«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2004-01-27 | #12, 2004-01-28 | #13, 2004-01-29


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ԲԱՐԻ ԿԱՄՔ» ԴՐՍԵՎՈՐԵԼ

Նա նույնն առաջարկում է հայերին եւ պահանջում հրաժարվել Ցեղասպանության անհիմն պնդումներից

Հունվարի 25-ին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ուղեւորվում էր Մ. Նահանգներ, Թբիլիսիում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին։ Նա հայտարարեց, որ անկախ Հայաստանի տնտեսական շրջափակումը վերացնելու եւ նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունից, Երեւանն իր արտաքին քաղաքականությամբ օրակարգից չի հանի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։

ՀՀ արտգործնախարարի այս հայտարարությունը միանգամայն տեղին էր եւ ժամանակին, նաեւ չափազանց ուշագրավ այն առումով, որ արվել էր Վրաստանի նորընտիր նախագահ Միխայիլ Սաակաշվիլու երդման արարողությանը մասնակցելու նպատակով Թբիլիսի ժամանած ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի հետ հանդիպումից անմիջապես հետո։

Ակամա հարց է ծագումՙ ինչո՞ւ էր տեղին եւ ժամանակին։ Այդ հարցին Նյու Յորքի «Թուրքական տանը» ունեցած ելույթում պատասխանեց Թուրքիայի վարչապետը։ «Ազգը» նախորդ համարում հենվելով «Անատոլու» գործակալության եւ թուրքական հանրային հեռուստատեսության տեղեկությունների վրա, մասնակի անդրադարձավ Էրդողանի ելույթին։ Հունվարի 28-ին ելույթից հատվածներ հրապարակեց նաեւ «Հյուրրիեթ» թերթը։

Ելույթի մասին «Անատոլու» գործակալության հաղորդագրությունն ու թուրքական հանրային հեռուստատեսության հաղորդումը «Հյուրրիեթի» հրապարակման հետ համադրելու դեպքում ստացվում է հետեւյալ պատկերն, ըստ որի Էրդողանը Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը հանգեցնում է հայերի եւ թուրքերի երկուստեք կոտորածներին, պատմական իրադարձությունները պատմության մեջ թողնելու կարծիք է հայտնում, դա պատճառաբանում է անցյալի գերին դառնալու փոխարեն ապագայով առաջնորդվելու անհրաժեշտությամբ, ապա եւ խոստանում է Թուրքիայում դպրոցական դասագրքերից հանել Ցեղասպանության վերաբերյալ բոլոր նյութերը։

Հարցը, սակայն, Էրդողանի խոստումը չէ, այլ Ցեղասպանության վերաբերյալ նյութերը դասագրքերից հանելու պատրաստակամությունը հայերի նկատմամբ Թուրքիայի բարի կամքին վերագրելը։ Էրդողանը դա, ինչպես «Հյուրրիեթն» է գրում, համարում է բարի կամքի դրսեւորում եւ պահանջում է, որ բարի կամք դրսեւորեն նաեւ հայերը, փոխարենը հրաժարվելով «այսպես կոչված Ցեղասպանության անհիմն պնդումներից»։

Ըստ «Հյուրրիեթի», Էրդողանը ելույթում ակնարկել է նաեւ Թուրքիայի հայկական սահմանի բացման մասին, պայմանով, որ թուրքերի մեկնած այսպես կոչված բարեկամական ձեռքն օդում չմնա։ Ապա նա, դիմելով հայերին, ավելացրել է. «Որքան մենք ենք ձեզ մերձենում, այնքան էլ դուք մերձեցեք, որովհետեւ աշխարհում պարզունակ լոբբիստական գործունեությամբ որեւէ տեղ հասնելն այլեւս անհնար է։ Թուրքիան բարեկամական ձեռք է մեկնել, չենք ուզում, որ այդ ձեռքն օդում մնա։ Համենայն դեպս, մենք մերձենում ենք, թող իրենք էլ հեռանան»։

Նախ ասենք, որ դասագրքերից Ցեղասպանության նյութերի հանումը չի կարող որեւէ առնչություն ունենալ բարի կամքի դրսեւորման հետ, որովհետեւ դրանց հիմքում դրված է թուրքերի նկատմամբ իբր հայերի իրագործած ցեղասպանությունը։ Քանի որ Թուրքիան դպրոցական դասագրքերում Ցեղասպանության վերաբերյալ նյութերի ընդգրկումը զուգորդել է «Հայերի չարագործությունների» թեմայով շարադրությունների մրցույթով, որին մասնակցությունը կրթության նախարարության շրջաբերականով պարտադրվել էր երկրում գործող բոլոր դպրոցներին, այդ թվումՙ հայկական վարժարաններին, ուստի դրանով թուրքական իշխանությունները դպրոցականների շրջանում ոչ միայն հայատյացություն են սերմանել, այլեւ փորձել են թուրքահայ աշակերտներին թշնամացնել իրենց հայկական ազգային ինքնության հետ։

Եթե դպրոցականների շրջանում հայատյացության սերմանումը, թուրքահայ աշակերտներին իրենց ազգային ինքնությանը թշնամացնելը բարի կամքի դրսեւորում է, ուրեմն Թուրքիան Հայոց ցեղասպանության պատմական իրողությունն աղավաղելիս բարի կամքի իմաստն էլ հետն է աղավաղում։ Ինչ վերաբերում է բարեկամական ձեռքին, որի արտահայտությունը Թուրքիայի հայկական սահմանի բացման Էրդողանի պատրաստակամությունն է, ապա պետք է վերհիշել դեռեւս 1991 թ.-ին Հայաստանին առաջադրված միջազգային պրակտիկային անհարիր թուրքական նախապայմանների եւ 1993 թ.-ից նրա նկատմամբ կիրառվող շրջափակման մասին։

Դիվանագիտական հարաբերությունների համար այն էլ հարեւան երկրին նախապայմաններ առաջադրելը թշնամանքի ակնհայտ դրսեւորում է, իսկ շրջափակումը դրա միջոցով այդ երկիրը քայքայելու պետական ծրագրի առկայության վկայություն։ Էրդողանի կառավարությունը, սակայն, ի տարբերություն նախորդներիՙ Հայաստանին նախապայմաններ է առաջադրում ոչ թե դիվանագիտական հարաբերությունների հաստատման, այլ Թուրքիայի հայկական սահմանի բացման համար։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ նրա մեկնած բարեկամական ձեռքը Հայաստանի համար ավելի վտանգավոր է, քան նախորդների ռազմական սպառնալիքներով հագեցած թշնամական քաղաքականությունը։ Ավելին, վարչապետ Էրդողանը Հայաստանի նկատմամբ դրսեւորած բարի կամքն աղավաղելիս կամ թշնամական ձեռքն իբրեւ բարեկամական ներկայացնելիս պահանջում է, որ Հայաստանը համարժեք քայլերով արձագանքի։

Սա նշանակում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում ոչ միայն երկրի օրակարգից չպետք է հանի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, այլեւ համարժեք քայլերով չեզոքացնի «բարի կամքի» թուրքական դրսեւորումներն ու կտրականապես մերժի Թուրքիայի մեկնած «բարեկամական» ձեռքը։ Թերեւս դրա լավագույն միջոցը Թուրքիայի նկատմամբ նույնքան ագրեսիվ քաղաքականություն որդեգրելն է, որքան Հայաստանի նկատմամբ Թուրքիան է որդեգրել։ Տարածաշրջանում ընթացող քաղաքական զարգացումները Հայաստանին այդպիսի հնարավորություն տալիս են։ Չի բացառվում, որ Էրդողանի ԱՄՆ կատարած այցը Թուրքիայի համար հիասթափությամբ ավարտվի, իսկ դա մեծապես կընդլայնի Հայաստանի հնարավորությունը։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4