Սամցխե-Ջավախք երկրամասի հայկական ոչ կառավարական կազմակերպությունների խորհուրդը դատապարտել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթյանին, որը վերջերս վրացական մամուլում հայտարարել էր, թե Ջավախքի հայության մեծ մասը չի խոսում եւ չի պահանջում ինքնավարություն։ «Պետք է նկատել, որ Թբիլիսիում նստած պրն Բայբուրթյանը լիովին տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Սամցխե-Ջավախքում եւ ինչ են ուզում մարդիկ։ Բայբուրթյանի անտեղյակությունը ապացուցում է, որ Սամցխե-Ջավախքը դուրս է մնացել Վրաստանի պետական ղեկավարման գործընթացից։ «Ջորջիան թայմս» եւ այլ թերթեր կարող են գալ շրջան եւ ուղղակիորեն մարդկանցից պարզել, թե ինչպիսին է նրանց կարծիքը», ասվում է Բայբուրթյանին դատապարտող հայտարարությունում։
Դեկտեմբերի 30-ին, ապա հունվարի 16-ին Ջավախքի հայկական ոչ կառավարական կազմակերպությունները նամակով դիմել էին Նինո Բուրջանաձեին եւ Միխայիլ Սաակաշվիլուն, որում մասնավորապես շեշտվում էր Ջավախքին ինքնավարություն տալու անհրաժեշտությունը։
Բայբուրթյանն «Ազգի» հետ զրույցում նկատեց, որ «այդ կազմակերպությունները չեն արտահայտում ժողովրդի կարծիքը, այդ կազմակերպություններն ունեն միայն ղեկավարներ»։ «Ջավախքում ժողովրդի մեծամասնությունը չի խոսում ինքնավարության մասին, հասկանում է, թե որքան ցավոտ են ընկալվում նման խոսակցությունները Թբիլիսիում, եւ դա լավ բանի չի հանգեցնի հայ-վրացական հարաբերություններում։ Ինքնավարության փոխարեն պետք է խոսվի տեղական մարմինների լիազորություններն ընդլայնելու մասին», ասաց Բայբուրթյանը։
«Ես չեմ ուզում ասել, թե որտեղից են սնվում ինքնավարության մասին խոսող կազմակերպությունները, որոնց հետեւում ժողովուրդ չկա կանգնած», ասաց Բայբուրթյանը։
Թ. Հ.