«Ազգը» նախորդ համարում, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի Մ. Նահանգներում շարունակվող այցին, տեղեկացրել էր, որ դրա ծրագիրը չափազանց հագեցած է։ Չնայած ծրագրի հագեցածությանը, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեր թերթին տված հարցազրույցում նախ կարեւորել էր հայ-թուրքական հարաբերություններում ԱՄՆ-ի դերը, ապա եւ չէր բացառել, որ Էրդողանի հանդիպումներում կքննարկվեն այդ հարաբերություններին առնչվող խնդիրներ։
Հայ-թուրքական հարաբերություններին է առնչվում նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Ահա Նյու Յորքում «Թուրքական տանը» մինչ ԱՄՆ-ի ղեկավարների հետ հանդիպումը, վարչապետ Էրդողանը շոշափել է Հայոց ցեղասպանության հարցը։ «Անատոլու» գործակալության տվյալներով Էրդողանը ելույթ է ունեցել Նյու Յորքի թուրքերի առջեւ եւ պատասխանել է ներկաների հարցերին։
«ԱՄՆ-ում սովորող թուրք ուսանողները հաճախ են բախվում Հայոց ցեղասպանությանն առնչվող խնդիրներին, ի՞նչ կարծիքի եք» հարցին Էրդողանը պատասխանել է. «Մենք այդ հարցում պաշտպանողական քաղաքականություն վարելու մասին չենք մտածում։ Ոչ էլ մտադիր ենք նախահարձակ լինել։ Ես չեմ ուզում անընդհատ նման կարգի հարցերին պատասխանել։ Պատմությանը հայտնի են նաեւ հայերի արածները։ Եթե հզոր լինենք, այդպիսի պնդումներն ինքնըստինքյան կվերանան»։
Էրդողանի վերոհիշյալ ելույթին հունվարի 27-ի առավոտյան անդրադարձավ նաեւ թուրքական հանրային հեռուստատեսությունը, որի էկրանից նա մասնավորապես ասաց, որ պատմության մեջ բազմաթիվ տխուր դեպքեր են եղել, թուրքերը հայերին են կոտորել, հայերն էլՙ թուրքերին, պատմական իրողությունները պետք է պատմության մեջ մնան, այլապես կանդրադառնանք անցյալի դերին եւ չենք կարող ապագայով առաջնորդվել։ Վերջում Էրդողանն ավելացրեց. «Ցեղասպանության վերաբերյալ բոլոր նյութերը դպրոցական դասագրքերից հանելու ենք»։
Նկատի ունենալով ակնարկվող նյութերի բովանդակությունը, որոնց հիմքում դրվում են թուրքերի նկատմամբ հայերի իրագործած այսպես կոչված եղեռնը, դրանք դպրոցական դասագրքերից հանելու Էրդողանի պատրաստակամությունը կարելի է միանգամայն դրական տեղաշարժ համարել։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա նախագահ Բուշն Էրդողանին այսօր է ընդունելու, որին հետեւելու են ամերիկյան եւ թուրքական պատվիրակությունների բանակցությունները։ Սպիտակ տանը կայանալիք ընդունելությունը ենթադրվում է, որ կտեւի 20 րոպե։ Այսպիսի կարճ ժամանակահատվածում ԱՄՆ-ի նախագահը հազիվ թե ժամանակ հատկացնի հայ-թուրքական հարաբերություններին։ Սակայն դա չի ենթադրում, որ պատվիրակությունների հանդիպմանը կողմերը ժամանակ չհատկացնեն։
Համենայն դեպս, «Ֆայնենշլ թայմսը» Դեյվիդ Ֆիլիպս ստորագրությամբ, լուսաբանելով Էրդողանի Մ. Նահանգներում շարունակվող այցը, նախագահը Բուշի հետ նրա հանդիպման մասին որոշակի կանխատեսումներ է անում։ Ֆիլիպսի կարծիքով, նախագահ Բուշը վարչապետ Էրդողանին կփորձի հասկացնել, որ «Թուրքիայի շահերը պահանջում են հեռու մնալ Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավար Ռաուֆ Դենքթաշից», միաժամանակ Իրաքի տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ «PKK-ի զինաթափման հարցերում կընդառաջի Թուրքիայի պահանջները»։
Հարցը, սակայն, ըստ Ֆիլիպսի, թուրքական պահանջների ընդառաջումը չէ, այլ փոխարենն Անդրկովկասի կայունությանը նպաստելու եւ, Հայաստանի առջեւ բացելով իր սահմանները, սահմանային առեւտրի զարգացմանը նպաստելու առումներով Թուրքիային պահանջ ներկայացնելու պատրաստակամությունը։ Օգտվելով առիթից նշենք, որ Դեյվիդ Ֆիլիպսը ոչ թե շարքային հեղինակ է, այլ ԱՄՆ պետքարտուղարության խորհրդական։ Ուրեմն, նրա կանխատեսումները չեն կարող անհիմն լինել։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ