«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2004-01-22 | #9, 2004-01-23 | #10, 2004-01-24


«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Պատասխանելով մեր հարցին, թե երբ է կառավարությունը նախատեսում փոփոխել (վերացնել բացառիկ իրավունքը ) «Արմենտելի» լիցենզիան բջջային կապի եւ տվյալների փոխանակման (միջազգային ելք) մասով, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ իրավական հիմնավորման ուղղությամբ մեծածավալ աշխատանք է կատարվել, բայց տեխնիկական աշխատանքի ծավալներն ավելի մեծ էին։ Այնուամենայնիվ, շուտով կառավարություն կներկայացվի լիցենզիայի փոփոխության առաջարկը, բայց դա կլինի միջանկյալ պայմանական տարբերակ մինչ արբիտրաժի որոշումը։ Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարության եւ OTE-ի դատական վեճին, ապա երեք հայցեր կանՙ ՀՀ կառավարությունն ընդդեմ OTE-ի, OTE-ն ընդդեմ ՀՀ կառավարության եւ «Արմենտելն» ընդդեմ կառավարության։ Դատական փոխհատուցման ծախսերը կողմերի համար, ըստ նախարարի, կկազմեն 300 մլն դոլար։

Դատական համակարգում կոռուպցիայի խնդիրներին անդրադառնալով, Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ պետք է վերացնել հակասությունները այն օրենքներում, որոնք կոռուպցիայի աղբյուր են։ Երկրորդ կարեւոր գործոնը դատական նիստերի ձայնագրությունն է, որին անպայման ձեռնամուխ են լինելու։

Արդարադատության նախարարի երեկ հաղորդած հետաքրքրական ցուցանիշներից էր ծննդյան եւ մահվան հարաբերակցությունը։ 2003 թ.-ին գրանցվել է 35 հզ. ծննդյան եւ մոտ 26 հզ. մահվան ակտ։ Նախորդ տարվա համեմատ ծնունդներն աճել են 2,5 հզ.-ով, իսկ մահերըՙ 500-ով։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4