«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2004-01-23 | #10, 2004-01-24 | #11, 2004-01-27


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼՈՒՄ Է Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐ

Այցելությունը լուրջ փորձաքննություն է թուրք-ամերիկյան հարաբերությունների համար

Հունվարի 25-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղեւորվեց Նյու Յորք։ Այսպիսով, սկսվեց նրա պաշտոնական այցն ԱՄՆ։ Նա Նյու Յորքից կանցնի Վաշինգտոն, ապաՙ Բոստոն, իսկ հունվարի 30-ին կվերադառնա Անկարա։ Թուրքիան չափազանց մեծ նշանակություն է տալիս Էրդողանի այցին։ Դա լուրջ պատճառներ ունի։ Մինչ պատճառներին անդրադառնալը նշենք, որ Էրդողանին ուղեկցում են արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը եւ պետնախարար Ալի Բաբաջանը։ Ընդ որում, թուրքական պատվիրակության կազմում են նաեւ 65 գործարարներ եւ 53 լրագրողներ։

Վարչապետ Էրդողանի այցի ծրագիրը նույնպես չափազանց հագեցած է։ Այցի առաջին օրը նա Նյու Յորքում հանդիպեց ԱՄՆ-ի ֆինանսական շրջանակներին, այնուհետեւ «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 21-րդ դարում» թեմայով զեկուցում կարդաց ԱՄՆ-ում խորքային պետության համարում ունեցող, այսինքնՙ երկրի կառավարման իրական լծակներին տիրապետող Արտաքին հարաբերությունների խորհրդում, ապա եւ այցելեց Ամերիկյան հրեական կոմիտեՙ ստանալով իրեն հատկացված «Խրախուսական մրցանակը»։

Նյու Յորքում Էրդողանն ընդունեց Ուղղափառ եկեղեցու պատրիարք Դիմիտրեուսին եւ ԱՄՆ-ում բնակվող առաջնակարգ հույն գործարարներին։ Այսօր նա Նյու Յորքից կմեկնի Վաշինգտոն, նույն օրը կհանդիպի հրեական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի մահմեդական համայնքների ղեկավարներին։ Ենթադրվում է, որ հունվարի 28-ին Սպիտակ տանը Էրդողանին կընդունի նախագահ Ջորջ Բուշը։ Հանդիպման օրակարգում որպես առաջնահերթ խնդիր կքննարկվեն Կիպրոսի եւ Իրաքի հիմնահարցերը։

Կիպրոսի պարագայում խոսքը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանի ծրագրի եւ մինչեւ առաջիկա մայիսի 1-ը, այսինքնՙ մինչեւ Եվրամիությանը Կիպրոսի Հանրապետության անդամակցությունը հիմնահարցը լուծելու, իսկ Իրաքի պարագայում էթնիկ հիմունքներով երկիրը վերակառուցելու մասին է։ Ամենայն հավանականությամբ նախագահ Բուշի հետ հանդիպմանը Էրդողանը Կիպրոսի վերաբերյալ Անանի ծրագիրը հանրաքվեի դնելու պատրաստակամություն կհայտնի եւ միաժամանակ կպահանջի, որ հունական ու թուրքական կողմերի միջեւ միջնորդական առաքելությամբ հանդես գա պետքարտուղար Քոլին Փաուելը։ Ինչ վերաբերում է էթնիկ հիմունքներով Իրաքի վերակառուցմանը, որն անխուսափելիորեն կհանգեցնի երկրի հյուսիսում քրդական պետության ստեղծմանը, ապա Էրդողանը կփորձի հակադրվելՙ պատճառաբանելով, թե դրան դեմ են նաեւ տարածաշրջանային մյուս երկրները, հատկապես Սիրիան ու Իրանը։

Համենայն դեպս, Թուրքիայի վարչապետն օրեր շարունակ Իրաքի հյուսիսում քրդական պետության ստեղծումն անընդունելի էր համարում, իսկ Կիպրոսի առնչությամբ դրական ազդանշաններ էր հաղորդում Վաշինգտոնին։ Թերեւս ազդանշանների առումով դրական էր նաեւ Իսրայելի ու Պաղեստինի միջեւ միջնորդի դեր ստանձնելու Էրդողանի պատրաստակամությունը, սակայն Արիել Շարոնը մերժել էր նրան։ Ի պատասխան դրան Թուրքիան առաջարկեց Սիրիայի եւ Իսրայելի միջեւ միջնորդական առաքելությամբ հանդես գալ։

Այլ կերպՙ Էրդողանն այցի նախօրյակին Կիպրոսի առնչությամբ Թուրքիայի դրական ազդանշանները հաղորդելիս, Պաղեստինի եւ Սիրիայի հետ Իսրայելի հարաբերությունները միջնորդական առաքելությամբ կարգավորելու պատրաստակամություն հայտնելիս ջանում էր ապահովել պաշտոնական Վաշինգտոնի բարեհաճ վերաբերմունքը։ Ըստ երեւույթին, Իրաքի վերակառուցման ներկա փուլում Անկարան դրա կարիքն առավելապես զգում է, որովհետեւ խնդիրն Իրաքը չէ, այլ Մերձավոր եւ Միջին Արեւելքը։

Ակնհայտ է, որ Իրաքի օրինակով տարածաշրջանը վերակառուցելու դեպքում վերակառուցման հրամայականով Վաշինգտոնը ստիպված վերանայելու է ռազմական եւ ռազմավարական դաշինքները տարածաշրջանային երկրների հետ։ Իսկ դա չի կարող չանդրադառնալ ամերիկյան քաղաքականության մեջ Թուրքիայի տեղի եւ դերի վրա։ Ուրեմն Էրդողանի ԱՄՆ կատարած այցը պետք է կարեւորել հենց այդ տեղի ու դերի, առավել եւս ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությանը նպաստելու Թուրքիայի պատրաստակամության տեսանկյունից։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4