Լույս երեքշաբթի գիշերը վրաց-աբխազական հակամարտության գոտում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով 6 մարդ է զոհվել, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։ Զուգդիդիի ոստիկանապետ Կախա Ռապավան լրագրողներին հայտնել է, որ զոհերից չորսը վրացի ոստիկաններ են, երկուսըՙ աբխազներ։
Ռապավայի խոսքերով, գիշերը (Երեւանի ժամանակով ժամը 3-ին) Աբխազիային սահմանակից Լիա գյուղում հարձակում է ձեռնարկվել Վրաստանի պարեկային ոստիկանության պահակակետի վրա։ Հարձակվողներն օղակի մեջ են առել պահակակետերը, ծավալվել է փոխհրաձգություն։
Չորս սպանվածներից բացի, վրացական կողմում կան վիրավորներ։ Հարձակվողների մեջ կա 2 զոհ եւ մի քանի վիրավոր։ Ռապավան ասել է, որ վրացի ոստիկանները կարողացել են շրջափակման օղակը ճեղքել ռուսաստանցի խաղաղարարների միջամտության շնորհիվ։ Սա վրաց-աբխազական սահմանում տեղի ունեցած առաջին զինված բախումն է նախագահ Միխայիլ Սաակաշվիլու պաշտոնակալության արարողությունից հետո։