլ ուսուցիչներին ստիպում է զբաղվել այլ աշխատանքներովՙ մասնավոր դասեր տալով, տնամերձ հողամասը մշակելով եւ այլն։ Բարեփոխումներին դեմ արտահայտվածները պնդում են, որ կրթական համակարգը դեռեւս պատրաստ չէր նման համարձակ քայլի, որ դրան պետք էր լրջորեն նախապատրաստվել։ Դա, ըստ պրն Պողոսյանի, ստեղծում է անվստահության մթնոլորտ, որն անհրաժեշտ է վերացնել խնդրի համակողմանի լուսաբանմամբ։ Առանձնակի դժգոհություն է արձանագրվել օպտիմալացման ընթացքից, քանի դրա իրականացումն ուղեկցվել է դպրոցի տնօրենների կամայական վերաբերմունքով, ինչն էլ առաջացրել է հասարակության արդարացի վրդովմունքը։ Փորձագետների անցկացրած հարցազրույցների ժամանակ ուսուցիչները դժգոհել են դասարաններում աշակերտների թվի ավելացումից, պատճառաբանելով, որ դա ծանրաբեռնում է իրենց աշխատանքը, նվազեցնում արդյունավետությունն ու իջեցնում ուսման որակը։ Ուսումնական ծրագրերի եւ դասաժամերի անհամապատասխանությունը, մեթոդական ձեռնարկների բացակայությունը եւս վնասում են ուսուցչի աշխատանքին։ Գնահատման համակարգը համարվել է խիստ թերի, քանի որ իրականացվում է տվյալ դասարանի միջին գիտելիքները հաշվի առնելով։
Գիտության եւ կրթության նախարարության հանրակրթության վարչության պետ Նորայր Ղուկասյանը խոսեց բարեփոխումների ընթացքի, մասնավորապես օպտիմալացման հետեւանքով կրճատված ուսուցիչների հետ կապված խնդիրների մասին, հայտնելով վարկային ծրագրի առաջին փուլում կրճատվածների վերջնական թիվըՙ 3528։ Երկրորդ փուլում, որը սկսվել է 2003-ի նոյեմբերից, կավելանան եւս 1500-ը։ Պրն Ղուկասյանը չմոռացավ հիշեցնել, որ գրիպի համաճարակի պատճառով ձմեռային արձակուրդները մեկ շաբաթ շուտ սկսեցին, որի պատճառով դրանք այլեւս չեն երկարաձգվի։ Այնպես որ, հունվարի 26-ին բոլոր դպրոցներում կվերսկսվեն դասերը։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ