«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2004-01-23 | #10, 2004-01-24 | #11, 2004-01-27


ՀԱՅ-ԱՆԳԼԵՐԵՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԹԱՐԳՄԱՆԻՉԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ

Երեւանի ճարտարագիտական համալսարանում գործող «Իսմա» ընկերությունը, որը մշակում է համակարգչային ծրագրեր եւ ինտերնետի հայերեն տարբերակներ, արդեն 4 տարի աշխատում է հայ-անգլերեն թարգմանչական ծրագրի փորձնական տարբերակի վրա։ Ընկերության տնօրեն, համալսարանի կոմպյուտերային համակարգեր եւ ինֆորմատիկա բաժանմունքի պրոֆ. Էդուարդ Մանուկյանի ղեկավարած աշխատախմբի ստեղծած ծրագիրը կատարում է իմաստային թարգմանություն, ուղղագրական սխալների ուղղում, հնչեցնում տեքստը, սակայն դեռեւս չունի անհրաժեշտ 50 հազար բառ բառապաշարը։ Ընկերությունը երկար ժամանակ աշխատում էր միմիայն սեփական միջոցներով, ֆինանսական աջակցություն ստանալու համար բազմիցս դիմել էր կառավարությանն ու տարբեր կազմակերպությունների, սակայն դրական պատասխան չէր ստացել։

Եվ ահա նոր տարվա շեմին ընկերությունը դրամաշնորհ ստացավ «Բաց հասարակության ինստիտուտ» եւ «Եվրասիա» հիմնադրամներից, որոնք մինչ այդ անցկացրին «Հայ-անգլերեն թարգմանչի ստեղծման խնդիրները» սեմինարըՙ հաշվի առնելով թարգմանչական ծրագրի անհրաժեշտության հրատապությունը։ Սեմինարին մասնակցեցին խնդրի լուծմամբ զբաղվող անհատներ, կազմակերպություններ, որոնց թվում էին ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվաբանական ինստիտուտը, ճարտարագիտական համալսարանը եւ այլք։

Դրամաշնորհի օգնությամբ «Իսմա» ընկերությունը մինչեւ տարեվերջ կավարտի թարգմանիչ ծրագրի օն-լայն ռեժիմը, իսկ հազար բառ բառապաշարը կհասցնի մոտ 7 հազարի։ Այժմ աշխատանքային խումբն ընդլայնվել է հայերենի, անգլերենի եւ համակարգչային մասնագետներով։

Թարգմանիչ ծրագիրը, սակայն, մեկ տարի հետո լիովին ավարտված չի կարելի համարել, քանի որ, պրն Մանուկյանի խոսքով, անհրաժեշտ է 20-50 հազար բառ բառապաշար ստեղծել եւ ծրագիրը շարունակաբար զարգացնել։ Հասկանալի է, որ մեկ տարվա համար տրված դրամաշնորհը սպառելուց հետո ընկերությունը վերստին ֆինանսական խնդիրներ կունենա։ Բազային լաբորատորիա ստեղծելու առաջարկով պրն Մանուկյանը դիմել է կրթության ու գիտության նախարար Սերգո Երիցյանին, որը կարծես առաջիկայում համագործակցելու մտադրություն է հայտնել։

Ընկերության ստեղծած «Windows-98» ծրագրի հայերեն տարբերակը լայն կիրառություն չի գտել, քանի որ դրա պատրաստ լինելուց հետո մուտք գործեց «Windows- 2000»-ը։ Առ այսօր հայերեն ծրագիրը ձեռք բերելու ցանկություն են հայտնել ընդամենը 2 դպրոցՙ համակարգչային դասընթացների համար։ Հավանաբար մոտ ժամանակներս կթարգմանվի նաեւ «Windows-2000»-ը։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4