Հաճախ լսում ենք «զակոննի գող» արտահայտությունը, նրանց մասին խոսակցություններ ու լեգենդներ։ Նրանք շատ սովորական մահկանացուներ են, ինչպես մենք։ Սակայն օրենքով գողերն ունեն իրենց հատուկ կանոնները, որոնցով էլ առաջնորդվում են։
Վերջերս, ինչպես գրել էինք երեկ, Երեւանում էին հավաքվել օրենքով գողերը, որոնց հուզում էին մեր երկրի իրավիճակը, ընթացիկ խնդիրները եւ այլն։ Այդ հավաքին մասնակցել է նաեւ հարգված օրենքով գող Հասանը մեր տարածաշրջանից։
Օրեր առաջ ինձ հնարավորություն ընձեռվեց հանդիպելու գողական աշխարհի ներկայացուցիչներից մեկի հետ, զրուցեցի ու ստացա մի շարք հարցերի պատասխաններ, որոնք էլ ներկայացնում եմ մեր թերթի ընթերցողներին։ Ըստ մեր պայմանավորվածության, զրուցակցիս անունը չեմ նշում։
- Ի՞նչ ասել է օրենքով գող, այդ ավանդույթը կա՞, շարունակվո՞ւմ է։
- Կա եւ շարունակվում է։ Թագադրված գողերին գողական աշխարհում ասում են «Քերոբ» (պատվաբեր անվանում), իսկ փողով գող ճանաչվածներին (50-100 հազար ԱՄՆ դոլար) հեգնանքով անվանում են «Ապելսին»։
- Ի՞նչ տարբերություն կա հին ու նոր օրենքով գողերի միջեւ։
- Մինչեւ 50-60-ական թթ. օրենքով գողերը նախ պիոներ, կոմերիտական, կոմունիստ չպիտի լինեին։ Ամուսնացած չպիտի լինեին, սեփականություն չպիտի ունենային, բանակում չպիտի ծառայեին, որ կարողանային ճանաչվել գող...
- Ի՞նչ ասել է ճանաչվել գող։
- 4-5 անձ, իհարկե, արդեն թագադրված գողեր, հավաքվում են, ներկայացնում նոր անձինՙ թեկնածուին։ Եթե նա բոլորի «դաբրոն» ստանում է, ճանաչվում է գող։ Շատ ժամանակ, համարյա բոլոր դեպքերում այդ ճանաչումը տեղի է ունենում գաղութում։
- Հանցագործության տեսակը կարեւո՞ր է գող ճանաչվելու համար։
- Եթե անձն ապրում է գողական աշխարհի օրենքներով, ապա հանցագործության տեսակը կապ չունի։ Օրինակՙ կա գրպանահատ, որին «Կոնդի Ջբո» են ասումՙ Աշոտը, որն արդեն 75 տարեկան է ու ճանաչված է որպես գող։
- Ո՞րն է գողական օրենքների ամենակարեւոր կետը։
- Ամենակարեւորը, որ իրավապահների, ոստիկանների հետ ոչ մի կապ ու առնչություն չունենա, ոչ մի տող չգրի ու չստորագրի... Գողն իրավունք չունի անգամ համաներման դիմում գրելու ու դիմելու։ Իրեն հատկացրած «սռոկը» պիտի լրիվ նստի։
- Ինչպիսի՞ն է գողերի միջավայրը, ո՞ւմ հետ են շփվում, ումի՞ց վտանգ կա եւ այլն...
- Ինչպես ամեն մի բնական միջավայր, այնպես էլ մարդկայինը, չի կարող գոյատեւել իր ուրույն բաղադրիչներովՙ լավ ու վատ։ Հիշենք այն ժամանակները, երբ Վանո Սիրադեղյանը ՆԳ նախարար դարձավ. ներքին կարգով Երեւան քաղաքի բոլոր գողերի ու աչքի ընկնող «աֆտարիտետների» վրա «գործ սարքեց» ու ձերբակալեց։ Այդ ընթացքում ով հասցրեց, Հայաստանից փախավ։ Ու չանցած 1-2 ամիս, այդ երեւույթն իր բացասական ազդեցությունն ունեցավ, հանցագործությունների որոշ տեսակներՙ խուլիգանություններ, կռիվներ, մարդասպանություններ (ոչ քաղաքական) գլուխ բարձրացրին, շատացան ու շարունակվում են մինչ օրս։
- Ըստ ձեզ, այս բոլորի ելքը եւ լուծման ուղիները որո՞նք են։
- Ժամանակ է պետք։ Արհեստական ներմուծումը նույնքան վտանգավոր է, ինչքան արհեստական արտաքսումը։ Ինչպես քաղաքական ու իշխանական դաշտն է լճանում, այնպես էլ այսօր գողական աշխարհն է Հայաստանում այդ վիճակում հայտնվել։ «Քցողների» հովանավորների 99 տոկոսը կամ պատգամավոր է, կամ ուժային կառույցների պաշտոնյաներՙ զինված ուժերի գեներալներ եւ այլք...
- Հայաստանում բիզնեսային անցուդարձին մասնակցություն ունե՞ք։
- Հայաստանում բիզնեսն այնքան քաղաքականացված է, որ գողական աշխարհը հարցերի կարգավորմանը շատ քիչ է կարողանում միջամտել։ Օրինակ, գիտեք, որ բոլոր ընտրությունների նախաշեմին գողական աշխարհի շատ ներկայացուցիչներ ժամանում են Հայաստան, աջակցում են ընտրություններին, այսպես կոչված «ում կարողանում են կապել» թեկնածուի օգտին։ Նույնը կատարվում է նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ։ Ուզո՞ւմ եք օրինակ բերեմ. ավազակային հարձակման, ռեկետի համար դատապարտվածը դեռ լրիվ «սռոկը» (պատժաժամկետը) չավարտած, բաց է թողնվում, որ ձայներ հավաքի։ Իսկ հետո այդ անձին, որպես շնորհակալություն, նշանակում են սպորտկոմիտեում բարձր պաշտոնի... Եվ այսպես շարունակ։
- Այլ երկրների գողերի հետ կապերը շարունակվո՞ւմ են։
- Անկախ ներկա իրավիճակից, գողերն իրենց մտերմական կապերը շարունակում են որ երկրում էլ լինեն, նրանք ազգություն չունեն։ Բոլորիս քաջ հայտնի Յապոնչիկն ունի Հայաստանի քաղաքացիություն (այժմ ԱՄՆ-ի բանտում նստած է), վերջին 7-8 տարիների ընթացքում նրան ամառանոց են նվիրել Աշտարակում... Օրենքով գողերն ընդունելի են բոլոր երկրներում հավասարապես։ Օրինակՙ Սվո Ռաֆի թաղման արարողությանը մասնակցում էին ողջ աշխարհից (մոտ 400 հոգի) օրենքով գողեր։ Անգամ Բաքվից 4 հոգի կար, այն էլ այդ լարված օրերին։
- Այժմ միջազգային չափանիշի գողեր ունե՞նք։
- Միջազգային չափանիշներին համարժեք, ինչպիսին Սվո Ռաֆն էր, նրանից հետո չկա փոխարինող։
- Ինչպե՞ս է հաջողվում, որ գողերն ավելի լավ կարգ ու կանոն են կարողանում հաստատել, քան պետական իշխանավորները։
- Որովհետեւ գողերն իրենց ապրած կյանքի ու փորձի շնորհիվ հեշտությամբ կարողանում են կողմնորոշվել, թե ինչպես եւ ում միջոցով հարցերը լուծեն, իսկ ներկայիս այսպես կոչված նորելուկ քաղաքական գործիչները, իշխանավորները, հարմար ժամանակին հայտնվել են հարմար ու տաքուկ տեղումՙ քաջ Նազարի պես։ Այժմյան իշխանավոր փողատերերի 80 տոկոսը վերջում հայտնվելու է այն կարգավիճակում, ինչից որ սկսել է։
- Այս ամենի վերջը ե՞րբ է, ըստ ձեզ։
- Երբ երկրում քաղաքական դաշտը կձեւավորվի արդար ընտրություններով։ Այսինքնՙ կդառնա արդար երկիր։ Հենց այդ ժամանակ էլ անարդար ճանապարհով հարստացածների հարցերը կլուծվեն։ Մեր երկրի համար թեթեւ իշխանափոխությունն ավելի վտանգավոր է, քան արմատականը, ասել կուզեմՙ հեղաշրջումը։ Եվ այս վիճակից դուրս գալու ելքը միայն արմատական իշխանափոխությունն է։
ԼՂՀ-ի հարցի լուծման շուրջ ահա թե ինչ պարզաբանում տվեց զրուցակիցս։
- Պարզապես ժողովրդին լարված պահելու ձեւ է, ժամանակ շահելու, թե չէՙ վաղուց համաձայնության կգային։ Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նրան բերեցին, որ հենց ինքըՙ ղարաբաղցին արդարացի լուծի Ղարաբաղի հարցը... Այդպես է ասել նաեւ Վազգեն Սարգսյանը։ Մեր անկախության ճանապարհն ամբողջությամբ շախմատային խաղ է։ Խաղատախտակին հայտնված մեկ այս, մեկ այն թագավորների համար իրավունքների ու իշխանության կռիվ է, ուրիշ ոչինչ։ Երբ հետ ենք նայումՙ Լեւոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Սարգսյանին բերեց, որպեսզի ճնշի Վանո Սիրադեղյանի ինքնիշխանությունը (որն այդ ժամանակ դարձել էր անկառավարելի)։ Սկզբում Վազգենը Վանոյին կարողացավ զսպել։ Հետագայում նրանք մտերմացան ու դարձան մի թիմՙ մենակ թողնելով Լեւոնին։ Վերջինս էլ իրեն որպես օգնող ուժ բերեց Ռոբերտին Ղարաբաղից։ Ռոբը ոմանց համարեց «ուժային կամակոր նախարարներ» ու իր ձեռքը սկսեց վերցնել իշխանությունըՙ իրավիճակի տերը դառնալով։ Լեւոնին չհաջողվեց Ռոբերտին ճնշել, ու հենց այդ պահին էլ հասունացավ կամ-կամը։ Եվ այսպես, այսօր ունենք այն, ինչ ունենք։ Քաղաքական դաշտն այսօր դարձել է փողոցային պարզաբանում (ռազբորկա)ՙ մեկը մեկի վրա տղա է բերում.. ԼՂՀ-ի հարցը կլուծվի գերտերությունների որոշմամբ, իսկ ներքին խնդիրները հենց մենք պիտի լուծենք։
- Վրաստանի իշխանափոխությունն ինչպե՞ս եք գնահատում։
- Դրական։ Հավատում եմ, որ այդ երկրում ռադիկալ փոփոխություններ կլինեն, եւ երկիրը կծաղկի, եթե մի փոքր թասիբ ունենան։
- Այսօր էլ Հայաստանից շատերը մեկնում են, ինչո՞ւ...
- Հայը Հայաստանից, իր հող ու ջրից փախչում է միայն նրա համար, որ այս երկիրը դարձել է անարդարությունների անկանխատեսելի մի սատանայական շրջան, որից դուրս գալու միակ ելքը փախչելն է...
- Ի՞նչ տարբերություն կա Կովկասի եւ Ռուսաստանի օրենքով գողերի միջեւ։
- Կովկասցի օրենքով գողերի նկարագիրը ժարգոնով խոսելու, շարժ ու ձեւի մեջ է, ինքնազարգացմամբ չեն զբաղվում։ Իսկ ռուսական գողական աշխարհում մեծ մասամբ կիրթ պահվածք ու ճիշտ վարվելաձեւ ունեն, փողկապով, օսլայած վերնաշապիկով, մոդայիկ հագնված։ Շատ ժամանակ դժվարանում ես տարբերել, թե ով ով է։
- Ի՞նչ տարբերություն կա գողի եւ «աֆտարիտետի» (թաղային հեղինակություն) միջեւ։
- Այդ երկուսի տարբերությունը հստակ կանոնակարգված է։ Այն թաղամասում, որտեղ «աֆտարիտետը» հարգված է, մյուս թաղում նա ընդունված չէ։ Մեկը մեկին ընդունում են (գողը եւ «աֆտարիտետը»), բայց օտար տեղում «աֆտարիտետը» հեղինակություն չունի, իսկ օրենքով գողը, եթե իմացան, մազին չեն կպչում։
- Կարո՞ղ եք նշել Երեւանում մի քանի օրենքով գողերի։
- Բորիսը, Մամիկը, Ռաֆոն, Իչոն, Արթուրիկը, Վզգոն, Հարութիկը, Անդրիկը, Սպիտակի Դավոն կամ Աղունիկ Ժնջիլ Դավոն...
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ