«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2004-01-22 | #9, 2004-01-23 | #10, 2004-01-24


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԿՐԹԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ

«Կրթության որակի եւ համապատասխանեցման» ծրագրի համար

Համաշխարհային բանկը հինգշաբթի հաստատել է 19 մլն դոլարին համարժեք վարկը։ Այս մասին երեկ տեղեկացանք բանկի գրասենյակում կայացած մամուլի ասուլիսում, որին մասնակցում էին սոցիալական ծրագրերի պատասխանատու Սուսաննա Հայրապետյանը եւ արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը։ Նրանց խոսքով, վարկային ծրագիրը հանրակրթական դպրոցը կզարգացնի ժամանակակից պահանջներին համապատասխան, կապահովի գիտելիքների ստուգման նոր եղանակով, կզինի համակարգիչներով ու այլ սարքավորումներով։

Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական ենթածրագրերիցՙ ուսումնական ծրագրեր եւ գնահատում, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ուսուցիչների մասնագիտական կատարելագործում, համակարգի կառավարում եւ արդյունավետություն։ Նախատեսվում է վերանայել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, ստեղծել գնահատման եւ տեստավորման կենտրոն, որը պատասխանատու կլինի քննությունների անցկացման եւ գնահատման աշխատանքների համար։ Կրթական բարեփոխումների կենտրոնին կից կստեղծվի կրթակարգի մշակման բաժին։ Հայաստանի 600 դպրոցներում կստեղծվեն դպրոցական ուսումնական կենտրոններ (համակարգչային լաբորատորիաներ), 150 դպրոցներ կմիանան դպրոցական ինտերնետային ցանցին, կրթական տեխնոլոգիաների գործունեությունը վերահսկելու նպատակով կստեղծվի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»։ Դրամաշնորհների միջոցով մոտ 60 դպրոցներում կիրականացվի ուսուցիչների մասնագիտական կատարելագործման փորձնական ծրագիր, իսկ օպտիմալացման ծրագրի հետեւանքով կրճատված ուսուցիչներին կտրվի սոցիալական աջակցություն։

Հիշեցնենք, որ վարկը տրամադրվում է 40 տարվա մարման ժամկետով եւ 10 տարվա արտոնյալ պայմաններով։ 1992 թվականից Համաշխարհային բանկին եւ միջազգային զարգացման ընկերակցությանը անդամակցելուց ի վեր, 31 ծրագրերի համար մեր երկրին հատկացվել է 755 մլն դոլար։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4