«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2004-01-24 | #11, 2004-01-27 | #12, 2004-01-28


ՔԱՐԱՀՈՒՆՋ. ԱՇԽԱՐՀԻ 8-ՐԴ ՀՐԱՇԱԼԻՔԸ

Ավելի քան 7,5 հազար տարի առաջ ներկայիս Հայաստանի տարածքում կառուցված, աշխարհում նմանակը չունեցող Քարահունջի աստղադիտարանը հիրավի կարող է համարվել աշխարհի 8-րդ հրաշալիքը։ Չէ որ նույնիսկ ամենահինը համարվող շումերական եւ եգիպտական քաղաքակրթությունները ծագել են «ընդամենը» 5-5,5 հազար տարի առաջ։ Այսինքն, մերՙ հայերիս նախնիներն առնվազն 2000 տարի նրանցից առաջ ունեցել են քաղաքակրթություն, որի մակարդակն աստեղային հետազոտությունների էր ուղղված։

Առաջին հայացքից սենսացիա թվացող այս փաստի հայտնագործողն ու հեղինակն է հանրահայտ գիտնական, ակադեմիկոս Պարիս Հերունին, որի անունն անգամ թույլ չի տալիս որեւէ անճշտություն ենթադրել բերվող փաստարկների շարքում։ Ասենք ավելինՙ համաշխարհային անուն եւ հեղինակություն ունեցող բոլոր խոշոր աստղագետներն ու պատմաբանները գլուխ են խոնարհում ակադեմիկոս Հերունու փաստած ապացույցների առջեւՙ առանց առարկությունների ընդունելով թե Քարահունջի աստղադիտարանի սենսացիոն տարիքը (7,5 հազար տարի) եւ թե այն փաստը, որ ամբողջ աշխարհում նմանը գոյություն չունի ու ամենահին պատմությունն ունեցող համանման պատմական հուշարձանները շատ ավելի «երիտասարդ» են Քարահունջից։ Առնվազն 2 հազար տարով...

Քարահունջ բառը կազմված է քար եւ հունչ (հնչել) բաղադրիչներից, այսինքնՙ նշանակում է «հնչող, արձագանքող, խոսող» քարեր։

Քարահունջում համարակալել են 223 քար, դրանցից 84-ն ունեն անցքեր, որոնք ուղղված են հորիզոնի տարբեր կետերի, իսկ մի մասըՙ դեպի երկինք։ Դեռ առաջին գիտարշավի ժամանակ (1994 թ.) հայտնաբերվել են զարմանալի աստղագիտական գործիքներ, անցքեր ունեցող առանձին քարեր կամ երկու-երեք քարից կազմված խմբեր, որոնք յուրահատուկ տելեսկոպներ ենՙ աստղադիտակներ, որոնցով դիտելի են Արեւը, Լուսինը, աստղերըՙ կրկնելով այն ուղին, որ հազարամյակներ առաջ անցել են մեր նախնիները։ Նրանք մեծ ճշտությամբ կարողացել են որոշել լուսատուների դիրքերը եւ շարժումները։

Քարահունջի հզոր աստղադիտարանի առկայությունը վկայում է, որ այդ շրջանում արդեն գոյություն ունեցել են ոչ միայն հայկական գրեր, թվեր, ճշգրիտ գիտություններ, այլեւ կայուն պետականություն եւ կարգ ու կանոն։ Այլ կերպ լինել չէր կարող. աստղագիտությամբ զբաղվելու համար այդ հետազոտությունները, չափումներն ամրագրելու համար պետք է գիր լիներ, թիվ լիներ, կազմակերպված պետություն, որ այդ նվաճումները պաշտպանված լինեին։ Մեր նախնիները կարողացել են ոչ միայն շատ մեծ ճշգրտությամբ չափումներ կատարել, այլեւ կարեւոր հետազոտություններ անել։

Եվ այսպես, փաստում ենքՙ Քարահունջի աստղադիտարանը մի բացառիկ, աշխարհում նմանակը չունեցող պատմական եւ գիտական երեւույթ է։ Սա անվիճելի է։

Եվ երեւի թե միայն Հայաստանում է հնարավոր այդքան սառնասրտորեն վերաբերվել այն փաստին, որ մեր տարածքում նման պատմական եւ գիտական գերարժեք ունեցող հուշարձան գոյություն ունի։ Ասում ենքՙ սառնասրտորեն, որովհետեւ մի պահ հանկարծ կարելի է պատկերացնել, թե ինչպես կվարվեին, ասենք, Ամերիկայում կամ Եվրոպայում նման հուշարձան հայտնաբերելու դեպքում։ Կասկածից վեր է, թե ինչ բարձր մակարդակի զբոսաշրջության կենտրոն կդարձնեին։ Կարող եք դուք էլ փորձել պատկերացնել...

Թե ինչպես 7500 թվանիշը դառնում է զանազան հուշանվերների շահագործման ամենաընդունված խորհրդանիշը...

Թե ինչպես են թերթերում եւ հեռուստատեսությամբ լուսաբանվում այս կամ այն խոշոր միջազգային գիտարշավների աշխատությունները Քարահունջ այցելության հետքերով...

Թե ինչպես են բոլոր տուրիստական ավանդական երթուղիները տանում դեպի Քարահունջ...

Դե ի՜նչ կա երեւակայելու։ Հանրահայտ Սթոունհենջ տարեկան այցելում են ավելի քան 2 մլն զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից։ Իսկ այդ անգլիական հուշարձան-աստղադիտարանը Քարահունջից առնվազն 2,5-3 հազար տարով «երիտասարդ» է։

Հետաքրքրական է նաեւ այն փաստը, որ նման գիտական ներուժ ունեցող ազգն այսօր թերեւս չի դասվում աշխարհի զարգացած երկրների շարքին։ Երեւի թե դա հայերիս գենետիկորեն է եկելՙ չկարողանալ մեզ ժառանգված արժեքներն օգտագործել սեփական երկրի, ժողովրդի բարգավաճման եւ զարգացման համար։

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4