«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2004-01-21 | #8, 2004-01-22 | #9, 2004-01-23


ՑԱՆԿԱԼԻ ԿԼԻՆԵՐ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ՈՒ ԹՈՇԱԿՆԵՐԸ

Նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը երեկ ներկայացրեց կառավարության հաստատած անապահով ընտանիքներին նպաստների հատկացման կարգի փոփոխությունները։ Մասնավորապես ավելացել են ընտանեկան ամենամսյա նպաստները եւ նվազել միանվագ վճարները։ Եթե անցյալ տարի դրանց հարաբերակցությունը եղել է 95 տոկոս եւ 5 տոկոս, ապա այս տարիՙ 97 տոկոս եւ 3 տոկոս։ Բացի այդ, նվազեցվել է ընտանեկան նպաստ ստանալու համար անհրաժեշտ նվազագույն շեմը, 36-ից դառնալով 35 միավոր։ Դա նախարարը պատճառաբանեց նրանով, որ եթե պահպանվեր 36 միավոր շեմը, ապա նպաստառուների ցուցակից դուրս կմնային շուրջ 15 հզ. թոշակառուներ եւ 8,5 հզ. երեխաներ։

Աղվան Վարդանյանը տեղեկացրեց նաեւ, որ բարձրացվել է նպաստի բազային չափըՙ 4 հզ. դրամից դառնալով 4,5 հզ. դրամ։ Հավելավճարները բարձրացվել են տարբերակված ձեւով։ Առավել անապահովները կստանան ավելի շատ։ 35-38 միավոր ստացածների հավելավճարը 2 հզ-ից կդառնա 2,5 հզ. դրամ, իսկ 38-ից բարձր միավոր ունեցողների համար 3 հզ. դրամ։ Թվային առումով ներկայացնելով պատկերը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հայտնեց, որ 2003 թ-ին պետբյուջեից ընտանեկան նպաստի համար հատկացվել է 12,2 մլրդ դրամ, իսկ այս տարվա բյուջեով նախատեսված է 16,1 մլրդ դրամ։ Այդ համակարգում ընդգրկված են 141 հզ. նպաստառու եւ 41 հզ. միանվագ օգնություն ստացող ընտանիքներ։ Այդ թվերը, Աղվան Վարդանյանի կարծիքով, էական փոփոխություններ չեն կրի նաեւ այս տարի։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը պատասխանելով այն հարցին, թե համատարած թանկացումների առնչությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում, ասաց, թե ցանկալի կլիներ, որ աշխատավարձերի եւ թոշակների բարձրացումները համարժեք լինեին, բայց «հնարավորություններն այդքան են»։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4