«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2004-01-21 | #8, 2004-01-22 | #9, 2004-01-23


ՆՈՐ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԸ ՄԻԱՅՆ ԿՀԱՄԱԼՐԵՆ ՊԵՏԱՎՏՈՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԵՐԱԿՐԱՏԱՇՏԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասարակական տրանսպորտի միջոցները կերթեւեկեն նորՙ դեղին համարանիշներով։ Նման որոշում է երեկ ընդունվել կառավարության նիստում։ Խոսքը, ինչպես հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, երթուղային տաքսիների մասին է, որոնք վերոնշյալ որոշման ընդունումից հետո պետք է նաեւ տարեկան մեկի փոխարեն երկու անգամ տեխզննում անցնեն։ Ըստ նախարարի, այս որոշումը մի շարք դրական հետեւանքներ կունենա։ Օրինակՙ կնվազեն ստվերային փոխադրումները, կբարձրանա մեքենաների շահագործման անվտանգությունը, կընդլայնվեն պետական վերահսկողության սահմանները։

Սա ըստ նախարարի։ Սակայն եթե բացենք փակագծերը, ապա տեսանելի կլինի բոլորովին այլ պատկեր։ Նման որոշման ընդունումը ընդամենը կոչված է հագուրդ տալու պետավտոտեսչության համակարգի աշխատակիցների երբեք չհագեցող ախորժակը եւ որեւէ դրական նշանակություն չի ունենա տրանսպորտի եւ ուղեւորների համար։

Նախՙ տեխնիկական զննման մասին։ Գաղտնիք չէ, որ առանց կաշառքի ոչ մի ավտոմեքենայի համար ոչ մի ավտոտեսուչ չի տալիս տեխզննման քարտը։ Մանուկ Թոփուզյանի հաղորդած այն տեղեկությունը, թե երկրորդ անգամ տեխզննում անցնելիս պետական տուրք չի մուծվելու, թույլ սփոփանք է միկրոավտոբուսի վարորդի համար։ Ընդգծում ենք վարորդի, այլ ոչ թե երթուղին սպասարկող այսպես ասած գծատիրոջ համար, որը նմանատիպ բոլոր ծախսերը սովորաբար բարդում է վարորդի վրա։

«Ազգի» հարցին, թե չի՞ նախատեսվում տեխզննման անցկացումը անկախ կամ մասնավոր կառույցին հանձնելը, նախարարը բացասական պատասխան տվեց, ասելով որ դրա համար անհրաժեշտ կլինի օրենսդրական փոփոխություն։ «Ի դեպ, նման հարց ընդհանրապես չի դրվում», նշեց Մանուկ Թոփուզյանը, մեկ անգամ եւս հաստատելով, որ պետավտոտեսչության կերակրատաշտին ոչ ոք հակված չէ ձեռք տալու։

Ակնհայտ է, որ միկրոավտոբուսների շահագործման անվտանգությունը չի բարելավվի անգամ եթե տարեկան ոչ թե երկու, այլ մի քանի անգամ տեխնիկական զննում անցնեն։ Խնդիրը ոչ թե քանակն է, այլ թե ով է իրականացնում զննումը եւ ինչ ակնկալիքով։ Չմոռանանք նաեւ, որ ճանապարհներին մեքենաների այսպես կոչված պետական վերահսկողությունն իրականացնում է դարձյալ նույն պետավտոտեսչությունը, չխորշելով իրենց իսկ կողմից տեխնիկական զննում անցած ավտոմեքենաների մեջ ինչ-ինչ թերություն հայտնաբերելուց եւ կաշառքի հերթական չափաբաժինը հափշտակելուց։

Ինչ վերաբերում է միկրոավտոբուսային երթուղիներում իբր ստվերի նվազեցմանը, ապա, ինչպես բազմիցս ենք գրել եւ հիմնավորել, այս խնդրի լուծման համար ոչ թե պետական համարանիշի գույնը պետք է փոխել, այլ ընդամենը ցանկություն դրսեւորել։ Մեր հարցին, թե ներկայումս օրինական երթեւեկող միկրոավտոբուսների վրա փակցված են Երեւանի քաղաքապետարանի տարբերանշանները, եւ դրանք կարելի էր տարբերակել ապօրինի երթեւեկողներից, Մանուկ Թոփուզյանը պատասխանեց, որ դա իրեն չի արդարացրել։ Նա բնականաբար չնշեց, որ դրա պատճառը դարձյալ համապատասխան պետական պաշտոնյաների ցանկության բացակայությունը կամ անզորությունն է։ Պարզ է, որ դեղին համարանիշների դեպքում էլ սկզբունքը նույնն է լինելու, ինչ քաղաքապետարանի էլիպսաձեւ տարբերանշանների դեպքում է, եւ ստվերը նվազեցնելու իրական ցանկության դեպքում շատ հեշտ կլիներ տարբերակել օրինական եւ ապօրինի երթեւեկողներին։ Այդ դեպքում ո՞րն է նոր համարանիշների գործածության անհրաժեշտությունը։ Հիշու՞մ եք Վանոյի կրակմարիչների պատմությունը։ Ամենայն հավանականությամբ, այս անգամ էլ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա է որոշել իրեն դրսեւորել տվյալ դեպքում համարանիշների «բիզնեսում»։ Զարմանալի ոչինչ չկա, լավագույն ավանդույթները շարունակվում են, եւ մեր իշխանությունները շարունակում են պետական մտածողության նորանոր գլուխգործոցներ ստեղծել։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4